Բորդել-պետություն 2

Բորդել-պետություն 2

Երեկ իմացանք, որ Հայաստանի Հանրապետություն հորջորջվող բորդելի տերերը, ի դեմս իշխանությունների, այն է՝ ի դեմս ՀՀ կառավարության, նրա ղեկավարի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության բաժանմունքների, փոփոխության նախագիծ են պատրաստել՝ կապված կորոնավիրուսի հետ: Ըստ այդ նախագծի՝ գործատուներն ազատվում են տույժ-տուգանքներից, իսկ կորոնավիրուսի հաղթահարման բեռն ամբողջությամբ դրվում է հպարտ պողոսների ուսերին: Չպատվաստվեց՝ Պողոսն է մեղավոր, ձեռքին թեստ չունեցավ՝ Պողոսն է մեղավոր, քովիդով վարակվեց՝ Պողոսն է մեղավոր, մեռավ՝ Պողոսն է մեղավոր:

Դե՝ մոտավորապես այսպիսի մի նախագիծ են պատրաստել, Պողոս ջան, որ շուտով կթպպըցնեն ու կանցկացնեն ԱԺ-ով: Հա, այն ԱԺ-ով, որ դու ես ընտրել, սիրելի Պողոս: Հանկարծ չփորձես դիմադրել… Գործ չունես: Հիշո՞ւմ ես չագուճը՝ գույնզգույն թելերով: Եվ, ուրեմն, իմ հպարտ Պողոս, ուղիղ սպանդանոց՝ պատվաստվելու, քանի դեռ պատվաստումը ձրի է, այլապես նաեւ պատվաստվելու համար ես վճարելու:

- Էդ վախըմ եեես… Վախիլ մի, ապո ջան, սաղիս վերջն էլ մեռնելն է, ու տարբերություն չկա, թե ինչից կմեռնենք՝ կորոնավիրուսից, թե պատվաստումից: Համ էլ դու այլընտրանք ունես, Պողոս ջան, կարող ես ամիսը 2 անգամ վճարովի թեստ անել ու հնարավորինս հետաձգել քո խիստ անձնական սգո արարողությունը: Ի՞նչ վատ կլինի՝ աշխատանքից չեն ազատի, ստաժդ կպահպանվի, արձակուրդդ չի կորչի: Գրպանիդ փողը մի քիչ կբարակի, բայց դա ի՞նչ մի մեծ բան է «նալերը» վերջնականապես ձգելու համեմատ:

Էն էլ ասեմ, սիրելի Պողոս, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխության այս նախագծում լիքը խնդալու բան էլ կա: Դա այն է, որ նախագծի հեղինակները հանրապետության նախագահին, Ազգային ժողովի պատգամավորների իշխանական հատվածին, վարչապետին, համայնքի ղեկավարներին ու համայնքի ավագանու անդամներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Սահմանադրական դատարանի դատավորին, անկախ պետական մարմնի անդամին, ինքնավար մարմնի անդամին, Վիճակագրության պետական խորհրդի անդամին, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորին, գլխավոր դատախազին, միտումնավոր, թե պատահաբար, հավասարեցրել են պրաստիտուտկաներին: Գիտես չէ, Պողոս, թե ինչ ասել է՝ պրաստիտուտկա: Հաաա, հա, մարմնավաճառներին, հա, էն, որ յաման կարճ հագած եւ սետկից չուլկիներով էս ցրտին կանգնում են Երեւանյան լճի լայնքով ու երկայնքով: Եվ, ուրեմն, վերոնշյալ պաշտոնյաների եւ մարմնավաճառների վրա չի տարածվում այս նախագիծը:

Մարմնավաճառից ստաժը չես խլի, ոչ մի գործատու նրան չի կարող աշխատանքից ազատել, ոչ մի կլիենտ չի կարող մարմնավաճառից պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան պահանջել: Այսուհանդերձ, Պողոս, վերոնշյալ պաշտոնյաները մի փոքրիկ առավելություն ունեն պրաստիտուտկաների համեմատությամբ: Պրաստիտուտկան չի կարող ինքնամեկուսանալ եւ տնից աշխատել, մինչդեռ վարչապետը, ՀՀ նախագահը, նախարարները, գլխավոր դատախազը եւ մյուսները կարող են: Բայց սա չի նշանակում, որ մարմնավաճառները պետք է պարտադիր պատվաստվեն կամ թեստ հանձնեն: Քովիդի մասին հրապարակված գիտական հոդվածներում, Պողոս ջան, դու ոչ մի տեղ չես հանդիպի որեւէ պնդման, որ այն տարածվում է նաեւ սեռական ճանապարհով:

Պրաստիտուտկան դիմակ դնի՝ բավական է, որ չվարակի տվյալ զուգընկերոջը: Մինչդեռ վերոնշյալ պաշտոնյաները քովիդի տարածմանը նպաստում են ոչ միայն իրենց ներսից արտաշնչած օդով, այլեւ գործունեությամբ եւ ընդունած որոշումներով: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում 14 օրը մեկ թեստ հանձնելը, եթե դու կարող ես թեստ հանձնելուց մեկ ժամ հետո էլ վարակվել եւ 14 օր շարունակ վարակ տարածել քո շուրջը: Ճիշտ չե՞մ ասում: Ուրեմն թող ժամը մեկ թեստ հանձնեն: Մի քիչ թանկ կնստի, բայց դա ի՞նչ է որ հանուն այս իշխանությունների մեռնելու համեմատ:

Սիրելի Պողոս, զի՞նչ կցուցանե քո ապուշ հայացքը, ինչո՞ւ ես այդպես նայում ինձ: Այս ամենը ես քեզ պատմեցի, որ հենց վաղը գնաս ու պատվաստվես, քանի դեռ այդ անտերը ձրի է: Գնա ու դուխով պատվաստվիր… Ասում է՝ որտեղ կտրի կապը, նրա տիրու պապը…