Աշխատակցի թերացման պատճառով 1 ամիս էլ դեռ պետք է սպասեմ երեխայիս միանվագ գումարին

Աշխատակցի թերացման պատճառով 1 ամիս էլ դեռ պետք է սպասեմ երեխայիս միանվագ գումարին

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը 2019 թվականից  գործում է նոր մասնաշենքում: Կենտրոնի կազմի մեջ են հետևյալ ստորաբաժանումները՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Հրազդանի տարածքային բաժինը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Հրազդանի տարածքային բաժինը,  ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը:  

Մեզ դիմած քաղաքացին պատմում է, որ 1 ամիս է անցել, սակայն երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը չի ստացել: Նամակ է ստացել, որ նպաստը մերժվել է ամուսնության վկայականի բացակայության պատճառով. «Ինչ փաստաթուղթ ասել են՝ տարել եմ եւ ամբողջությամբ ներկայացրել եմ օգոստոսի 7-ին: Պետք ա այսօր երրորդ երեխայիս միանվագ նպաստը ստանայի, սակայն փողի փոխարեն փոստից նամակ եմ ստացում, որ մերժվել է: Երբ ես փաստաթղթերը տարել եմ, նախ երկար ժամանակ դրսում սպասել եմ, հետո աշխատակիցը դուրս եկավ, թղթերը վերցրեց, նայեց, ասաց, որ ամեն բան ճիշտ է: Հեռախոսահամար ուզեց՝ տվեցի: Ասեց, եթե ինչ-որ խնդիր լինի, կզանգենք: Եթե ամունության վկայականը պետք էր, ինչու՞ հենց այդ պահին չվերցրեց կամ ինչո՞ւ հետո չզանգեց զգուշացներ, որ այդ փաստաթուղթը ներկայացնեմ: Աշխատողի անփութության պատճառով հիմա նորից պետք ա գնամ 1 ամիս էլ սպասեմ, որ գումարը ստանամ»,-մեզ հետ զրույցում նշում է Անին, ով 1 ամսական երեխան գրկին` կրկին  գնում  է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Հրազդանի տարածքային բաժին: 

Այցելեցինք, ներկայացանք եւ փորձեցինք տեղում հասկանալ, թե ինչպես  են աշխատում ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Հրազդանի տարածքային բաժնի աշխատակիցները, եւ ում «թեթեւ» ձեռքով Անին 1 ամիս էլ դեռ պետք է սպասի միանվագ նպաստին: Տեղում մեզ ասացին, որ տնօրենը չի գալիս աշխատանքի, նա հեռահար աշխատում է, եւ ամեն ձեւով փորձում էին համոզել, որ փաստաթղթերը քաղաքացին չի ներկայացրել:  Աշխատակցին հարցրինք՝ եթե անգամ չի ներկայացրել, ինչո՞ւ չեք զանգահարել եւ տեղեկացրել, որ ամունության վկայականը բացակայում է: Այստեղ եւս աշխատակիցն արդարացում գտավ. «Զանգել եմ, անհասանելի էր, փոստի միջոցով՝ բանավոր տեղեկացրել եմ»: 

Զրուցեցինք նաեւ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Հրազդանի տարածքային բաժնի պետ Սուսաննա Ասատրյանի հետ, ասելով, որ աշխատակիցներն իրենց աշխատանքը թերի են կատարում, եւ սա միակ դեպքը չէ: Տնօրենը, բնականաբար, պաշտպանեց իր աշխատակիցներին: «Հնարավոր չի, եթե քաղաքացին փաստաթղթերը ներկայացնի, իմ աշխատակիցը չգրանցի»,-եղավ տնօրենի պատասխանը: 

Մեր այցն այս բաժնի աշխատակիցների համար սառը ցնցուղ եղավ: Անմիջապես սկսեցին տասնյակից ավելի սպասող քաղաքացիներին հերթի կտրոններ բաժանել, հորդորել, որ հեռավորություն պահպանեն եւ ամենակարեւորը՝ նայեն պատին փակցված էկրանին ու սպասեն իրենց հերթին: Ներսում հավաքված քաղաքացիներն ապշել էին այս վերաբերմունքից:  

Նշենք, որ Անիի դեպքը միակը չէ: Այս ծառայության գործունեությունից  եւ աշխատակիցների ոչ բարեհամբույր ու թերի աշխատանքից բողոքում են շատերը:  Մեր աչքից չվրիպեց նաեւ, որ այս ծառայությունում աշխատանքի ժամին զբաղվում են կոսմետիկայի բիզնեսով եւ ձեռքի հետ էլ  «փոքրիկ մաղարիչ» ստանում քաղաքացիներից: 

Մանրամասները՝ տեսանյութում