Վահան Քերոբյանը նախարա՞ր է, թե՞ ֆիկցիա

Վահան Քերոբյանը նախարա՞ր է, թե՞ ֆիկցիա

Վահան Քերոբյանի` ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց ի վեր մամուլում եւ սոցցանցերում քննարկվում են նրա ձախողված բիզնեսները, սմայլիկներով տիրաժավորվում են անհաջող արտահայտությունները, բայց պարզվում է Քերոբյանի գործունեությունը նախարարությունում ավելի ուշագրավ երանգներ ունի:

Մասնավորապես, ներկայում Էկոնոմիկայի նախարարությունում հովանավորչական ամենաթողության, համարյա քրեական օրենսգրքով նախատեսված արարքների պրակտիկա է երեւում: Ասենք, նախարարության իրավաբանական վարչության  աշխատակիցները հասել են նրան, որ Վարչական դատարանի վճիռ են մեկնաբանում, ընդսմին Վերաքննիչ ու Վճռաբեկ ատյաններում բողոքարկված եւ անփոփոխ թողնված վճիռ: Նախարարությունում համարձակվում են վճիռ չկատարել նույնիսկ այն բանից հետո, երբ գործը հասել է ԴԱՀԿ եւ դատարանի կողմից տրված է Կատարողական թերթ: Հետաքրքիր է, եթե դատարանի վճիռը չկատարելու մասին, որ քրեական հանցագործություն է,  հաղորդում տրվի ՀՀ դատախազություն կամ Քննչական կոմիտե` Վահան Քերոբյանը չքմեղանալու է, թե ինքը տեղյակ չէ իր ենթակաների օրինազանցությանն ու հանցանքների՞ն:

Կամ կոռուպցիոն ամենաթողությունը ո՜ւր հասնի, որ “Հանրային ծառայության մասին” օրենքի բացահայտ ոտնահարումով նույն ընտանիքի մի քանի անդամ` ամուսինը, կինը, մորաքրոջ աղջիկը ընտանեկան կապալի կարգավիճակով մի քանի տարի աշխատեն Մտավոր սեփականության գործակալությունում` անմիջական ստորադասություն-վերադասության պաշտոններում: Ազգականներից մեկը զբաղեցնում է գործակալության պետի պաշտոնակատարի հաստիքը, մյուսը ստորաբաժանման պետի հաստիք, երրորդն էլ այնպես է ոգեւորված ամենաթողությունից, որ գործակալության պետի տեղակալի պաշտոնի համար մրցույթի է մասնակցում:     Այդքանը քիչ է` հենց այս երեք անձինք են (Համբարյան, Շահինյան, Աբգարյան) գործակալության կողմից ներգրավված քաղծառայության մրցույթների հարցաշարերում մտավոր սեփականության ոլորտին առնչվող հարցերի կազմման աշխատանքներին: Այսինքն իրենք հարցեր են գրում, իրենք իրենց գրած հարցերին պատասխանում, որոշ դեպքերում նույնիսկ իրենք իրենց մրցութային հանձնաժողովի անդամի կարգավիճակով գնահատում: 

Այժմ հարց, Եթե Քերոբյանը ֆիկցիա չէ եւ նախարար է, ինչպե՞ս է նման անօրինականություն ծաղկում: 

Ավելին, պարզվում է օրեր առաջ, ապրիլի 1-ին Մտավոր սեփականության գործակալության ստորաբաժանումներից մեկի պետի պաշտոնի համար մրցույթ է կայացել, որին մասնակցել է ընտանեկան կապալի անդամներից մեկը` Աբգարյանը: Մասնակցել է եւ հենց առաջին` գրավոր քննության փուլը չի կարողացել հաղթահարել: Մրցույթի երկրորդ մասնակիցը հաղթահարել է գրավոր փուլը, ապրիլի 5-ին հաղթահարել է նաեւ բանավոր քննության փուլը, ինչից հետո ճանաչվել է մրցույթի հաղթող եւ պետք է նշանակվի պաշտոնում` համաձայն Քաղաքացիական ծառայության մասին օրենքի:  

Մինչդեռ չեն նշանակում: Ինչպե՞ս: Երկյուղելով եւ գրավոր ոչինչ չարձանագրելով, որ պատասխանատվության հարց չծագի, բանավոր կերպով հաղթած թեկնածուին ասել են, թե մրցութային հանձնաժողովի կազմում եղած հինգ անդամներից երեքը մտադիր են իրեն պաշտոնում նշանակելու համար եզրակացության չտալ` իբր չգիտակցելով, որ հանձնաժողովի եզրակացություն տրվում է մրցույթում հաղթելու վերաբերյալ, ոչ թե պաշտոնում նշանակվելու: Հաղթելու եզրակացություն հանձանաժողովը տվել է, իսկ որեւէ այլ եզրակացություն տալ-չտալու իրավասություն չունի: 

Եթե հանձնաժողովի անդամները անգամ չեն տարբերում թե օրենքով իրենց տրված ինչ իրավասություն ունեն, ինչպե՞ս են նախարարությունում ծառայում, առավել եւս` մրցութային հանձնաժողովներում ընդգրկվում: Իսկ եթե տեղյակ են, ապա ի՜նչ կոռուպցիոն փոխկապակցվածությամբ են միավորված, որ աշխատում են օրենքը ոտնահարելով մրցույթին հաջորդող եռօրյա ժամկետը վատնել եւ հաղթող անձին պաշտոնում չնշանակել: Նախարարության կադրերի վարչությունից ոմն Տաշչյան փորձել է անգամ հաղթած թեկնածուից նշանակման դիմումը չվերցնել`  մի բան որ զբաղեցրած դիրքի ակնհայտ չարաշահում է եւ ի չարս գործադրում` համարյա քրեական հետապնդման հիմք: Եվ բոլոր այս հակաօրինական արկածները, կոռուպցիոն հովանավորչությունը կատարվում է օրը ցերեկով, Քերոբյանի տեսադաշտում: Հիմա ինչպես չհարցնես`Քերոբյանը նախարա՞ր է, թե՞ մեղմ ասած` ֆիկցիա:

Եվ վերջինը. ինչու, ինչ մոտիվացիայով է վեր նկարագրված վակխանակիան նախարարությունում ծավալվում: Մեծ հավանականությամբ դրանք նախապատրաստություն եւ զոնդաժ են` այսօր նշանակված մրցույթի բանավոր փուլին ընդառաջ, որով պետք է ընտրվի Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Մտավոր սեփականության գործակալության պետ: 

Մրցույթի մի մասնակիցը այդ կառույցում աշխատել է դրա հիմնադրումից (2002) ի վեր, այնուհետ աշխատել է մտավոր սեփականության ոլորտի միջազգային կառույցներում, մտավոր սեփականության իրավունք է ուսումնասիրել Իտալիայում, Թուրինի համալսարանում, հետո վերադարձել է Հայաստան, Էկոնոմիակայի նախարարություն, աշխատել է եվրոպական կառույցների հետ հարաբերությունների ասպարեզում, այժմ մասնակցում է մրցույթին: Մրցույթի մյուս մասնակիցը գործակալությունում գործող ընտանեկան կապալի անդամ Համբարյանն է, ով եթե ինքը կամ իր մտերիմները չլինեին մրցույթների համար հարցեր կազմողը, ինքն էլ դրանց պատասխանողը, ապա դժվար որեւէ անկախ հանձնաժողովի առջեւ, առանց նախապես իրեն տրված հարցաշարերի ունակ լիներ մրցութային փուլ հաղթահարել: 

Այժմ ամենայն հավանականությամբ օրինազանցության ու կոռուպցիայի մեխանիզմը ուղղվել է նրան, որ  հնարավորության դեպքում մրցույթում Համբարյանի հաղթելը ապահովվի, իսկ դրա անհնարինության պարագայում, արդեն փորձարկվող` մրցույթում հաղթող մասնակցին եզրակացության չտալու հիմքով պաշտոնը ազատ պահվի եւ Համբարյանը որպես պաշտոնակատար թողնվի: 

Ի՞նչ է մնում անել պատկան կառույցներին ստեղծված իրադրությունում` Քաղծառայության գրասենյակից, Պետական վերահսկողական ծառայությունից, վարչապետի աշխատակազմից սկսած: Մնում է, որ իրենք զբաղվեն այսօրվա քննությամբ, եթե նախարար կամ ֆիկցիա Քերոբյանը անկարող է իր նախարարությունում կարգուկանոն հաստատել: