Պետականազրկման ու ցեղասպանության չիրացված դասերը
Սիրողականության, ապիկարության, անփութության եւ դավաճանության միախառնում՝ այսպես կարելի է կարճառոտ բնորոշել հետպատերազմյան Հայաստանի կառավարումը։ Իշխանությունն արտաքին քաղաքականություն է իրականացնում ոչ թե հիմնարար փաստաթղթերով՝ Անկախության հռչակագրից մինչեւ երկկողմ միջպետական պայմանագրեր, այլ թշնամու հետ բանավոր փոխըմբռնումներով եւ պայմանավորվածություններով։ Երկրի տարածքային ամբողջականության համար հանձնառու սուբյեկտները՝ նախագահն ու վարչապետը, այն զիջում են այնպիսի անհոգությամբ, կարծես ժառանգաբար փոխանցված ունեցվածքի հետ գործ ունեն։
Հայաստանի դեմ առնվազն երկու ճակատով անտեսանելի պատերազմը շարունակվում է, թեեւ ռազմական դրություն հայտարարված չէ, փոխարենը խաղաղասիրության քարոզն է թեւածում։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ հայկական եւ ադրբեջանական զորքերն Արցախում կանգ են առնում զբաղեցրած դիրքերում, սակայն թշնամին անցած ավելի քան մեկ տարում մի քանի ուղղություններով էապես ամրապնդվել է եւ առաջխաղացում ունեցել։ Հիմա Արցախի պատկան մարմինները գոնե երբեմն պարզաբանումներ են տարածում, պատերազմից հետո Արցախից ստացվող տեղեկատվության աղբյուրը կա՛մ համայնքապետերն էին, կա՛մ Սեմյոն Պեգովի WarGonzo-ն։
Ազգային ոտնահարվող շահերի հերթական փունջը վերաբերում է արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին, հանրությունից գաղտնի պահված հերթական որոշմանը՝ այդ հարցով միջպետական հանձնաժողովի ձեւավորմանը։ Թշնամու հետ մեր սահմանը պատմականորեն երբեք որոշված չի եղել, սահմանազատումն ինքնին չափազանց բարդ գործընթաց է, եւ հանկարծ՝ մի աննկարագրելի հապճեպությամբ Փաշինյանը նետվում է հորձանքի մեջ՝ Ադրբեջանին զիջելու սահմանային բոլոր նպաստավոր բլրակները, դիրքերը, հենակետերը։
Ոչ մի պարզաբանում, թե խորհրդային շրջանի այդ որ քարտեզով եւ ինչու հենց դրանով է սահմանազատումն իրականացվելու։ Ի վերջո, չավարտված հակամարտության մեջ գտնվող, համապարփակ կարգավորման չհասած եւ խաղաղության փաստաթուղթ չստորագրած երկրները սահմանագծում են անում՝ հաղթածի պարտադրանքով եւ պարտվածի լռության ներքո։ Ե՛վ սահմանային մարտերի, ե՛ւ բանավոր պայմանավորվածությունների հետեւանքով Հայաստանը տարածքներ է զիջում, արդյունքում՝ Բաքվի հռետորաբանությունը միայն լկտիանում է, նախկինում անլուրջ համարվող պնդումները, թե Երեւանը, Սյունիքն ու Սեւանն իրենցն են, արդեն սկսում են ներադրբեջանական լուրջ կոնսոլիդացման առարկա դառնալ։ Ճակատագրի հեգնանքով՝ իր հայրենի Տավուշից տարածքային զիջումների մասին հենց Փաշինյանն էլ ազդարարեց, թերեւս միայն Իջեւանին ոչինչ չի սպառնում։
Եթե առկա է հանրային համաձայնություն, որ գործող վարչախումբն անկարող է բավարարելու հանրության մեծամասնության հիմնական պահանջմունքները՝ անվտանգությունից մինչեւ բարեկեցություն, ուրեմն այն կորցրել է լեգիտիմությունը։ Խոսքը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլեւ նրա կառավարության անդամների եւ ՔՊ-ական մեծամասնության մասին է։ Նրանք քաղաքական պատասխանատվության հսկայական բեռ են կրում եւ հետագայում չպետք է կարողանան արդարանալ, թե իրենց սպառնալիքներով էին պահում իշխանության մեջ։
Անցած տարեվերջին Փաշինյանը խնդրում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին հստակ պատասխանել՝ իրենք ուզո՞ւմ են մեզ ցեղասպանել։ Ե՛վ Էրդողանը, ե՛ւ Ալիեւը բազմիցս հաստատական պատասխան են տվել այս հարցին եւ գործնականում ապացուցել դա։ Խնդիրը հայկական կողմից արձագանքի իսպառ բացակայությունն է, հետեւաբար՝ մեր բնակչության ուղղակի ֆիզիկական անվտանգությունը, այլ կերպ ասած՝ նոր ցեղասպանության կանխումը։ Բացառապես մեր ժողովրդի հավաքական իմաստնությունից է կախված՝ կկանխվի՞ այն, թե՞ կկրկնվի հարյուրամյա վաղեմության սցենարը։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ