Եթե ծնողներին բերման ենթարկեն, դա լինելու է ոչ իրավաչափ

Եթե ծնողներին բերման ենթարկեն, դա լինելու է ոչ իրավաչափ

Նույնիսկ ոստիկանները չեն հերքում, որ այդ օրը «Եռաբլուրում» ծնողներին բերման ենթարկելուց առաջ որևէ մեկին օրինական պահանջ չի ներկայացվել, հետևաբար այս առերեսումները իրականում ինքնանպատակ են։ Առերեսումները պիտի կատարվեն ոստիկանության ներկայացուցիչների միջև, տարբեր ծառայությունների աշխատակիցների միջև, հրամանատարական կազմի միջև, քանի որ այդ հենց նրանց ցուցմունքներում են փաստորեն առկա էական հակասություններ, այլ ոչ թե մեր՝ ծնողների։ Ուզում եմ տեղեկացնել, որ սա վերջին առերեսումն է, որին մենք պատրաստվում ենք մասնակցել։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Եռաբլուրից» բերման ենթարկված ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Այժմ առերեսում է տեղի ունենում ծնողների ու կարմիրբերետավորների հրամանատարի միջև։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող էր ճանաչվել։ Զոհված զինծառայողների ծնողները, հիշեցնենք, նախորդ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, սակայն առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառելով նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

«Եթե հակադրվեն մեր այս դիրքորոշմանը ու ծնողներին բերման ենթարկեն առերեսման համար, սա միանշանակ կլինի ոչ իրավաչափ։ Իրավաչափ չէ, քանի որ մենք պնդում ենք, որ այս պահին չունենք հակասություններ ու մենք սա պնդում ենք տասնապատիկ անգամ։ Ես պրն Խուդինյանին հարգելով ուղղակի չէի սպասում, որ ինքը այդպիսի պատճառաբանություն կներկայացնի, որովհետև հիմա ստացվում է, որ հրամանատարական կազմը լինելով այնտեղ՝ որևէ հրաման չի տվել։ Այսինքն ստացվում է, որ այնտեղ գտնվող յուրաքանչյուր ոստիկան անհատական մակարդակում ինքն է որոշել՝ ում բերման ենթարկի, ում բերման չենթարկի։ Պարզապես ստացվում է, որ անհասկանալիորեն, չգիտես ինչպես, բոլոր ոստիկանների՝ ծնողներին բերման ենթարկելը համընկել է նույն րոպեին։ Ես անգամ չեմ պատկերացնում՝ սրան ինչ մեկնաբանություն տամ»,- հավելեց նա։