Չեք հավատա, բայց ոմանք Բրյուսել են գնում՝ Բրյուսել գնալու համար

Չեք հավատա, բայց ոմանք Բրյուսել են գնում՝ Բրյուսել գնալու համար

Արդեն շատ կասկածելի է, թե Բրյուսելում Շառլ Միշելի հետ ինչով են զբաղված Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը: 4-5 հանդիպում, եւ՝ ոչինչ, ոչ մի արդյունք, չհաշված այդ հանդիպումներից մնացած լուսանկարները, որոնցում մեր վարչապետը, մեղմ ասած, այնքան էլ տպավորիչ տեսք չունի: Ճիշտն ասած՝ ավելին չէինք էլ սպասում, դա չէ հարցը, պարզապես Շառլ Միշելն ամեն հանդիպումից հետո հայտարարում է, որ էլի են հանդիպելու… Եվ այդ անպտուղ հանդիպումների ֆոնին էլ տարակուսանք է ծնվում՝ հանդիպելու են, որ ի՞նչ անեն: Ի դեպ, եթե նկատել եք, Փաշինյանն ու Ալիեւն այդ հանդիպումների մասին ոչինչ չեն ասում, եւ միայն Շառլ Միշելն է հանդես գալիս, այսպես կոչված, ամփոփիչ հայտարարությամբ, որից ոչ մի կերպ չի կարելի եզրակացնել, որ նրանք՝ երեքով, ինչ-որ հարց են լուծել կամ ինչ-որ համաձայնության եկել: Բառերի շարան… Անունը կա, ամանումը չկա… Բայց արի ու տես, որ Հայաստանում տպավորություն է ստեղծվել, որ Բրյուսելն այլեւս դարձել է Արցախի հարցի ոչ միայն քննարկման, այլեւ հնարավոր լուծման հարթակ: Հնարավոր է՝ ես սխալ եմ հասկանում Բրյուսելի եւ Շառլ Միշելի առաքելությունն այս հարցում, բայցեւ չեմ կարող հանգիստ խղճով հետեւել հայ-ադրբեջանական գյալաջիին, որ տեղի է ունենում այդ հարթակում: Ի՞նչ հաճելի բան կարող է լինել մի գործընթացում, երբ ամեն հանդիպումից եւ Շառլ Միշելի ամեն հայտարարությունից հետո քեզ կանչում են Մոսկվա՝ ականջներդ քաշելու:

Ինչեւէ, ո՞վ է Շառլ Միշելը: Ամբողջական անունն է՝ Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել (Charles Yves Jean Ghislaine Michel): Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 21-ին, Բելգիայի Նամյուր քաղաքում: Ֆրանսախոս է, 2011թ. փետրվարի 14-ից ղեկավարում է «Ռեֆորմատորների շարժում» կուսակցությունը: 2014-2019 թվականներին եղել է Բելգիայի վարչապետը, իսկ 2019-ից Եվրոպական խորհրդի նախագահն է: Պատկառելի կենսագրություն, այնպես չէ՞: Բայց Միշելի բախտը մի հարցում չի բերել: Նա ԵԽ նախագահ է դարձել Եվրոպայի համար բավականին ծանր ժամանակաշրջանում, երբ աշխարհամասի ազդեցիկ մայրաքաղաքները կանգնած են էներգակիրների հայթայթման լրջագույն խնդիրների առջեւ: Իսկ թե ինչու Եվրոպայում կյանքը կտրուկ վատացավ, դա էլ արդեն միանգամայն այլ խոսակցության թեմա է, որին այստեղ չենք անդրադառնա: Կնշենք միայն, որ Շառլ Միշելն այն եվրապաշտոնյան է, որ պարտավոր է ամեն գնով թեթեւացնել Եվրոպայի հոգսերը, այլապես դրանք ավելի են ծանրանում ռուս-ուկրաինական չդադարող հակամարտությունից:

Եվ ահա, Շառլ Միշելի (նույնն է՝ Եվրոպայի) ուշադրության կենտրոնում են հայտնվում Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք խնդիրներ ունեն միմյանց հետ: Ինչո՞ւ չօգտվել դրանից, մանավանդ որ Ադրբեջանից կարելի է նաեւ գազ ստանալ եւ այդկերպ զսպել ԵՄ երկրների էներգաքաղցը: Իրեն հարգող յուրաքանչյուր եվրապաշտոնյա նման հարց կտար ինքն իրեն ու կանցներ գործի: Շառլ Միշելն էլ բացառություն չէ: Եվ մի գեղեցիկ օր, Նիկոլի ծնունդով, թե Ալիեւի կնունքով, նա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հրավիրեց Բրյուսել՝ այդ երկրների միջեւ խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու: Ես տեղեկություն չունեմ՝ Ալիեւն իսկույն համաձայնել է, թե ոչ, բայց գիտեմ, որ Փաշինյանին այդպիսի մի բան էր պետք, որ ճամպրուկն իսկույն դասավորեր: Բրյուսելն էլ հո Տիզբոն չէր, որ Նիկոլը երկար մտածեր՝ գնաաա, չգնաաա: Մի խոսքով, գնաց ու ի՞նչ տեսնի՝ Բրյուսելն ու Բաքուն իրար նախօրոք տեսել, պայմանավորվել են, իրեն էլ բերել են քաղաքավարությունից դրդված: Խաղաղության թղթի վրա Ադրբեջանի 5 կետերն են, որոնց Նիկոլը հավանություն է տվել ԱԳՆ-ի մակարդակով, բայց Ալիեւը ոտքը դեմ է տվել ու չի ուզում այդ 5 կետին 1-2 կետ ավելացնել, որոնք Հայաստանն է առաջարկել: Կարելի էր միանգամից ասել, որ Շառլ Միշելը մնաց բորտին, բայց եվրապաշտոնյան, ինչպես տեսանք, շուտ հանձնվողներից չէ: Եվրոպան շարունակեց սեպարատ բանակցությունները Բաքվի հետ եւ ի վերջո հասավ այդ երկրից գազ գնելու մասին համաձայնագրի ստորագրման՝ Ալիեւին խոստանալով, որ Նիկոլին, այնուամենայնիվ, կհամոզի ստորագրել Բաքվի 5 կետերով խաղաղության համաձայնագիրը: Բայց հենց Բաքուն գազի մատակարարման թուղթ ստորագրեց ԵՄ-ի հետ, Պուտինն իսկույն զանգեց Էրդողանին ու Ալիեւին եւ մի հատ լավ դմփեց ինքնագլխություն հանդես բերելու համար: Ալիեւը ստիպված եղավ հայտարարել, որ Ադրբեջանը Ռուսաստանի շահերը վնասող գազային գործարքի չի գնա Եվրոպայի հետ: Եվ կողմերի միջեւ այսպիսի ջերմ հարաբերությունների պայմաններում նույն Շառլ Միշելի հրավերով կրկին Բրյուսելում են հայտնվում Նիկոլն ու Ալիեւը: Կարելի էր, թերեւս, Շառլ Միշելին հարցնել՝ այ ընկեր, դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս…

Ինչպես եւս սպասվում էր, օգոստոսի 31-ի հանդիպումն էլ ոչինչ չտվեց ու ոչինչ չորոշեց տարածաշրջանում հարատեւ եւ կայուն խաղաղություն հաստատելու առումով: Այդ հանդիպումից հետո Շառլ Միշելը հերթական անգամ հանդես եկավ իր ամփոփիչ հայտարարությամբ, որից մենք ոչինչ չհասկացանք: Փաշինյանը լռեց դրանից հետո, իսկ Ալիեւը խոսեց առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագիրն ստորագրելու մասին՝ հասկացնելով, որ իրենք կստիպեն Փաշինյանին ստորագրել այդ պայմանագիրը: ՀՀ ԱԳՆ-ն այնտեղից արձագանքեց՝ առանց մեր կետերի՝ երբեք: Դրանից հետո միայն կրկին խաղի մեջ մտավ Նիկոլն ու իր մաներայով հայտարարեց, որ պայմանագիրը հնարավոր է տարիներ հետո ստորագրվի: Ասաց ու… կանչվեց Վլադիվոստոկ՝ հերթական Բրյուսելը զեկուցելու. «Ոչ մի նոր բան, Լաձիմիր Լաձիմիրովիչ… Էս անգամ «վաբշե» ուտելու բան չտվին»: