Նիկոլն այսօր մարմնավորում է միայն իր անմեղսունակ կամ դավաճան (կամ երկուսը միասին) կերպարը

Նիկոլն այսօր մարմնավորում է միայն իր անմեղսունակ կամ դավաճան (կամ երկուսը միասին) կերպարը

Ֆեյսբուքում մի տեղ տեսա, որ Նիկոլը մենք ենք: Մեծ հաշվով՝ այո, սկզբնական շրջանում Նիկոլը մեր հանրության մարմնավորումն էր՝ ճիշտ այնպես, ինչպես Լևոնը, Ռոբերտը կամ Սերժը: Բայց եթե նախորդ երեքը առանձին-առանձին մարմնավորում էին միայն հանրության մի մասին, ապա նիկոլը մեկ ամբողջության մեջ մարմնավորում էր թե՛ այդ երեքին և թե՛ նրանց ընդդիմադիրներին: Հենց դա է պատճառը, որ 2018-ի ապրիլին նիկոլը կարողացավ հավաքել հսկայական բողոքավոր բազմություն: Ակտիվ կամ պասիվ՝ նիկոլի կողքին էին նրանք, ովքեր մերժել էին նախորդ երեքին, և նրանք, ովքեր կողմ էին լևոնին, սակայն մերժում էին Ռոբերտին կամ Սերժին, կամ նրանք, ովքեր կողմ էին Ռոբերտին, սակայն մերժում էին Սերժին կամ Լևոնին:

Տվյալ սխեմայում միակ բացառությունն այն էր, որ չնայած Նիկոլը նաև Սերժի մարմնավորումն էր, սակայն Սերժի կողմնակիցները կողմ չէին նիկոլին: Եվ դա նորմալ էր, քանի որ Սերժը իշխանություն էր, և նրա կողմնակիցներն էլ՝ իշխանավորներ, և չէին կարող կողմ լինեն ընդդիմադիր նիկոլին: 
Սակայն երկու և կես տարում Նիկոլը վատնեց վստահության տեսքով իրեն տրված այդ հսկայական ռեսուրսը, և դադարեց մարմնավորել վերը նշված անձանց կողմնակիցներին կամ ընդդիմադիրներին: «Փրկչի» կեղծ տեսլականն ու ամեն ինչ զրոյական կետից սկսելու նրա աննախադեպ վարքագիծը նրանից հեռացրեց բոլոր գիտակից ու մտածող մարդկանց՝ երեքից յուրաքանչյուրի  կողմնակիցներին և ընդդիմադիրներին, որպես աջակից նրան թողնելով գորշ կենսազանգվածին, որի ինքնարտահայտվելու ձևը ֆեյսբուքում նրան անվերապահորեն գովաբանելն է կամ «օտարներին» հայհոյելը:

Եվ այդ առումով Նիկոլը ճշմարիտ է, երբ երբ ասում է, որ իր հենարանը ժողովուրդն է, իսկ իր ընդդիմադիրներն ընդամենը էլիտա են: Ընդհանրապես, դա վատ չէ, երբ գալիս է ընտրությունների պահը, քանի որ էլիտան փոքրաթիվ է, իսկ գորշ կենսազանգվածը մեծաթիվ: Երկիր կառավարելու առումով դա ոչ միայն ոչինչ չի տալիս, այլև նույնիսկ խիստ վնասակար է, սակայն նիկոլի համար չկա կառավարման պահ՝ նրա ողջ գործունեությունը միտված էր ֆեյսբուքում լայք հավաքելուն, ինչը հենց նախընտրական քարոզչության գործոն է: Նույնիսկ հաջողության շանսեր չունեցող (ըստ ԶՈՒ ԳՇ պետի բացահայտված տեղեկանքի) պատերազմի շարունակելն արդարացնելու համար ինքը խոսում էր ոչ թե հնարավորություններից, այլ «դավաճան» չորակվելու վախի մասին: 

Այսպիսով, սկզբնական շրջանում համարյա բոլորին մարմնավորող Նիկոլն այսօր մարմնավորում է միայն իր անմեղսունակ կամ դավաճան (կամ երկուսը միասին) կերպարը: Ինքը, սակայն, շարունակում է մնալ ջրի երեսին, քանի որ նրանից առաջ և նրա կողմից մանիպուլյացված գորշ կենսազանգվածին սոցիալական հարցերն ավելի սրտամոտ են, քան հայրենիքի խնդիրը՝ քանի դեռ թուրքը չի հասել իր տան դռանը: Պատմականորեն գորշ կենսազանգվածը ձևավորվել է կյանքի ծանր պայմանների ազդեցության ներքո, և այն ինքն իրեն վերանալ չի կարող, սակայն նրան վերափոխելու համար անհրաժեշտ է իշխանություն, իսկ իշխանությունն այսօր Նիկոլի ձեռքում է, որը հենվում է հենց այդ բազմության վրա: Այսպիսի անարդարացի և անլուծելի խնդրի է բախվել այսօր հայաստանյան գիտակից հանրությունը:  

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ