Նույն գետը

Նույն գետը

Բոլոր իշխանությունները նույն սխալներն են անում եւ նույնկերպ հղփանում՝ կորցնելով իրականության զգացումն ու կարծելով, թե իրենք հավերժ են։ Ժամանակին էլ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին էր թվում, թե ժողովուրդն անսահման համբերություն ունեցող եւ ամեն ինչի հետ հաշտվող տձեւ զանգված է, որին ինչ ձեւ ուզես՝ կտաս, եւ նա կենթարկվի քո կամքին։ Կարծում էին, որ կարելի է ժողովրդին վախեցնել, կաշառել, թաղի տղերքով ու փողատերերով զսպած պահել եւ հավերժ իշխել։

Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանի՝ այդպես մտածելու հերթը։ Նա շատ արագ մոռացավ իր լրագրողական ու բանտային անցյալը, ընդդիմադիր հայացքներից հրաժարվեց, ժողովրդավարի պատմուճանը փոխարինեց բռնապետի զգեստով։ Նրան թվաց, թե ժողովրդին կարելի է փոխել, ճնշել, հարմարեցնել իր կամքին։ Եվ նա կշարունակի պաշտել իրեն ու ենթարկվել։ Կարելի է նրան ստիպել, որ հրաժարվի իր պատմությունից ու հոգեւոր արժեքներից, սկզբունքներից ու երազանքներից։

Կարելի է վերանայել Արցախի նկատմամբ վերաբերմունքն ու հայ ժողովրդի պատմությունը, ավանդական ընտանիքի ու հայկական երազանքի պատկերացումները, դաշնակիցների ու թշնամիների տեղերը փոխել, եւ նա կշարունակի ապրել, ինչպես ապրում էր առաջ՝ հարմարվելով նոր իրավիճակին։ Այդպես թվում էր նաեւ Փաշինյանի նախորդներին՝ նրանք կարծում էին, որ ոչ մի սարսափելի բան չկա, երբ ընտրությունը փոխարինվում է ընտրության իմիտացիայով, երբ Սահմանադրություն են փոխում եւ նախագահի փոխարեն վարչապետն է դառնում երկրի ղեկավարը։ Երբ սերնդափոխության փոխարեն մանիպուլյացիաներով շարունակում են պաշտոնավարել։ Երբ կառավարում են ամբողջ բիզնես դաշտը, փողի հոսքերը եւ յուրայիններին թույլատրում են հարստանալ։ Ու ոչ ոք չգիտի, թե դժգոհության մասսան երբ է կրիտիկական դառնում։