Տավուշի դպրոցները դառնում են պիլոտային ծրագրի փորձադաշտը

Տավուշի դպրոցները դառնում են պիլոտային ծրագրի փորձադաշտը

2021թ․ փետրվարին, ՀՀ կառավարության որոշմամբ, հաստատվեց Հանրակրթության պետական չափորոշիչը, այնուհետեւ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվեցին նաեւ առարկայական բոլոր չափորոշիչները: Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023-ի սեպտեմբերից, իսկ մինչ այդ պետք է փորձարկվի այդ նպատակով ընտրված Տավուշի մարզում, որտեղ արդեն մեկնարկել է վերապատրաստումների փուլը։  

Բնագիտամաթեմատիկական եւ ճարտարագիտության բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը մեկնարկել է հուլիսի 7-ից, վերապատրաստումներն իրականացնում է «Այբ» հիմնադրամը։ Հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը կմեկնարկի հուլիսի 23-ից, որը կիրականացվի ԿԶՆԱԿ-ի կողմից։   

Սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով: Փորձարկումը կիրականացվի բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած, մինչեւ նոր բովանդակությամբ ուսումնական նյութեր: Քանի որ չափորոշիչի փորձարկման համար պահանջվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում, ապա փորձարկվող դպրոցներում կբացվեն նոր լաբորատորիաներ, դպրոցները կստանան համակարգչային սարքավորումներ: 
Նոր չափորոշիչներով մեծ տեղ է տրված խմբակներին, մասնավորապես՝ առողջ ապրելակերպի խմբակը պարտադիր կլինի բոլոր դպրոցների համար: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը համալրվել է պարտադիր գործնական բաղադրիչով` մարզառազմական ճամբարով, որն ավագ դպրոցի սովորողների համար կլինի պարտադիր: Որպես նոր պարտադիր խմբակ` բոլոր դպրոցներում կգործեն նաեւ մասնագիտական կողմնորոշման ակումբներ:

7-րդ դասարանից սկսած՝ ներդրվելու է նախագծային ուսուցումը, որը նախկինում չի եղել. դա աշակերտի կողմից հետազոտական աշխատանքի իրականացումն է: Եթե նախկինում արվեստի ուսուցումը 7-8-րդ դասարաններում ավարտվում էր, ապա նոր չափորոշիչով՝ արվեստը մինչեւ 12-րդ դասարան կլինի կայուն բաղադրիչ: Այդ համատեքստում կուսուցանվի «Արվեստ» ինտեգրված առարկան: 5-6-րդ դասարաններում աշակերտներն անցնելու են «Իմ հայրենիք» նոր առարկան, որն այս տարի կփորձարկվի 5-րդ դասարանում: Բացի այդ, առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը պարտադիր է լինելու` համաեվրոպական շրջանակի B2 մակարդակի իմացություն ապահովելու պահանջով: Միաժամանակ խրախուսվելու է տարածաշրջանային լեզուների ուսուցումը: 

Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսուցիչները 3 օր հեռավար են վերապատրաստվում, 3 օր՝ առկա եւ եւս 2 օր՝ «դեմ առ դեմ» ձեւաչափով, որի ընթացքում լինում են թե՛ գործնական, թե՛ տեսական պարապմունքներ։ «Քննարկել են թեմատիկ պլանավորումն օրվա ընթացքում, թե ինչպես կազմակերպել, ինչպես հետաքրքիր դարձնել դասը, ինչպես երեխաներն ավելի ներգրավված լինեն, ինքնուրույն աշխատանքներով համալրեն երեխայի աշխատանքը։ Առայժմ գոհ ենք ընթացքից, ինչքան շատ քննարկեն ու վերապատրաստվեն, այնքան ավելի բովանդակային կլինեն դասերը»,- ասում է Լ․ Ավետիսյանն ու նշում, որ վերապատրաստումները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 16-ը։ 

Դպրոցի տնօրենը հույս ունի, որ նախանշվող փոփոխությունները դրական արդյունք կտան, Տավուշի բոլոր դպրոցներում 4 առարկայից (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) լաբորատորիաներ կբացվեն՝ անհրաժեշտ սարքավորումներով ու նյութերով․ ««Քիմիա» առարկայից դաս անես ու փորձ չանես՝ ճիշտ չէ, որովհետեւ երեխաները տեսական նյութն այնքան հետաքրքրությամբ չեն ուսումնասիրում, որքան փորձերի արդյունքում կուսումնասիրեն առարկան։ Լաբորատորիաների բացումն արդեն ընթացքի մեջ է, մեզնից տարածքներ են ուզել, որ դասասենյակներ տրամադրենք՝ լաբորատորիաները բացելու համար»։ 

Համաձայն Հանրակրթության նոր չափորոշիչի՝ մինչեւ 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը միավորային գնահատում չի լինելու, չեղարկվում է անբավարար գնահատականի շեմը, սովորողների գնահատումն իրականացվելու է բնութագրիչներով, որը ենթադրում է գիտելիքի մակարդակի որակական սահմանում: Տնօրենի կարծիքով, սա արդյունավետ մոտեցում է․ «Բավական մեծ թվով երեխաների մենք, այսպես թե այնպես, զիջում ենք եւ գնահատական ենք դնում, բայց ըստ չափորոշիչի՝ այլ կերպ կգնահատենք»։ 

Մինչեւ սեպտեմբեր ուսուցիչները կծանոթանան նաեւ նոր բովանդակությամբ կազմված դասագրքերին, որպեսզի փորձարկվող չափորոշիչներին համապատասխան դասավանդեն 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում։ «Դասագրքերի բովանդակությանն ինքս ծանոթ չեմ, բայց ուսուցիչներին ընթացքում ուղարկել են, որ իրենք ուսումնասիրեն եւ կարծիքներ հայտնեն»։ Ինչ վերաբերում է ինտեգրված առարկաներին, ապա․ «Օրինակ, «Իմ հայրենիքը» առարկային դրական եմ վերաբերվում, իսկ «Արվեստ» ինտեգրված առարկան ուսուցչի համար մի քիչ դժվար կլինի դասավանդելը, որովհետեւ նմանատիպ մասնագետ գտնելը դժվար կլինի»։    

Տավուշի մարզի Կայանի միջնակարգ դպրոցի տնօրեն Սվետլանա Ղուլարյանն ասում է՝ իրենք ուսումնասիրել են նախատեսվող փոփոխությունները, երբ նախագիծը դեռ նոր էր ներդրվել․ «Ես կարեւորեցի, որ այս ծրագրով մասնագիտական առումով հիմք է դրվում, օրինակ՝ 7-րդ, 10-րդ դասարաններում մտցվում է «Արվեստ» առարկան, որը խիստ մասնագիտական է, եւ որը մենք ողջունեցինք։ Աշխատում ենք բոլոր առարկաները մոտեցնել մասնագիտականի, դա կարեւոր սկզբունք է»։

Տնօրենը նույնպես մասնակցում է վերապատրաստումներին եւ ցանկացած հարց փորձում կազմակերպիչներից ճշտել։ Այժմ բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցիչներն են վերապատրաստվում․ «Իրենք համապատասխան գրականություն են ստացել, լրիվ մոդուլներին ծանոթանում են՝ չափորոշիչների հետ կապված, թե ինչպես են իրականացնելու»։  

Նա եւս կողմնակից է, որ գնահատում չլինի տարրական դասարաններում եւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում, քանի որ տարրական դասարաններում տարիների իր փորձը ցույց է տվել, որ մրցակցությունը շատ ուժեղ է լինում գնահատման տեսանկյունից։ Տնօրենը կարծում է՝ ճիշտ մոտեցում է, որ գնահատումը բնութագրման ձեւով լինի։ «Դա ունի ե՛ւ բացասական, ե՛ւ դրական կողմ, բայց ես ավելի շատ դրական բան եմ տեսնում այստեղ»,- ասում է Ս․ Ղուլարյանը, ով արդեն հասցրել է նախապատրաստել բոլոր դասասենյակները ապագա լաբորատոր սարքավորումների համար։

Այդուհանդերձ, շատ հարցեր դեռ մնում են անորոշ։ «Մենք դեռեւս ուսպլան չունենք, փաստորեն, մենք 2 ուսպլանով ենք աշխատելու, մեկը մեր պիլոտային ծրագրի նպատակային պլանն է լինելու, մյուսն էլ՝ ընդհանուր հանրակրթական ուսպլանը, որը մենք միշտ ունենում ենք։ Եվ քանի դեռ ուսպլանը չենք ստացել, ոչինչ ասել չեմ կարող, թե ինչպես պետք է լինի։ Բնականաբար, այստեղ կա նաեւ դասագրքերի հարցը,- ասում է նա ու իր մտահոգությունը հայտնում բնագիտական առարկաների ինտեգրման մասով։- Օրինակ, ինձ համար խնդիր է առաջանում, թե տվյալ ինտեգրված առարկան 7-րդ դասարանում ում կարող ես ինտեգրված տալ, արդյոք ֆիզիկայի ուսուցիչը կարո՞ղ է աշխարհագրության եւ քիմիայի մասն էլ պատմել»։ Տնօրենը նկատում է, որ, ըստ էության, եզրահանգումներ կարող են անել միայն վերապատրաստումների վերջում։