Ես և Արթուր Մանուկյանը

Ես և Արթուր Մանուկյանը

Ազգային ժողովով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի ելութն ու դրան հաջորդած հարց ու պատասխանը լսեցի: Ամբողջովին կիսում եմ այն, ինչ վերաբերում էր նախկին իշխանություններին: Ոչ միայն կիսում եմ, այլև ժամանակին կռիվ եմ տվել բոլոր այդ բացասական երևույթների դեմ: Բայց ոչ մշակութային առումով, այլ հասարակական-քաղաքական տեսակետից: Կռիվ եմ տվել փողոցում, ընտրատեղամասում, ֆեյսբուքում. դրա մասին բազմիցս եմ խոսել: Արթուր Մանուկյանը հումանիտար կրթություն ունի. ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ջութակի բաժինը, այնուհետև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Իմն էլ է հումանիտար, բայց բանասիրական թեքումով: Նա ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր: 2018-ի դեկտեմբերին ես նրանից մեկն էի, ով ընտրել է նրան կամ իր գործընկերներին: Այսքանով մեր ընդհանրությունն ավարտվում է:

Ավարտվում է, քանի որ երաժիշտ, երգիչ, դերասան, ռեժիսոր Արթուր Մանուկյանը չնկատեց կամ, ավելի ճիշտ, չցանկացավ նկատել Փաշինյանի վարչապետության վտանգավոր սխալները: Չցանկացավ նկատել թե՛ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և թե՛ հատկապես դրանից հետո: Որովհետև, ի տարբերություն ինձ, ինքը կուսակցական էր՝ ՔՊԿ-ական: Եվ, բնականաբար, զրկված էր իր կուսակցական առաջնորդի բացթողումներն ու ձախողումները (դրանք դեռ մինչև սեպտեմբերի 27-ը) նկատելու իրավունքից: Իսկ ես անընդհատ նկատում ու բարձրաձայնում էի դրանց մասին: Ու հենց այդ պատճառով ինքն, ի տարբերություն տողերիս հեղինակի, այսօր առաջադրվում է վերը նշված հանձնաժողովի անդամի թեկնածու: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էլ ինքն այն պատգամավորների թվում չէր, ովքեր լքեցին իրենց կուսակցական առաջնորդին: Չնայած պատասխանելով Արցախը կորցնելու վերաբերյալ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, պատասխանեց որ մեծ ցավ է ապրել: Հավատում եմ: Արվեստագետ մարդը չէր կարող ցավ չապրել թե՛ մեր խայտառակ պարտության, թե՛ մարդկային ու տարածքային կորուստների և թե՛ գերիների առումով:

Բայց ողջ խնդիրն այն է, որ ինքն իր ցավը պահեց իր ներսում, ու դա մենք չզգացինք: Եվ դա հիմնավորեց, որ ցավի ցուցադրություն չէր անելու: Համաձայն եմ, ցավի ցուցադրություն պետք չէր անել: Սակայն մենք դա կզգայինք՝ եթե ինքը որպես պատգամավոր հեռանար այն խմբակցությունից ու կուսակցությունից, որի առաջնորդի մեղքով էր տեղի ունեցել այդ ամենը: Այն, ինչ արեցին այդ խմբակցության մի քանի ազնիվ անդամներ: Բայց նրա մեջ կուսակցականությունը (կամ քաղաքականությունը) հաղթել է արվեստագետին: Դա ինքը չի ընկալել, քանի որ քաղաքականությունը վեր է դասում ամեն ինչից: Նույնիսկ մտածում է, որ արվեստը չի կարող լինել ոչ քաղաքական: Եվ որպես ասվածի հավաստում տվեց անտիկ հունական դրամատուրգներից մեկի անունը (հոդվածը գրելու պահին մոռացել եմ, թե որ մեկի): Իսկ իրական արվեստը հենց այն է, որ դուրս է քաղաքականությունից: Եվ նույնիսկ քաղաքականության վերաբերյալ արվեստի գործում գերակշռողը պետք է լինեն մարդկային հույզերը, փոխհարաբերությունները և այլն, և այլն, բայց ոչ հենց ինքը՝ քաղաքականությունը:

Ինչ մնում է պարեկի վերափոխված ուսուցչի վերաբերյալ հարցին, որին ինքը պատասխանեց, որ եթե մարդը նման բան է արել, ապա ուսուցիչ լինելու իրավունք չուներ, ապա դրան համաձայն եմ: Միաժամանակ կարծում եմ, որ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծեր, որ ուսուցիչը չցանկանար թողնել իր աշխատանքը հանուն ընտանիք պահելու: Դեռևս կես դար առաջ Իսրայել պետության 5-րդ վարչապետ Գոլդա Մեիրն է ասել, որ պետությունը պետք է առաջին հերթին գնահատի ուսուցչին, բժշկին և զինվորականին: Մենք դա չտեսանք նախկինների օրոք, չենք տեսնում իր կուսակցական առաջնորդի օրոք: Դրա փոխարեն այսօր բարձր աշխատավարձեր են հատկացվում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի անվտանգությունն ապահովող ոստիկաներին: Եվ ուսուցիչն էլ ստիպված ոստիկանի է «փոխարկվում»: