Դպրոցականների արձակուրդի օրերը կլինեն տարբեր

Դպրոցականների արձակուրդի օրերը կլինեն տարբեր

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուստարվա արձակուրդների օրերը։

Այս տարի ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կսկսվեն սեպտեմբերի 1-ին, կավարտվեն 2022-ի մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, եւ մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Այսպիսով, ապահովվում է առնվազն 30 ուսումնական շաբաթ`1-ին, 32 ուսշաբաթ` 2-րդ, եւ 34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտրվի 2021-ի հոկտեմբերի 18-31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2022-ի հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022-ի մարտի 21-ից մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվելու է 2021-ի հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2022-ի հունվարի 23-ը ներառյալ, եւ գարնանայինը՝ 2022-ի մարտի 21-27-ը ներառյալ:

3-12-րդ դասարանների սովորողներին կտրվեն արձակուրդներ․ աշնանային՝ 2021-ի հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2022-ի հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022-ի մարտի 21-27-ը ներառյալ:

Ի տարբերություն միջին եւ ավագ դասարանների, տարրական դասարանում առաջին դասարանցիներին արձակուրդ տրվում է ոչ թե մեկ, այլ երկու շաբաթով՝ հաշվի առնելով նրանց տարիքն ու շուտ հոգնելու հանգամանքը։