«Հրապարակ». Ոչ մի չափահաս ու ադեկվատ մարդ չի հավատում հեքիաթների

«Հրապարակ». Ոչ մի չափահաս ու ադեկվատ մարդ չի հավատում հեքիաթների

Հարցազրույց քաղաքական գործիչ Արա Սահակյանի հետ

- Երեկ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում էր, մասնակցում էր «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի նստաշրջանին, որի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Մասնավորապես, գրեթե սեր է բացատրել Վլադիմիր Պուտինին` ասելով, որ տպավորված է այն օպերատիվությունից, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն արձագանքում հայկական կողմի խնդրանքներին: Ինչո՞վ եք բացատրում այս սիրազեղ պահվածքը եւ ի՞նչ մեսիջներ եք նկատել Վլադիվոստոկի հանդիպումներում, ելույթներում:

- Հանգամանքների ճնշման տակ գլխավոր պատասխանատուի բառապաշար վերադարձան «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում», «Ռուսաստանի դերը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ» սկզբունքային մոտեցումները: Որն է նման կերպարանափոխության պատճառը` Ռուսաստանի հետ տեսակետների մերձեցո՞ւմը, թե՞ սա նրա կողմից անձնական իշխանությունը պահպանելու հուսահատ ճիգ է: Եթե բարձր մակարդակի քաղաքական բանակցությունները բերել են նրան, որ մեր ռազմավարական դաշնակիցը համաձայնել է վերջին պահին Հայաստանը փրկել Թուրքիա-Ադրբեջան զույգի ճիրաններից, դա կնշանավորի իրադարձությունների նոր ընթացք: Իսկ եթե սա հայկական լսարանին հասցեագրված քարոզչական ճարպիկ հնար է, ապա կշարունակվի նախընթաց պարտությունների շարանը:

- Բայց ուշագրավ է, որ խոսվում է տարածաշրջանային անվտանգության ապահովման մասին:

- Դատարկ ու վերամբարձ է հայ-ադրբեջանական հետպատերազմյան` մեզ համար նվաստացուցիչ շփումները «տարածաշրջանային անվտանգություն» անվանելը: Սա հիշեցնում է Արգենտինա-Ջամայկա ֆուտբոլային ողբերգությունը կամ Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի ոչ պակաս նվաստացուցիչ արդյունքները… Չպետք է դադարել հիշեցնել հնարավոր բոլոր ամբիոններից ու հարթակներում, որ ԼՂ հակամարտությունը հրահրել է Ադրբեջանը, երբ պատերազմով պատասխանեց ԼՂԻՄ-ում բնակվող հայ բնակչության ինքնորոշման սահմանադրական պահանջին: Պատերազմի առաջին արարը պսակվեց հայկական կողմի հաղթանակով` շնորհիվ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հաստատված քաղաքական կայունության, ժողովրդական աջակցության եւ, իհարկե, Ռուսաստանի ռազմական, քաղաքական, դիվանագիտական, բարոյական աջակցության: Բարեբախտություն էր, որ Արեւմուտքն էլ համակրանքով էր լցված մեր ազատագրական պայքարի հանդեպ: Պատերազմի վերջին արարում թվարկված բոլոր գործոններն ի նպաստ Ադրբեջանի էին: Ներկա իշխանությունը փորձում է մեր պարտությանը միֆական բացատրություններ ու արդարացումներ տալ` խուսափելով իր քաղաքական պատասխանատվությունից: Թող փորձի` ոչ մի չափահաս ու ադեկվատ մարդ չի հավատում հեքիաթների:  

-  Այնուամենայնիվ, այսօր Ռուսաստանը պասիվ է, եւ դա շատերը բացատրում են ռուս-ուկրաինական պատերազմով: Այս պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են լուծել իրենց հարցերը:

- Պարզունակ ենթադրություն է, թե ՌԴ ուշադրությունը կենտրոնացված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, եւ դա կարող է մեր տարածաշրջանում անկայունության պատճառ դառնալ: Երեւակայական հիվանդություն՝ այլ անուն չեմ գտնում: Ռուսաստանն էլ, ԱՄՆ-ն էլ, Չինաստանը, Թուրքիան ու մնացած բոլոր պետություններն էլ պատերազմների ու ցնցումների այս շրջանում գործում են բազմապատկված ուշադիր ու սեւեռուն բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ ունեն շահ: Էլ չեմ խոսում 20թ. պատերազմի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը կորոնավիրուսով բացատրելու ողորմելի փորձի մասին: Այդ պատերազմը կոկիկ նախապատրաստվեց, եւ դրված ռազմավարական նպատակը հնարավոր կարճ ժամկետում ձեռք բերվեց համաշխարհային կոնսենսուսի միջավայրում` թույլ տալ Ադրբեջանին, Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների օժանդակությամբ, ռազմական ճանապարհով վերջակետ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի որ կողմերը որեւէ շանս չեն թողել հուսալու, թե այն կարող է ունենալ քաղաքական խաղաղ լուծում: Վերջ: