«Համազգային» բանաձեւ. 95 անգամ մայիսի 28

«Համազգային» բանաձեւ. 95 անգամ մայիսի 28

1920-ական թվականները հայ ժողովրդի պատմության քաղաքական-հասարակական տագնապների շրջանն են: Միջին Արեւելքի երկրները դառնում են գլխավոր ապաստանները հայոց ցեղասպանությունից փրկվածների համար: Հայոց լեզուն, գիրը, գրականությունը՝ հայի հայկականությունը պահպանելու համար, Եգիպտոսում ապրող մի խումբ մտավորականների ու հասարակական գործիչների ջանքերով (որոնց թվում էին Առաջին հանրապետության պետական նշանավոր գործիչներ Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Համո Օհանջանյանը եւ այլք) 1928 թ․մայիսի 28-ին հիմնադրվում է Հայ կրթական եւ հրատարակչական համազգային ընկերությունը, որը 1947-ին դառնում է արդեն Համազգային հայ կրթական եւ մշակութային ընկերակցություն։ Հայապահպանության առաքելությամբ կազմակերության հիմնադիրը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էր։ Ի սկզբանե միության նպատակն էր՝ հայ ժողովրդի հայեցի կրթությունը, կրթական մակարդակի բարձրացումը` «հայ լեզվով եւ հայ հոգով»: Այս նպատակին հասնելու համար Համազգայինը հիմնում է դպրոցներ, վարժարաններ, պատրաստում է հայալեզու դասագրքեր, ծավալում է գրահրատարակչական գործունեություն, թարգմանում է գրքեր, համախմբում է մտավոր-գիտական ներուժը, ու դա՝ այն ժամանակ, երբ առավել, քան երբեւէ, անհրաժեշտ էր հայությանը համախմբել ազգային առանցքի շուրջ:

1928-ին, երբ աշխարհացրիվ հայության առջեւ հազար ու մի խնդիրներ էին ծառացել` մշակույթի, լեզվի պահպանությունից մինչեւ ֆիզիկական անվտանգություն, Համազգայինի հիմնադրումը ե՛ւ քաղաքական նշանակություն ուներ, ե՛ւ մշակութային խնդիր էր լուծում, ինչը, ինչպես զրույցի ընթացքում նկատում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադրամի նախագահ, գրող Սպարտակ Ղարաբաղցյանը, մինչ օրս էլ շարունակում է իրականացնել: «Միայն հիմնադիրների անունները հիշելը բավական է, որպեսզի հասկանանք այս գործի կարեւորությունը: Ընդհանրապես, անհատի դերը բոլոր ժամանակներում շատ մեծ է եղել, հիմա էլ ունենք գրագետ անհատներ, բայց անհատականություններ՝ ոչ: Իսկ, ի դեմս այդ մարդկանց, մեկտեղված էր մշակութային եւ քաղաքական գործիչը: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ Նիկոլ Աղբալյանը մեզ Չարենց է պարգեւել, նա է եղել Առաջին հանրապետության կրթության նախարարը եւ այն մարդը, որն օրենք էր հեղինակել, ըստ որի՝ ուսուցիչն ու նախարարը նույն աշխատավարձը պետք է ստանային: Դե պատկերացրեք, որ այդ մտածողության, ինտելեկտի, ազգային արյան խումբը կրող մարդը Համազգայինի հիմնադիրներից է եղել, ուրեմն վստահաբար կարող ենք ասել, որ Համազգայինն էլ առողջ արյան խումբ ունի»:  

Մայիսի 28-ը պատահական չի ընտրվել՝ որպես Համազգայինի ստեղծման օր, դրանով մեկ անգամ եւս արժեւորվում է մայիսի 28-ը` նաեւ մոռացության չմատնելու համար. «Այդ օրն ուրիշ խորհուրդ ունի։ Ինչքան էլ  հիմա դժվար օրեր ենք ապրում, բայց մայիսի 28 ունեցող ժողովուրդը սա էլ կհաղթահարի, որովհետեւ մայիսի 28-ը ոչ միայն Համազգայինի, այլեւ հայ ժողովրդի ծննդյան վկայականն է: Ով գիտակցում է դա` համազգայնական է: Դե պատկերացրեք՝ 95 անգամ մայիսի 28: Եթե կառույցը 95 տարի ապրել է, նշանակում է` կենսունակ է, անհատն էլ եթե 95 տարի ապրում է, ասում են` ուրեմն առողջ է: 95 տարին քիչ չէ մշակութային կազմակերպության համար, որն ամեն տեսակ վայրիվերումներին` աշխարհի տարբեր անկյուններում, դիմացել է: Մենք մեկ-մեկ ասում ենք` ծիրանի ծառը տար, Սիբիրում տնկիր` բերք չի տա, բայց Համազգայինն արդեն Ռուսաստանում բերք է տվել»:

Համազգայինը 95-ամյա գործունեության ընթացքում բացել է մասնաճյուղեր շուրջ 2 տասնյակ երկրներում եւ 4 տասնյակ քաղաքներում` Կանադայից մինչեւ Ավստրալիա, Սիրիայից մինչեւ Ռուսաստան. «Բոլորին թվում է, թե Համազգայինը միայն դաշնակցական կառույց է։ Այո, Դաշնակցության քույր կառույց է, բայց նրա դռները բաց են բոլորի առաջ, ես դա տեսել եմ ամեն տեղ: Համազգայինն այս տարիների ընթացքում իր գիրկն է առել նաեւ Հայաստանից գնացող մասնագետներին»:  

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանն էլ իր խոսքում նկատում է, որ այսօրվա սփյուռքի մտավորականության, հայկական դիմագիծը պահպանած հատվածի զգալի մասը հենց Համազգայինի ճեմարանավարտներն են: «Օրինակ, երբ ասում ենք` լիաբանանահայությունը կամ սիրիահայությունն ազգային դիմագիծ ունեցող համայնքներ են, դա հենց Համազգայինի ճեմարանական կրթության արդյունքն է։ Այո, կան նաեւ ուրիշ դպրոցներ, բայց Համազգայինի ճեմարանը լուրջ կրթական հիմնարկ է: Անգամ այսօր հեռավոր Ավստրալիայում գործում է Համազգայինի ճեմարան, ընդ որում` հաջողությամբ է գործում: Վերջին 5 տարում Համազգայինը մասնաճյուղեր բացեց նաեւ Մոսկվայում, ինչը շատ կարեւոր քայլ է հայահոծ քաղաքի դեպքում։ Հեշտ չէր, ավելին` մենք էլ մի քիչ մտավախություն ունեինք՝ կկայանա՞ Համազգայինն այնտեղ, թե՞ ոչ, բայց, իհարկե, շատ բան անհատներից է կախված։ Այսինքն` դու ում ես վստահում այդ գործը։ Բարեբախտաբար, գտնվեցին նվիրյալներ: 2021 թ․ աշնանը հիմնադրված կառույցն այսօր արդեն ունի շաբաթօրյա 3 դպրոց, որոնց գործունեությունը մեծ արձագանք է գտել հայության մեջ, եւ տեղի հայությունը խնդրել է` դպրոցների թիվն ավելացնել։ Ժողովրդի ցանկությամբ այս տարի 3 նոր դպրոց է ավելանալու, եւ դա ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ մերձմոսկովյան քաղաքներում, բնակավայրերում: Ու դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Հայաստանից հեռացող մարդկանցից շատերը մտահոգություն ունեն, որ իրենց երեխաներն ազգային դեմքը, պատկանելությունը չկորցնեն, դրա համար հայկական դպրոցների շուրջ են հավաքվում»:    

Սպարտակ Ղարաբաղցյանը հաջորդիվ ընդգծում է. «Այսպիսի խոսք կա՝ որ պատերազմները հաղթում են ուսուցիչներն ու հոգեւորականները, եթե դպրոցներում այդ «ոսկին» չձուլենք, մենք վաղը կանգնելու ենք շատ վատ վիճակի առջեւ, հատկապես` դրսում: Իսկ դպրոցներից բացի, Համազգայինը շատ երկրներում հնարավորություն է ունեցել իր շուրջը համախմբելու նաեւ տեղի մշակույթի հայ գործիչներին»:

«Այսինքն՝ հիմնական գրավականը համայնքների կազմակերպվածությունն է,- շարունակում է Արտաշես Շահբազյանն ու ընդգծում, որ ցանկացած նախաձեռնություն նաեւ պահանջարկից է բխում։- Հիմա եթե նորից Ռուսաստանի օրինակով խոսենք, ապա նրա հայադեմ համայնքն անկախության շրջանում է կազմակերպվել, թեեւ «կազմակերպվել» բառը մի քիչ ճիշտ չէ, որովհետեւ այս նոր արտագաղթի հետեւանքով հայությունն ուր գնացել է, սկզբնական շրջանում խուսափել է հայկական միջավայրից: Կարծես իրենց հայությունից էլ են փախչում։ Այդ իմաստով վերջին շրջանում արտագաղթած հայությունը դեռ այսօր էլ լիարժեք կազմավորված չէ եւ միացած չէ ընդհանուր համայնքին։ Երբ մարդիկ երկրից հեռանում են, առաջինը մտածում են ծածկի, աշխատանքի մասին, այդ խնդիրները լուծելուց հետո մեկ էլ հաջորդ փուլում տեսնում ես` ապրիլի 24-ին հայտնվեցին եկեղեցում, մայիսի 28-ին եկան կանգնեցին կողքդ, որ երթի մասնակցեն։ Այսինքն՝ նաեւ իրենք սկսում են միանալ համայնքին, ինչպես եւ՝ ինքնակազմակերպվել: Օրինակ՝ Ամերիկան, Լիբանանը, Սիրիան, Կանադան, Ավստրալիան այն երկրներն են, որտեղ հայկական համայնքները կազմակերպված են, այսինքն՝ այնտեղ, որտեղ հայությունը կազմակերպվում է ու փորձում է իր դիմագիծը պահպանել, այդտեղ Համազգայինը կարող է գործել: 10 տարի առաջ էլ Մոսկվայում կարող էր բացվել Համազգայինի գրասենյակը, բայց քանի՞ մարդ կցանկանար գալ, երբ այդ ժամանակ մարդկանց առաջնային հոգսն ուրիշ էր»:  

Գրասենյակ բացելն ուրիշ բան է, գործունեություն ծավալելը` այլ բան,- իր խոսքում ընդգծում է Սպարտակ Ղարաբաղցյանն ու նկատում, որ երեւանյան գրասենյակից մինչեւ մոսկովյան գրասենյակ պահելը մեծ ջանքերի հետ է կապված՝ սկսած ֆինանսական հարցերից մինչեւ մարդկային գործոն. «Համազգայինի կողքին կանգնածներից շատերը նվիրատվություն են արել եւ չեն էլ ուզել, որ իրենց անունը տրվի: Սա էլ է տեսակ»:

95 տարի առաջ եւ հիմա Համազգայինի առջեւ ծառացած խնդիրներն ինչքանո՞վ են նման ու տարբեր, ժամանակն ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնեցրել։ «Անհնար է, որ նույնը լինեն, եւ խնդիրներ չառաջանան,- ասում է Ս. Ղարաբաղցյանն ու հիշում Օշականի հարցազրույցներից մեկը։- Համազգայինի հետ կապված՝ նրան հարց էին տվել, ու ինքն ասել էր, որ գալու է ժամանակ, ու նոր խնդիրներ են ծառանալու..., որովհետեւ ժամանակը նոր խնդիրներ է բերում: Հիմա այդ նոր շրջանն է, 95-ամյակի շեմին բազմաթիվ խնդիրներ կան, աշխարհը փոխվում է, բնականաբար՝ մեր գրասենյակի խնդիրներն ու պահանջներն էլ են փոխվում: 5 տարի առաջ` 90-ամյակի շեմին, չէինք մտածի, որ 95-ամյակի ընթացքին տխուր առիթ ենք ունենալու՝ 44-օրյա պատերազմում զոհված մեր տղաների ալբոմը տպագրելու կամ անմահացած տղաների ստեղծագործությունները հավաքելու եւ տպագրելու: Այսինքն՝ մենք չգիտենք, թե վաղն ինչ է լինելու, բայց դրան պետք է պատրաստ լինենք, ու տա Աստված, որ լավ օրեր գան: Ցանկացած դեպքում Համազգայինը, ազգի զարկերակը բռնած, առաջ է գնում: Մեր խնդիրներից մեկը նաեւ լավ սերնդափոխություն ապահովելն է, որպեսզի մեզնից հետո եկողները մեզնից լավը լինեն: Իսկ մեզնից առաջ եղածներն իրոք լավն էին` Սոս Սարգսյան, Ռազմիկ Դավոյան, Ռուբեն Հովսեփյան, Սարգիս Մուրադյան։ Հիմա այդ պատասխանատվությունը պետք է մենք ու մեր հաջորդ սերունդները ստանձնենք»:

Համազգայինի համար առաջնային է եղել ու կա` դպրոցների, ճեմարանների հիմնումը, նաեւ նպատակ է սահմանվել հայագիտության մասնագետ ուսուցիչներ պատրաստելը: Հենց միայն Բեյրութի Նշան Փալանջյանի անվան ճեմարանի շրջանավարտների զգալի տոկոսն իր կյանքի գործ է ընտրել ուսուցչությունը:

Ա. Շահբազյանը շարունակում է Ս. Ղարաբաղցյանի միտքը՝ ընդգծելով, որ ուսուցչություն են արել նաեւ Լեւոն Շանթը, Մուշեղ Իշխանը, Նիկոլ Աղբալյանը, Սիմոն Վրացյանը. «Հիմնական հարցը եղել է կրթության հարցը, իսկ դպրոց պահելը լուրջ նվիրում եւ ներդրում է պահանջում: Պատկերացրեք մի ամբողջ համակարգ, որը չունի պետական ֆինանսավորում, բայց գործում է: Հետո՝ Համազգայինի հարկի ներքո, կրթականից բացի, նաեւ մի մեծ մշակութային համակարգ է գործում. Համազգայինն ունի իր պարախմբերը, թատերախմբերը, երգչախմբերը, նկարչախմբերը, երաժշտանոցները: Ու այս ողջ համակարգը որեւէ լումա չի ստանում պետությունից, այդ ամենն արվում ու պահվում է սեփական ջանքերի գնով՝ անհատների եւ բարերարների ջանքերով: Փոքր օրինակ բերեմ. երբ ասացինք` Մոսկվայում դպրոցներ են ավելանում` ինչի՞ շնորհիվ, մարդիկ երբ օգտակար գործ են տեսնում, արդյունավետ աշխատանք, երբ բացակայում է մասնավոր շահագրգռությունը, ազնիվ, անկեղծ գործ է արվում, քսակները բացում են, նվիրատվություն են անում: Այսինքն՝ այդ հսկա համակարգն աշխարհով մեկ պահվում է՝ վստահության շնորհիվ, մեծ ցանկության վրա, որ Համազգայինը շարունակի անել այն, ինչ անում է: Մի տեղ կընդհատվեր այդ ընթացքը, եթե այդ աշխատանքն իրեն մշտապես չարդարացներ»:   

Համազգայինի 95-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումներն աշխարհի տարբեր երկրներում արդեն սկսվել են: Ինչպես համազգայնականներն են նշում` օրացուցային կոնկրետ օր չկա, ողջ տարին հայտարարված է Համազգայինի 95-ամյակի տարի: Երեւանում Համազգայինի 95-ամյակը կնշվի սեպտեմբերին:
                                
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ