Սահմանադրությունը խախտողը ԲԴԽ անդամ է

Սահմանադրությունը խախտողը ԲԴԽ անդամ է

Շիրակում դատարանների խնդիրը չի լուծվում։ Բողոքները դառնում են մշտական։ Խնդիրը պարզ է. «մարզում դատավորներն ավելի արագ են փոխվում, քան օրվա ժամերը»` նկատում են գյումրեցիները, եւ դրա արդյունքում գործերը մնում են չքննված, դատավարությունները հավերժ ձգվում են։ ԲԴԽ-ին կարծես իր քաղաքական որոշումների հետեւանքները շատ չեն հուզում՝ անցանկալի դատավորներից ազատվելու համար ամեն ինչի պատրաստ են՝ անգամ ողջ դատական համակարգը պարալիզացնել, բայց ունենալ հնազանդ դատավորների մի մեծ բանակ։
Գյումրեցիները հատկապես վիրավորական են համարում Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկի՝ Երանուհի Թումանյանցի արտահայտած միտքը, թե կարեւորը Երեւանում լավ դատավորներ ունենալն է, իսկ մարզեր դատավորներին գործուղում են, որպեսզի փորձ ձեռք բերեն ու հետո տեղափոխվեն Երեւան։ Սա բարոյական իմաստով, մեղմ ասած, անթույլատրելի է, իսկ եթե ավելի խորանանք, ապա մարզերի բնակիչների եւ մայրաքաղաքի բնակիչների արդարադատության իրավունքի իրացման միջեւ խտրական վերաբերմունքի դրսեւորում է, ինչը սահմանադրական մարմնի անդամի կողմից արդեն Սահմանադրության խախտում է։

Նման բան պարզապես չի կարելի ո՛չ անել, ո՛չ ասել։ Ոչ մի հիմնավորում կամ արդարացում այստեղ տեղին չէ։ Երեւանցին որեւէ բանով առավելություն չունի մարզաբնակի՝ ասենք, շիրակցու, լոռեցու կամ սյունեցու հանդեպ։ Ոլորտի պատասխանատուները պետք է հստակ հասկանան, որ աշխատավարձ ստանում են որպես պետական ապարատի աշխատող՝ ոչ միայն երեւանցի հարկատուների հաշվին, այլ նաեւ մարզաբնակների։ Ու եթե իրենք տաքուկ կաբինետներում, հարմարավետ բազկաթոռներում ընկողմանել են ու վայելում են պետական պաշտոնյային հասանելի բարիքներն ու արտոնությունները, ապա դա նաեւ մարզաբնակների հաշվին է։ Որքան կարելի է հասկանալ շիրակցի մի շարք փաստաբանների բողոքներից, Երեւանում սա այնքան էլ լավ չեն հասկանում եւ չեն հասկանում այն մարմնում, որը կոչված է կառավարելու դատական համակարգը եւ ապահովելու արդարադատության համակարգի հավասար ու լիարժեք գործունեությունը ողջ երկրում։ Մինչդեռ հարկ էր, որ հասկանային իրենց պատասխանատվությունը եւ օրենքով նախատեսված իրենց պարտականությունների շրջանակը։

Ի դեպ, խնդիրը միայն արդարադատության ոլորտի պատասխանատուներինը չէ։ Խնդիրը գործող քաղաքական մեծամասնությանն է, որը երկրի եւ դատական համակարգի անխափան գործունեության պատասխանատուն է համարվում, ըստ էության։ Հենց գործող քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ն, ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հետամուտ լինեն, որ երկրի բոլոր քաղաքացիներն իրենց իրավունքների իրացման համար հավասար պայմաններ ունենան։ Հակառակ դեպքում որեւէ մարզաբնակ քաղաքացի կարող է մտածել, որ իշխանությունը չունի բավարար քաղաքական կամք՝ մարզերում եւ հատկապես Շիրակում դատավորների հետ կապված խնդիրները կարգավորելու։ Իսկ դա արդեն կարող է ՔՊ-ի համար, որպես քաղաքական մեծամասնության, գործունեության գնահատման կարեւոր ցուցիչ լինել։ Որեւէ քաղաքացի, ի դեպ, նաեւ ընտրող է, եւ «յոթ սարի հետեւում չեն» այն ժամանակները, երբ յուրաքանչյուր քվեի համար իշխանությունը ստիպված է լինելու «կենաց-մահու» պայքար մղել, որպեսզի շարունակի մնալ իր տեղում։