Ոճիր և պատիժ 

Ոճիր և պատիժ 

Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ժողովրդի անունից։ Ենթարկվենք նրա մանպուլյացիոն հնարքին ու ընդունենք , որ նա իրավունք ունի խոսել ժողովրդի անունից։  Փաստ է նաև պատմական ճշմարտությունը։ Ցանկացած ղեկավար ինչ որ մի կարճ  ժամանակահատված է  ներկայացնում ժողովրդին՝ ժամանակավոր է, և իրավունք չունի առանց իր ժողովրդի համաձայնության վճռել նրա ճակատագիրը, ավելին՝ կայացնել ժողովրդի համար դատավճիռ։  Փաստ է նաև, որ ժողովրդին ներկայացնող ղեկավարը, իշխանությունը առաջին հերթին պիտի ընդունի եկեղեցին, որը ժողովրդի հավաքատեղին է։ Եկեղեցին ժողովուրդն է։

Ուզում եմ հասկանալ ու՞ր է՝ վարչապետին ներկայացնող ժողովուրդը, որից այնպես խուճապահար նա փախչում է և որին անընդհառ անվանակոչում է։  Մեր բոլոր տոնական օրերը մեզնից խլելով ու թշնամուն հանձնելը եթե Փաշինյանը համարում է զուտ պատերազմում խայտառակ  պարտության արդյունք, ինչու՞ նա փախչում ժողովրդից, ինչու՞ է փախչում մեր Սուրբ Եկեղեցուց, որը ցրված ժողովրդի հավաքատեղին է։  Ինչու՞ վերջին տարիներին ավանդույթ է  դարձրել, որ իր այցի ժամանակ շարքային քաղաքացիների մուտքը արգելվում է այնտեղ, որտեղ ինքը մուտք է գործում։ Ինչու՞ պետական միջոցառումներին եկեղեցու սպասավորներն ու քաղաքական ղեկավարությունը առանձին են մասնակցում։ Ինչու՞ է թուլացնում եկեղեցին, երբ այն ժողովրդի հավաքական ուժն է ներկայացնում։ Ինչու՞ թշնամին խրախուսում, գովերգում է վարչապետին, երբ նա եկեղեցու նկատմամբ նման քաղաքականություն է վարում։ 

Այդքան ինչուների մեջ կարևորում եմ այս հարցը՝ ինչու՞ նա խուճապահար փախչում է ժողովրդից և կեղծ շրջիկ թատրոններ է կազմակերպում՝ «կուկուռուզ ու պիրյաշկի ուտելու» , «գյուղերում շրջելու» ու այլ ծիծաղելի անվանումներով։ Առանց վերապահման կարելի է ասել, որ նա ուզում է ցույց տալ, որ ժողովրդի հետ է, գուցե նաև երազում է, որ ժողովուրդն իրեն ընդունի։ Բայց այն, ինչ նա արել է, դրա դժոխքայնությունը ու սարսափը ինքն էլ է պատկերացնում ու իր ներքին ձայնը հոշոտում է իրեն՝ ինձ կծվատեն։ Ակամայից հիշում եմ Դոստոևսկուբ «Ոճիր և պատիժ» -ը։ Դոստոևսկին ցանկանում էր ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել Աստծո նկատմամբ հավատը կորցնելն ու բարոյականությունից հրաժարվելը։  Ուզում եմ ներկայացնել վիպակի կարճ բովանդակությունը, որի հերոսը Փաշինյանն է։ Բայց ի տարբերություն վիպակի հերոսի, նա սպանել է ոչ թե մի պառավի, այլ մի ողջ ժողովրդի գենոֆոնդը, նա ոչ թե փող է գողացել, այլ ժողովրդից գողացել է իր հայրենիքը, իր արԺեքները, սրբությունները․ 

Վիպակը պատկերում է մի ոճրագործի հոգեբանական վիճակը։ 

«Համալսարանից հեռացված մի երիտասարդ, որն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, ենթարկվելով որոշ տարօրինակ, «անավարտ» գաղափարների, որոնք պտտվում են օդում՝ որոշում է միանգամից վերջ տալ իր վատթար դրությունն ու սպանել մի պառավի, որը տոկոսով փող է տալիս... Բայց սպանությունից հետո ծավալվում է ոճրագործության ամբողջ հոգեբանական գործընթացքը։ Մարդասպանի առջև ծառանում են չլուծված հարցեր, չենթադրված և անակնկալ զգացմունքները տանջում են նրա սիրտը... Աստծո ճշմարտությունը, երկրային օրենքը հաղթանակում են, և ամեն ինչ վերջանում է նրանով, որ մարդասպանը հարկադրված էր մատնել իրեն, որպեսզի թեկուզև կործանվի տաժանակրության մեջ, բայց դարձյալ հարի մարդկանց. Մարդկությունից տարանջատվելու և մեկուսանալու զգացմունքը, որ նա ապրել էր ոճիրը կատարելուց անմիջապես հետո, մաշում է նրան... ոճրագործն ինքն է որոշում ընդունել տառապանքը, որպեսզի այդ կերպ քավի իր ոճրագործությունը»։ 

Հայ ժողովուրդն ամեն օր սպասում է երկրի, տասնակ հազարավոր մարդկանց գլխին պատուհաս բերած այս մարդու մեղայականին։ Սպասում է, որովհետև Աստծո անունից խոսող ու Աստծո դեմ գործող օբյեկտը ամենազոր Աստծո աչքի առաջ է։ Ինքը պիտի ընտրի իր պատիժը, որովհետև իր մարմնի շինությունը Աստված  այնպես է շինել, որ չի դիմանա երկրին, ժողովրդին հասցրած դժոխային տառապանքին։ Մարդկությունից տարանջատվելու և մեկուսանալու զգացմունքը, որ նա ապրել էր ոճիրը կատարելուց անմիջապես հետո, մաշում է վիպակի հերոսին, և ոճրագործը կամովին  ընդունում է պատիժը, որին արժանի է։ Կանի՞ դա Փաշինյանը, թե՞ ապավինենք Աստծո զորությանը։