Ժողովրդավարություն՝ բռնապետական դեմքով

Ժողովրդավարություն՝ բռնապետական դեմքով

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության խնդրի օրենսդրական կարգավորումը քննարկելիս նիկոլական ուսապարկերն անընդհատ դիֆերամբներ էին ձոնում իրենց ժողովրդավարությանը: Ինչը, բնականաբար, նորություն չէր եւ կրկին, բնականաբար, այսօրվա հայաստանյան իրականությունից հեռու էր կիլոմետրերով: Թե քանի կիլոմետրով՝ իրենք շատ ավելի լավ կիմանան: Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորման հարցին, ապա այն արդեն ստացել է պատգամավորական անվանում՝ ««Արթուր Ղազինյանի» վերաբերյալ օրենքի նախագիծ»: Այն, որ ամեն ինչ պետք է արվեր Արթուր Ղազինյանին նշված հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելու համար՝ պարզ էր ի սկզբանե:

Եվ որ մի օր գործը կհասներ այդ նպատակին օրենք հարմարեցնելուն՝ դա էլ էր հասկանալի: Բայց որ նման քայլ նախաձեռնող խմբակցությունն ինքն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարական իշխանություն… Բայց, մեծ հաշվով, դա էլ էր սպասելի: Հընթացս չէին մոռանում հիշատակել նախկինների կողմից օրենքների խախտման դեպքերը: Անսպասելին ինքնամոռաց ինքնագովազդն էր, որ այս իշխանությունն ամեն ինչ անում է օրենքով: Չնայած երեւի արդեն մոռացել են, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու համար իրենք Սահմանադրություն խախտեցին: Բայց քանի որ իրենք երկրի ներսում դեռեւս հաղթողի կարգավիճակ ունեն, ապա ինչ ցանկանան, այն էլ կանեն: 

Քննարկմանը, ընդմիջումից հետո, հետեւեց կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամը, եւ այն բազմաթիվ հետաքրքիր դիտարկումների տեղիք տվեց: Հատկապես մեկը, որ առնչվեց դրան նախորդող քննարկման բովանդակությանը: Խնդիրը վերաբերում էր Թուրքիայի ներկայացուցչի հետ երկխոսելու համար Հայաստանի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ նշանակելուն: Ընդդիմադիր պատգամավորների կողմից ՀՀ Սահմանադրության, ԱԺ կանոնակարգ-օրենքի համապատասխան հոդվածներ ընթերցելը որեւէ ազդեցություն չթողեց թե՛ ուսապարկերի եւ թե՛ նրանց առաջնորդի վրա: Որպես ՀՀ վարչապետ հանդես եկող անձն ուղղակի հայտարարեց, որ ինքն է նշանակել ԱԺ նախագահի տեղակալ Ռ. Ռուբինյանին  հատուկ ներկայացուցչի կարգավիճակում: Եվ դրա համար իրեն անհրաժեշտ չէր որեւէ իրավական հիմնավորում կամ փաստաթղթի պատրաստում: Եվ հայտարարում է, որ ինքն էլ պատասխանատվություն է կրելու հայ-թուրքական պաշտոնական երկխոսության արդյունքների համար:

Ու թեեւ իրեն հիշեցրին, որ նախորդ անգամ (նախանցյալ տարվա պատերազմի հետ կապված) արդեն ինքը չքմեղացել էր, թե ինչու իրեն չեն «զգուշացրել» հետեւանքների մասին: Պատկերացնում եք՝ այն Փաշինյանը, որի սուրն աջ ու ձախ էր կտրում երկրի ներսում, կարող էր նման «նահանջ» արձանագրել: Բայց քանի որ ոմանց համար ազգափրկիչ, իսկ իրականում ազգակործան պատուհասը (նրա հոգեւոր հոր ասելով) նման երեւույթները մոռանալու սովորություն ունի, ապա, բնականաբար, փորձեց մոռացության մատնել եւ անդրադառնալ դրան:

Բայց ինքը չմոռացավ ասել, որ Ռ. Ռուբինյանը հաշվետու է իրեն եւ իր իշխանությանը (Անվտանգության խորհրդին)՝ չմոռանալով հիշատակել ժողովրդի մասին: Իհարկե, ինքը նկատի ուներ միայն իրեն ձայն տված ժողովրդին: Իսկ որ՝ թեկուզ կրկնակի քիչ, սակայն ժողովրդի մեկ այլ մաս էլ ձայն էր տվել ընդդիմությանը՝ դա նրան չէր հուզում: Նրան բացարձակ չհուզեց նաեւ, որ  խորհրդարանական կառավարմամբ երկրում Ռուբինյանը պետք է հաշվետու լիներ նաեւ խորհրդարանին՝ հատկապես, որ ինքն այդ կառույցի փոխնախագահն է: Բայց նախկիններին օրենք խախտելու մեջ մեղադրող իշխանությունն էն գլխից թքած ուներ օրենքների վրա: Եթե այդպես չլիներ, ապա այսօր ինքը չէր զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Եվ երկիրն էլ չէր լինի այն ահավոր վիճակում, որի մեջ հայտնվել է իր վարչապետության պատճառով: