«Հրապարակ». Ադրբեջանի երազած «ինտեգրացիան» Արցախն է՝ առանց հայերի, հետո դա կտարածվի նաեւ Սյունիքի վրա

«Հրապարակ». Ադրբեջանի երազած «ինտեգրացիան» Արցախն է՝ առանց հայերի, հետո դա կտարածվի նաեւ Սյունիքի վրա

«Հրապարակի» զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն է:

- Արցախում իրավիճակը, կարծես, բարդանում է: Չնայած Ացախի նախագահ Արայիկ Հարությունյանը բացառեց ինտեգրացիայի ճանապարհը, սակայն Ադրբեջանը դա է պահանջում:

- Ադրբեջանը շարունակ փորձում է օրակարգեր ստեղծել: Հայկական կողմերն էլ Արցախում ու Հայաստանում, լավագույն դեպքում, փորձում են դիմակայել այդ օրակարգերին: «Խաղաղության պայմանագրից» սկսած, «անցակետի» տեղադրման, «ինտեգրացիայի» թեմաներով վերջացրած, դրանք բոլորն Ադրբեջանի օրակարգերն են: Նախկինում ՀՀ իշխանությունները եթե պնդում էին, որ մինչեւ Ադրբեջանը դուրս չգա մեր սուվերեն տարածքից, չի լինի քննարկում, հետո դրանից էլ հետ քաշվեցին: Հիմա մեր տարածքների օկուպացիայի մասին շատ քիչ է խոսվում, մինչդեռ դա պետք է դառնար թիվ մեկ խնդիրը: Մինչ օրս միակ խնդիրը, որն Ադրբեջանի համար ստեղծվել էր, արվել էր Ռուբեն Վարդանյանի նշանակմամբ: Ադրբեջանն արդեն քանի ամիս պայքարում էր այդ մարդու եւ նրա գործունեության դեմ, ու, ցավոք, ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունքում Վարդանյանը հեռացվեց պաշտոնից: Ռուսական կողմը կատարեց իր պայմանը, բայց ադրբեջանցիները ոչ միայն չբացեցին միջանցքը, այլեւ ավելի լարեցին իրադրությունը՝ հանգեցնելով մարդկային կորուստների: Իմ տպավորությամբ, Ադրբեջանն իսկապես փորձում է գնալ նոր էսկալացիայի։ Նրանց կարծիքով, «էկոակցիան» ցանկալի արդյունքներ չի տվել, պետք է ուժով զավթել այն, ինչը մնացել է Արցախից, ու դուրս հանել խաղաղապահներին: Սա այն դիսկուրսն է, որը շրջանառվում է ադրբեջանական լրատվադաշտում, փորձագիտական ու պատգամավորական շրջանակներում՝ արդեն տեւական ժամանակ:

- Ի՞նչ է թաքնված «ինտեգրացիա» ասվածի տակ: Ի՞նչ է ենթադրում Ադրբեջանի երազած ինտեգրացիան:

- Եթե կարճ՝ դա ենթադրում է Արցախ՝ առանց հայերի: Սա հստակ է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Սա ապացուցվում է ոչ միայն վերջին տասնամյակների պատմությամբ, այլեւ վերջին մեկ-երկու տարվա հայտարարություններով: «Չկան հայեր՝ չկա խնդիր»․ սա է Ալիեւի տրամաբանությունը, որը դարձել է պետական քաղաքականություն: Մի՞թե հաշտության ձգտող կողմն ամիսներով շրջափակման մեջ կդներ 120 հազար մարդու, կզրկեր նրանց գազից ու էլեկտրաէներգիայից, կմատներ ցրտի ու սովի: Ալիեւը պարզ տեքստով հայտարարել է, որ «ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են դուրս գալ Արցախից»: Դրանով չբավարարվելով՝ հետո անցան իրենց հայտնի գործելաոճին՝ սպանելով ոստիկանության ծառայողներին: Այսպիսով, Ադրբեջանի երազած «ինտեգրացիան» Արցախն է՝ առանց հայերի, իսկ հետո դա կտարածվի նաեւ Սյունիքի եւ Հայաստանի այլ շրջանների վրա: Այս քաղաքականությունն այնքան պարզ է ու հստակ, որ անգամ ադրբեջանցի պատգամավորներն են դրա մասին բարձրաձայնում առավոտից երեկո: Օրինակ՝ սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալը, պատասխանելով  լրագրողի այն հարցին, թե՝ «Ի՞նչ եք կարծում, ներկայիս պայմաններում հայերը, Ադրբեջանի օրենքներն ընդունելով, կապրե՞ն մեր հողերում», նշել է․ «Հայերն այս հողերում չեն մնալու։ Հայերը կգաղթեն, կգնան Ղարաբաղից։ Այս գաղթն արդեն սկսվել է։ Մինչեւ 50 տարեկան հայերի բացարձակ մեծամասնությունը կգաղթի, կգնա առաջիկա 1 տարվա ընթացքում։ Լավագույն դեպքում Ղարաբաղում կմնան տարեց մարդիկ։ Նման պարագայում խաղաղապահներն էլ Ղարաբաղում մնալու կամ լրացուցիչ դիրքեր կառուցելու կարիք չեն ունենա։ Հայաստանը ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից եւ ուղղություն վերցնել դեպի Արեւմուտք։ Եթե հայերն ուղղություն վերցնեն դեպի Արեւմուտք, գաղթելու են Ֆրանսիա կամ Ամերիկա։ Բնակվելու են աշխարհի առանձին-առանձին վայրերում։ Այսպիսով, Հայաստանը գործնականում մնալու է առանց հայերի։ Իսկ մենք կվերադառնանք մեր պատմական հողերը՝ առանց փամփուշտ արձակելու ու շեհիդ (նահատակ) տալու»։ Սա ավելի քան խոսուն է, կարծում եմ:

- Ադրբեջանի նախագահի աշխատակազմն արցախցիներին առաջարկել է երկրորդ հանդիպումն անցկացնել՝ վերաինտեգրման շուրջ: Ի՞նչ է սա նշանակում:

- Սա խաղ է, որը սկսել է Ադրբեջանը, ու որին պետք է շատ զգուշավոր եւ համարժեք մոտենալ: Տեսեք՝ քանի ծուղակ կա այդ առաջարկում: Ի՞նչ ասել է՝ երկրորդ հանդիպում, ո՞րն էր առաջինը, ո՞րը՝ երկրորդը: Եթե խոսքը վերջերս Իվանյանում տեղի ունեցած հանդիպման մասին էր, ապա վերջին երկու տարում նման բազմաթիվ հանդիպումներ են եղել, բայց ինչո՞ւ դա ոչ ոք չէր հաշվում: Պատասխանը պարզ է․ որովհետեւ դրանք ընդամենը տեխնիկական, կենցաղային քննարկումներ էին, այդտեղ չկար քաղաքական որեւէ բանակցություն, ու բոլորը դա գիտեն: Հիմա, երբ արեւմտյան գործընկերները շրջանառության մեջ են դրել միջազգային մեխանիզմների ներքո բանակցելու թեզը, Ադրբեջանը փորձում է դա վերափոխել՝ նշելով, որ պատրաստ են խոսել «ինտեգրացիայի» շուրջ: Հետո այս հանդիպումներն Արեւմուտքի վրա «կծախեն» որպես «տեսանելի երկխոսություն»: Տեսեք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում հրաժարվեց մեկնաբանել Իվանյանում տեղի ունեցած հանդիպումը: Հիմա Ադրբեջանն իբրեւ փորձում է հանդիպման հրավեր անել՝ առանց խաղաղապահների, որպեսզի Արեւմուտքը դա համարի երկխոսություն: Սա շատ վտանգավոր ծուղակ է: Ե՛վ Ստեփանակերտը, ե՛ւ Երեւանը այս թեմայի շուրջ պետք է լինեն հստակ՝ տեխնիկական/հումանիտար հարցերը քննարկվել ու քննարկվում են խաղաղապահների միջնորդությամբ, իսկ քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ բացառապես միջազգային մեխանիզմների ներքո, կլինի դա Մինսկի խումբ կամ դրա վերափոխված այլ տարբերակ, կամ հատուկ բանագնացների ու միջնորդների ինստիտուտ։ Ինչ էլ որ լինի, դա պետք է լինի միջազգային ամրագրված մեխանիզմ, որին համաձայնել է նաեւ Բաքուն, իսկ հիմա խորամանկորեն փորձում է խուսանավել: Եթե միջազգային միջնորդ գործընկերները շահագրգռված են իրական խաղաղության ձեռքբերման հարցում, թող սկսեն հանդիպումներ Արցախի պաշտոնական ներկայացուցիչների հետ, առանց Արցախի խոսքը լսելու որեւէ լուծման հասնել հնարավոր չէ: Դա կլինի առաջին կարեւոր քայլը՝ հետագայում միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ քաղաքական երկխոսության կազմակերպման համար:

- Այս տարվա փետրվարի 24-ին հանդիպել էին Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները: Ի՞նչ է այն տվել հայկական կողմին, ի՞նչ է տվել Ադրբեջանին:

- Ես արդեն նշեցի այդ հանդիպման մասին: Սա իբրեւ Ալիեւի ժեստն էր՝ Վարդանյանի հեռացումից հետո, որն իրականում, ինչպեսեւ կանխատեսելի էր, ոչ միայն օգուտ չտվեց, այլեւ ավելի լարեց իրավիճակը: Ռուբեն Վարդանյանի հեռացմամբ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներով Արցախի տրանսպորտային շրջափակման, Արցախի բնակչության դեմ ուղղված ադրբեջանական ահաբեկչական գործողությունների, էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգի վերաբերյալ իրազեկումներն ու դատապարտումները զգալիորեն պակասել են, ինչի հետեւանքով Բաքուն իրեն շատ ավելի ազատ է զգում իր հանցավոր արարքներում: Դրա համար էլ Բաքուն հենք է նախապատրաստում էսկալացիայի համար, որովհետեւ հիմա Արցախի շուրջ միջազգային նախկին արձագանքները չկան, շատ ավելի հեշտ է Ալիեւի համար գնալ էթնիկ զտման ճանապարհով: