«Անապատային փոթորիկ». պատմության այս օրը

«Անապատային փոթորիկ». պատմության այս օրը

1991 թվականի հունվարի 17-ին սկսվեց «Անապատային փոթորիկ» ռազմական գործողությունը։ Գործողությունը կազմում էր 1990-1991 թվականների Պարսից ծոցի պատերազմի մի հատվածը՝ որպես Քուվեյթի ազատագրման և իրաքյան բանակի պարտության գործողություն բազմազգ ուժերի կոալիցիայի կողմից: 

1990-ի օգոստոսի 2-ին Իրաքի այն ժամանակվա նախագահ (1979-2003) Սադդամ Հուսեյնի հրամանով իրաքյան ուժերը ներխուժեցին Քուվեյթ: Իրաքը ներխուժեց Քուվեյթ՝ հավակնելով էմիրության (ներկայիս պետության նախկին տարածքը եղել է նախկին Օսմանյան կայսրության հատված) կառավարման իրավունքին, ինչպես նաև մեղադրելով իր հարավային հարևանին ԱՄՆ-ի կողմից տրամադրված հորատանցքով նավթի գողության, միջազգային հակաիրաքյան դավադրությանը մասնակցելու մեջ։

Հատկանշական է, որ այս ներխուժմանը նախորդած տարիներին, ինչպես նաև Իրաք-Իրան 8-ամյա պատերազմի ժամանակ (1980-88), երբ Իրաքը հարձակվել էր Իրանի վրա, որտեղ 1979-ին տեղի էր ունեցել Իսլամական հեղափոխություն, և շահը գահընկեց էր արվել, Սադդամ Հուսեյնը վայելում էր Արևմուտքի աջակցությունը։ Փաստեր կան նաև Իրաքի նախկին նախագահի և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության միջև սերտ համագործակցության մասին։

Քուվեյթ ներխուժմամբ վերջնականապես ընդգծվեց Սադդամ Հուսեյնի վարչակազմի հեռացման գործընթացը։

2002 թվականի հունվարի 29-ին՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մոտ 5 ամիս անց, ԱՄՆ Նախագահ Ջորջ Բուշը Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում օգտագործեց «Չարի առանցք» եզրույթը՝ նկարագրելու օտարերկրյա կառավարությունները, որոնք իր վարչակազմի օրոք, ենթադրաբար հովանավորում էին ահաբեկչությունն ու ձգտում ունենալ զանգվածային ոչնչացման զենքի։ Իր ելույթում որպես այդպիսի պետություններ Բուշը նշել էր Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հյուսիսային Կորեան, Իրաքի Հանրապետությունը։

2003-ի մարտի 20-ին ամերիկաբրիտանական ուժերը ներխուժեցին Իրաք։ Պարտությունից և 2003-ի դեկտեմբերի 13-ին ամերիկյան զինված ուժերի կողմից ձերբակալվելուց հետո՝ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին, Իրաքի նախկին ղեկավարը մահապատժի ենթարկվեց կախաղանի միջոցով։