Ի գիտություն․․․ դդումների

Ի գիտություն․․․ դդումների

Մամուլում օրերս հրապարակում եղավ, որ ՌԴ Չեչենական Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի դուստրը նշանակվել է Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ։
Տեղեկությունն ուշագրավ է երկու պատճառով․ նախ՝ որ Չեչնիայի նման փոքր հանրապետությունում մշակույթի առանձին նախարարություն կա՝ առանց տարօրինակ ու ծիծաղելի հավելումների (սպորտի, երիտասարդության հարցերի․․․ ևն)․ երկրորդ՝ Այշաթ Կադիրովան փոխնախարար է նշանակվել չեչենական «ազգային-մշակութային արժեքների պահպանման գծով»։ Եվ քանի որ նրա պաշտոնը, ինչպես նշվեց,  «առաջին փոխնախարարի» կարգավիճակ ունի, ուրեմն հեշտ է նկատել նաև այն առաջնային կարգավիճակը, որ ունեն ազգային-մշակութային արժեքներն ու ավանդույթները Չեչնիայում։ Ոլորտը, որը համակարգելու և որի համար  քաղաքականություն մշակելու առաքելությամբ է գործելու 21-ամյա աղջնակը, այնքան կարևոր է և ենթադրում է նվիրումի այնպիսի բարձր աստիճան, որ վստահվել է երկրի ղեկավարի ամենամտերիմ մարդկանցից մեկին՝ հարազատ դստերը։ 

Ենթատեքստային այս մեսիջը միանգամայն հասկանալի է, հետևաբար տեղեկատվությանը ծանոթանալիս ոչ թե տարակուսանքի զգացում ես ապրում, թե ինչպես կարող է շատ երիտասարդ աղջկան այդպիսի կարևոր պաշտոն վստահվել, այլ տեսնում ես Չեչնիայի ղեկավարի որոշման ցուցադրական նշանակալիցությունը և հոգեբանական հիմնավորվածությունը։

Իսկ Ռ․ Կադիրովը դստեր նշանակումն այդ պաշտոնում հիմնավորում է այն իրողությամբ, որ «նա նաև ամբողջ աշխարհին չեչենական սովորույթներն ու ավանդույթներն է ցուցադրել»: Հայր Կադիրովը նկատի է ունեցել նորաձևության մի սրահի ղեկավարման փորձը, որի հիմնադիրը Կադիրովի կինն է՝ Մեդնի Կադիրովան։ Եվ նորից կարևոր է շեշտադրումը՝ այդ սրահի ղեկավարման ընթացքում դուստրը «ցուցադրել է չեչենական սովորույթներն ու ավանդույթները»։ «Ես գիտեմ, որ նա չեչենական իրական արժեքների վերածնության մոլի կողմնակիցն է և ամենայն լրջությամբ ու մեծ պատասխանատվությամբ կվերաբերվի իր նոր պարտականություններին»,- գրել է Ռ․ Կադիրովը։

Ամբողջ այս տեղեկատվության՝ մեզ համար էական մեսիջն այն է, որ Չեչնիայում պետական հոգածության առարկա են չեչենական ազգամշակութային արժեքները և ավանդույթները, ինչը չենք կարող ասել մեր՝ ԿԳՄՍ երկար հապավման «միջանցքներում» կորած-մոլորված «մշակույթի» բլոկի մասին, որն այնքան անդեմ է և ապազգային, որ «կրթության» բլոկի գործընկերներին հանգիստ թույլ է տվել ազգային մշակույթը վտարել հանրակրթության ծրագրերից ու չափորոշիչներից, իսկ համաշխարհային գրական արժեքներ ստեղծած ժողովրդի գրականության վրայից դեն նետել «հայ» բաղադրիչը։

ՀԳ․։ Այշաթ Կադիրովան (ինչպես և քույրը՝ Խութամաթը) հաֆիզ  է՝ մարդ, որն անգիր գիտի Ղուրանը։ «Հայրենի» ԿԳՄՍ-ում արդյո՞ք  շատ են նրանք, որոնք անգիր գիտեն Տերունական աղոթքը։