Մետրապոլիայի վկաները

Մետրապոլիայի վկաները

Պարզվում է, մայիսի 29-ի գիշերը Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպից «տուժածները» ռուսաստանաբնակ գործարարներ են` Արմեն Մեջլումյան եւ Արամ Հովակիմյան անուն-ազգանունով: Նրանք միաժամանակ հանդես են գալիս որպես Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրներ եւ համարում, որ իրենց նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում:

Ավելի վաղ, մինչդեռ, Սամվել Բաբայանի գրասենյակը նրանց անվանել էր «պատերազմ անցած եւ ռազմական կառույցներում աշխատած տղաներ»: Տպավորությունն այնպիսին էր, որ խոսքը Սամվել Բաբայանի հետ համատեղ անցած զինվորական ծառայության մասին է: Իրականում, ինչպես հասկացվում է, Մեջլումյանը եւ Հովակիմյանը Ռուսաստանից եկել են Հայաստան, որպեսզի աջակցություն ցուցաբերեն Սամվել Բաբայանին` ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք ձեռք բերելու հարցում: Հարց է, թե ի՞նչն է ռուսաստանաբնակ գործարարներին կապում Սամվել Բաբայանի հետ: Հայտնի է, որ  Սամվել Բաբայանը մի քանի տարի ապրել է Ռուսաստանում:

Ըստ երեւույթին, այդ ընթացքում նա ձեռք է բերել նոր  ընկերներ, որոշակի կապեր հաստատել ինչ-որ շրջանակների հետ: Վերջին մեկուկես ամսում Սամվել Բաբայանը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել: Այդ ընթացքում նրան մշտապես ուղեկցում է համակիրների նույն խումբը: Տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում Բաբայանի հանդիպումները սովորաբար ավարտվում են բավական ճոխ ընդունելություններով: Դրանք բավական ծախսատար միջոցառումներ են: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ՊԲ նախկին հրամանատարը ֆինանսական բազմաթիվ խնդիրներ ունի: Դրանից հետեւում է, որ նրա քարոզչությունը ֆինանսավորվում է այլ աղբյուրներից: Տարածված խոսակցություններ կան, որ անհրաժեշտ գումարները փոխանցվում են Մոսկվայից` ծագումով արցախցի երկու գործարարների կողմից: Այն դեպքում, երբ ռուսաստանյան պատկան մարմինները վերահսկում են Ռուսաստանից Հայաստան կատարվող 50 000 ռուբլի դրամական փոխանցումները, Սամվել Բաբայանի քարոզչության նման շռայլ ֆինանսավորումը հարցեր է ծնում:

Արցախում քաղաքական գործունեություն ծավալելու հայտ ներկայացնելով` Սամվել Բաբայանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի հովանու ներքո «մանդատային տարածք» ճանաչելու եւ տեղաշրջանում ռուս խաղաղապահ ուժեր տեղակայելու գաղափարով: Արդյոք դրա դիմաց չե”ն ռուսաստանաբնակ հայ գործարարներն աջակցում նրան: