«Հրապարակ». Փաշինյանի հույսը քրեական գործերով անցնող նախկիններն են

«Հրապարակ». Փաշինյանի հույսը քրեական գործերով անցնող նախկիններն են

Հայաստանի 17 համայնքներում սեպտեմբերի 25-ին, ինչպես գիտենք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում։ Ուշագրավ է, որ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ռեպրեսիաների միջոցով էին նախկին «տասովշչիկներին» աշխատեցնում իրենց օգտին, այժմ ՔՊ-ն  ներկայանում է ՀՀԿ-ի կարկառուն ընտրազեղծարարների դեմքով եւ նրանց իր ցուցակներում է ներառել։ Մի շարք համայնքներում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում են կամ առնվազն այդ ցուցակում պատվավոր տեղեր են զբաղեցնում տարիներ շարունակ  համայնքապետի պաշտոն զբաղեցրած եւ աղմկահարույց պատմություններով հայտնի անձինք։ Միայն այն փաստը, որ 2018-ից այս կողմ Նիկոլ Փաշինյանի իրավապահները գրեթե բոլոր համայնքապետերի դեմ գործեր հարուցեցին, եւ հիմա այդ անձինք նորից հավակնում են համայնքապետ ու ավագանի դառնալ, նշանակում է, որ ՔՊ-ն իր շարքերն է ընդգրկել նախկին «թալանչիներին», պաշտոնական դիրքերը չարաշահողներին կամ, ինչպես Փաշինյանը կասեր՝ «սերմացու գողացող մկներին»։

Դիցուք՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ՔՊ-ական թեկնածուներից մեկը` պատգամավոր Արեն Մկրտչյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը, Շնողի նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Դավիթ Ղումաշյանն է։ Այս երբեմնի՝ ուղնուծուծով ՀՀԿ-ականի կարծիքով, ֆեյսբուքյան նախկին էջը ջնջելն ու նորը բացելը բավարար են  հեղափոխական եւ յուրային դառնալու համար։ Ողջ կյանքում ՀՀԿ-ի համար աշխատած եւ ՀՀԿ-ով ապրած անձը իշխանափոխությունից հետո ջնջել է իր էջը եւ «դուխով» գլխարկն է դրել: Սակայն կենդանի մարդիկ ե՛ւ կան, ե՛ւ բազմաթիվ պատմություններ են պատմում նրա անցյալի մասին:

 ՀՀԿ-ականի անդամատոմսով 2016 թվականից գյուղապետ դարձած Ղումաշյանի մասին տասնյակ աղմկոտ հրապարակումներ կան․ մե՛կ այն, որ նա անտառահատումներով կամ դրանց հովանավորչությամբ էր զբաղված: Մե՛կ, որ 2018-ին նա եւ իր մտերիմները ծեծի են ենթարկել համագյուղացիներին, մեկ ուրիշ պատմության համաձայն էլ՝ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, որը վերաբերում է Շնողի ամբուլատորիայի շենքի վաճառքի պատմությանը։ Տասնամյակներ առաջ ջրի գնով վաճառված շենքը հետ վերցնելու հարցով Ղումաշյանը 2019-ին, ըստ քննչականի, վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան, բայց օրեր անց հրաժարվել է ու հետ վերցրել հայցը: Դատախազությունը համարել է, որ Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը չարաշահել է պաշտոնեական լիազորություններն ու անձնական շահագրգռությունից ելնելով է ետ վերցրել հայցադիմումը:

Նույն մարզի Բերդ համայնքի ՔՊ-ական թեկնածուի անցյալն էլ տանում է դեպի ՀՀԿ: 2017 թ․ համայնքի ավագանի ընտրված, իսկ 20-ին Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի տնօրեն նշանակված Վահրամ Սուքիասյանի մասին էլ են հետաքրքիր պատմություններ պատմում: 2018 թվականի իշխանափոխությունից հետո Սուքիասյանը Բերդին կից Տավուշ գյուղի անտառում կառուցել է հանգստյան գոտի, ապա՝ 2020-ին, Փոքր եւ միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության շնորհիվ՝ խելացի անասնագոմ։ 2019 թվականին Սուքիասյաններին պատկանող հանգստյան գոտում Սուքիասյանը եւ փեսան՝ քրոջ ամուսինը, դաժան ծեծի են ենթարկել այնտեղ հանգստացող մի քաղաքացու, ինչին ականատեսներ էլ կան։
Լոռու մարզի Լոռի Բերդ եւ Գյուլագարակ համայնքներում ՔՊ ցուցակը եւս ՀՀԿ-ականներ են գլխավորում` գործող համայնքապետերը, ովքեր նախկինում ներկայացրել են ՀՀԿ-ն։ Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը 2017-ին ընտրվել է որպես ՀՀԿ-ական։ Դրանից առաջ նա Կողեսի գյուղապետն է եղել՝ 2012-ից։ Լոռի Բերդը, հիշեցնենք, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է։ Մամուլը գրեց, որ համայնքի դե ֆակտո ղեկավարը Պապիկյանի հայրն է՝ Ռաֆիկ Պապիկյանը, ով գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանի հետ զբաղված է համայնքապատկան հողերի օտարմամբ, ինչից ստանում են բավականին պատկառելի եկամուտ:

Թերեւս այս մասին է փաստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում ներկայացված 2021թ. նրա գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Արայիկ Ներսիսյանի անվամբ գրանցված է 44 անշարժ գույք, որոնցից 30-ը՝ հողամաս, 4-ը՝ բնակարան՝ Ստեփանավան քաղաքում, 1-ական անհատական բնակելի տներ՝ Ստեփանավանում, Յաղդանում, հասարակական նշանակության շինություններ՝ Ստեփանավանում ու Կողեսում, 3 ավտոտնակ՝ Ստեփանավանում, արտադրական նշանակության շինություն՝ Կողեսում, եւ մեկ բնակարան՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Գույքերի գերակշիռ մասին Արայիկ Ներսիսյանը տիրապետում է միանձնյա սեփականության իրավունքով: Համատեղ սեփականության իրավունքով Արայիկ Ներսիսյանն ունի ընդամենը 4 գույք՝ երեւանյան բնակարանը, Ստեփանավանի սեփական տունը եւ երկու հողամաս: Լոռի Բերդի արդեն ՔՊ-ական համայնքապետը նաեւ 5 միավոր գյուղտեխնիկա ունի՝ անվավոր ու թրթուրավոր մեքենաներ, ինչպես նաեւ 4 հատ մարդատար մեքենա՝ տարբեր մակնիշների, եւ եւս 3 բեռնատար մեքենա: Տիրապետվող բանկային եւ էլեկտրոնային դրամական միջոցների վերաբերյալ տվյալները բացակայում են, բայց հայտարարագրված են 30 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար եւ 10 միլիոն ՀՀ դրամ:

Գյուլագարակում ՔՊ թեկնածու, ներկայիս համայնքապետ Խաչիկ Վարդանյանն այդ պաշտոնում նշանակվել է 2021-ի հուլիսին, երբ 2017-ին համայնքապետ ընտրված Մհեր Գեւորգյանը վաղաժամկետ հրաժարական տվեց։ 2017-ի ընտրություններում ՀՀԿ-ական Խաչիկ Վարդանյանը պարտվել է Մհեր Գեւորգյանին, հիմա եկել է ռեւանշի պահը։ Առաջիկայում կներկայացնենք նաեւ դավանափոխ եղած մյուսներին, ովքեր դարձել են նախկիններին այդքան դատափետող Փաշինյանի հույսը։