Իրենց նպատակը խաղաղության հասնելը չէ, այլ խաղաղության չհասնելու մեղքը հայկական կողմի վրա բարդելը

Իրենց նպատակը խաղաղության հասնելը չէ, այլ խաղաղության չհասնելու մեղքը հայկական կողմի վրա բարդելը

Օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը։ Բրյուսելյան հանդիպումների եւ այլ թեմաների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- Բրյուսելում Շառլ Միշել-Փաշինյան-Ալիեւ բանակցությունները տեւել են չորս ժամից ավելի եւ, ըստ ադրբեջանական կողմի, անցել են բավականին լարված․ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը փորձել են դիմադրել «խաղաղության պայմանագրի» կնքման նախապատրաստական աշխատանքներով զբաղվող աշխատանքային խմբի գործունեության մեկնարկին, սակայն ադրբեջանական կողմը հասել է նրան, որ որոշվել է` աշխատանքային խմբի հանդիպումը պետք է կայանա նոյեմբերին։ 

- Չգիտեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Բրյուսելում։ Հակված չեմ վստահել ադրբեջանական աղբյուրներին: Ճիշտ այնպես, ինչպես հակված չեմ հավատալ հայկական պաշտոնական լրատվությանը, որովհետեւ, սովորաբար, նման հանդիպումներից հետո հասարակութjան համար գրեթե ամեն ինչ թաքցնում են։ Իմ տպավորությունն  այնպիսին է, որ հայկական կողմը «խաղաղության պայմանագրի» ստորագրումը փորձում է պայմանավորել արցախյան խնդրի գոնե հիշատակմամբ, որ կա այդպիսի խնդիր, ինչն Ադրբեջանը կտրականապես մերժում է եւ փոխարենը առաջարկում է ճանապարհների բացման անվան տակ միջանցքներ, ինչն իր հերթին հայկական կողմն է մերժում։ Քանի որ կողմերի դիրքորոշումներն առնվազն այս երկու հարցերում տրամագծորեն հակադիր են, ես չեմ կարծում, թե «խաղաղության պայմանագիրը» հնարավոր կլինի ստորագրել առաջիկայում, թեեւ նման հույս հայտնում են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

- Օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ «Բաքուն միտված է տապալելու խաղաղության պայմանագիրը», քանի որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։

- Ես կարծում եմ,  որ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ։ Ադրբեջանին պետք է, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվի արցախյան խնդրից։ Ընդհանրապես հրաժարվի Արցախից եւ պարտավորվի անգամ միջազգային ատյաններում չբարձրացնել այդ հարցը, եւ պետք է, որ Հայաստանի տարածքով իրենք ունենան ճանապարհներ, որոնք չեն վերահսկվի հայկական կողմից։ Իրենց նպատակը դա է։ Եվ իրենք խնդիր ունեն՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրականում հայկական կողմն է հրաժարվում «խաղաղության համաձայնագրից», հետեւաբար, դրանով իսկ, իրենց պատկերացմամբ, լեգիտիմ իրավունք են ստանում Արցախում վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում, եւ միաժամանակ շարունակել Հայաստանի շրջափակումը՝ դա պայմանավորելով նրանով, որ՝ դե, եթե դուք այդ ճանապարհները չեք տալիս, մենք էլ Արցախի հետ կապը չենք ապահովում։ Այսինքն՝ իրենց նպատակը խաղաղության հասնելը չէ, իրենց նպատակն է՝ խաղաղության չհասնելու մեղքը  հայկական կողմի  վրա բարդելը։ Իրենք Արցախի հերթական հարցը համարում են լուծված եւ  համարում են, որ դա ընդամենը ժամանակի խնդիր է՝ այ, երկուսուկես տարի հետո ռուս խաղաղապահները կհեռանան, եւ այդ ժամանակ այդ հարցը շատ արագ կլուծվի, առավել եւս՝ եթե Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհը լինի իրենց վերահսկողության տակ։

- Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցում է «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի նստաշրջանին, որին մասնակցում են Վլադիմիր Պուտինը եւ այլ պետությունների ղեկավարներ։ Ինչո՞ւ Կրեմլը որոշեց Փաշինյան-Պուտին հանդիպումը կազմակերպել հենց Վլադիվոստոկում։ Ի սկզբանե որոշված էր, որ Փաշինյանը նախ պետք է մեկնի Ռուսաստան, սակայն հետո փոխվեց ծրագիրը` բրյուսելյան այցը եկավ առաջ։ Մոսկվան այսպես պատժո՞ւմ է Փաշինյանին։

- Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց այդ առիթն օգտագործել ուղղակի զուտ աշխարհագրական պատճառներով, քանի որ շատ հեռու է, եւ այդ հանդիպումը տեւելու է 4 օր։ Ուրիշ բան, որ, այո, Ռուսաստանն ակնհայտորեն խանդով է վերաբերվում Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԵՄ ակտիվացմանը մեր տարածաշրջանում եւ ամեն կերպ, ամեն առիթով փորձում է ցույց տալ, որ  Հարավային Կովկասում հիմնական  որոշողն իրենք են, քանի որ այստեղ ե՛ւ իրենց զորքն է, ե՛ւ իրենք նոր հարթակ են փորձում ձեւավորել՝ 3+3  ձեւաչափով։ Եվ իրենք անընդհատ ասում են, որ Արեւմուտքն այստեղ անելիք չունի, սա մեր հարթակն է։ Այսինքն՝ քանի որ Հայաստանն է ակտիվություն ցուցաբերում, ապա, բնականաբար, Ռուսաստանը պիտի, որպես թույլ կողմի, ճնշումներ գործադրի հայկական կողմի վրա, ինչը եւ մենք տեսնում ենք։

- Փաշինյան-Պուտին հանդիպումից 2 օր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հատվածում ժամկետային զինծառայող զոհվեց։ Ադրբեջանը սրանով ի՞նչ էր ուզում ասել։

- Ադրբեջանին պետք է անընդհատ ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի շտապեցնի Հայաստանին, Ռուսաստանին էլ իր հերթին պետք է, քանի որ այդ փաստաթղթերը պիտի ստորագրվեն Ռուսաստանի հովանու ներքո, այդ թվում՝ առաջին հերթին սահմանազատման, սահմանագծման աշխատանքները։ Ռուսաստանին նույնպես ձեռնտու է, որ հայ-ադրբեջանական շփման գծում միշտ լինի լարվածություն, որպեսզի այդ հարցը միշտ մնա ակտուալ, եւ կողմերից որեւիցե մեկի մտքով չանցնի ժամանակ ձգել՝ կոնկրետ Հայաստանի մտքով չանցնի ժամանակ ձգել եւ հույսեր կապել Արեւմուտքի հետ։ Ռուսաստանը մեր տարածաշրջանում, որպես լծակ, ազդելու է ինչպես հայկական կողմի, այնպես էլ Ադրբեջանի վրա։ Առաջին հերթին՝ հայկական կողմի վրա՝ որպես ավելի թույլ, խոցելի կողմի։

- Այնուամենայնիվ ի՞նչ սպասել այս հանդիպումներից։ Բանակցություններն ի՞նչ կտան հայկական կողմին։

- Չեմ կարծում, թե այս բանակցությունները հայկական կողմին որեւէ նոր բան կտան, ինչու եմ այսպես ասում, որովհետեւ պիտի հասկանանք՝ եթե անգամ ճնշումների ներքո Հայաստանը ստիպված լինի ստորագրել այդ «խաղաղության պայմանագիրը», միեւնույն է՝ դա Արցախի ճակատագրի վրա անմիջական ազդեցություն չի ունենալու, եւ երկրորդը՝ դա Հայաստանի համար ամենացավոտ՝ շրջափակման հարցը չի լուծելու։ Լավագույն դեպքում վերաբերելու է երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչմանը եւ սահմանազատման, սահմանագծման հարցերին, մնացածը, կարծում եմ, մնալու է թղթի վրա, եթե անգամ ստորագրվի։ Դա նաեւ ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ, եթե մեր տարածաշրջանում չկա տեւական խաղաղություն, ուրեմն կա ռուսների անընդհատ ներկայության անհրաժեշտություն, այսինքն՝ դա Ռուսաստանը պահելու է որպես լծակ, որ բերի, ամրապնդի իր դիրքերը մեր տարածաշրջանում։ Հետեւաբար, որեւէ ակնկալիք ունենալ պետք չէ։