2050՝ մի՞ֆ, թե՞ սպառնալիք

2050՝ մի՞ֆ, թե՞ սպառնալիք

Օրերս մի տեղ առկայծեց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մարդկանց հետ քննարկել է 2050 թվականի հետ կապված իր կանխատեսումներն ու, այսպես կոչված՝ ծրագրերը: Չգիտեմ ինչ մարդիկ են եղել նրա շուրջ այդ պահին, բայց նրանցից ոմանք, հավանաբար, քմծիծաղով են ընդունել ժողվարչապետի հերթական բոցը: Մարդու թիմը դեռ ծառերի վրա է ապրում, խորհրդարանում քացիներ տալիս, իսկ նա ծրագրել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Մունդիալ է հաղթելու… Խելքի աշեցեք:

Ես ո՛չ ավելորդ նյարդեր ունեմ փչացնելու, ո՛չ էլ Փաշինյանի հետ 2050թ. հասնելու հնարավորություն: Տարիքի հարց կա, ի վերջո, ինչն ինձ ստիպում է անել ամեն ինչ, որ ոչ միայն Հայաստանը չհայտնվի Նիկոլի 2050-ում, այլեւ Նիկոլը՝ ինքը: Բանն այն է, որ Հայաստանը Նիկոլի հետ 2050թ. հասնելու մեկ ձեւ ունի ընդամենը՝ հաշմանդամի անվասայլակով՝ ծանր ինսուլտով, բացիլախեղդ, բորոտ, ցնցոտիների մեջ կորած: Այլ ապագա Նիկոլի հետ պարզապես չկա: Իսկ ես չեմ ուզում, որ մեր երեխաներն ու թոռներն ապրեն այդպիսի Հայաստանում: Չեք պատկերացնի, բայց մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ՝ կարող է միայն ե՞ս չեմ հավատում այդ ապագային: Ու մեկ էլ հանկարծ իմանում եմ, որ ԱՄՆ դեսպանատան մոտ ցույց է, մեր հպարտ քաղաքացիները ինքնահրկիզման են պատրաստ՝ «գրին քարտից» չզրկվելու եւ այդ նպատակով վճարած փողերը չկորցնելու համար: Սա ինձ փախեփախ է հիշեցնում արդեն: Էս ո՞ւր, հայեր, որ 680 հազար ձայն տվեցիք անճարակ խաբեբաներին: Իսկ գուցե դուք է՞լ չեք հավատում, որ 2050 թվին մեր ֆուտբոլի հավաքականն աշխարհի չեմպիոն է դառնալու, կամ Հայաստանում ծերության թոշակը, 2048 թվականից սկսած, կրկնակի գերազանցելու է աշխարհի ամենազարգացած երկրների տվածին:

Մի ուրիշ փաստարկ բերեմ: Երկու տարում Քաղավիացիայի հերն անիծած, Հայաստանին բոլոր միջկոնտինենտալ գծերից գցած Փաշինյանն իր չորրորդ տարում ընդամենը մի հատ գիծ է բացել՝ Ստամբուլ-Երեւան, ու արդեն 10 օր է՝ դուդուկը միացրած երգում են՝ Գռզոն կթռնի Ստամբուլ: Էհ, Գռզոն հազիվ էլ Ստամբուլ թռնի, բա հո չի՞ կարող Մոսկվա, Փարիզ կամ թե չէ Լոս Անջելես թռնել: Ո՞վ կթողնի: Դա էլ հո Նիկոլի որոշելիքը չէ: Էրդողանն է թողել՝ Գռզոն էլ Ստամբուլ պետք է թռներ, ի՞նչ բարդ բան կա դրա մեջ: Այսքանից հետո գոնե Գռզոն գլուխ գովեր, կասեի՝ հա, բայց դու տես, որ Նիկոլն է գլուխ գովում:

Հապա փորձեք առողջապահության նախարարուհի Անահիտ Ավանեսյանին եւ նրա կուրատոր Արսեն Թորոսյանին պատկերացնել 2050 թվականին: Խեղճ 2050 թվական: Եվ ուրեմն՝ հենց 2050-ի զանգերը տան, Հայաստանը հռչակվելու է աշխարհում ամենաբարձրակարգ բժշկական ծառայությունները մատուցող երկիր: Ի՜նչ Գերմանիա, ի՜նչ Իսրայել, ի՜նչ ԱՄՆ: Իսկ մինչ այդ, հավանաբար, պետք է ըմբռնումով մոտենանք հիշատակված զույգի այսօրվա խեղկատակություններին: Իսկ ումի՞ց են գալիս այդ խեղկատակությունները… Բնականաբար՝ երկու էշի գարի իրարից ջոկել չկարողացող շեֆից: Եվ սրանք, որ մինչ օրս կորոնավիրուսի եւ պատերազմի զոհերին պլյուս-մինուս 700-ի միջակայքում են հաշվում, որ իրենց ներքին օրգանները ժողովրդին ցույց չտալու համար դիմակով են ֆռֆռում, պետք է կարողանա՞ն 2050-ին վերականգնել իրենց իսկ քանդած պետպատվերը կամ անվճար բուժօգնության մյուս հնարավորությունները:

2050թ. դեկտեմբերի 31-ին տնտեսությունը պետք է փթթած լինի այն աստիճան, որ մենք կարողանանք աշխարհին հայտարարել մեր ինքնաբավության մասին… Բայց ինչո՞ւ եք ծիծաղում, մի՞թե երբեք բախտ չեք ունեցել ներկա գտնվելու տնտեսագիտական համալսարանում Նիկոլի կարդացած դասախոսություններին: Ի՜նչ եք կորցրել… Ուրեմն սա մի անգամ մտել է առաջին կուրս ու կարգադրել՝ գրեք.
- Ես այսօր մասնակցել եմ հետհեղափոխական Հայաստանում ավտոմեքենաշինական առաջին, առայժմ միակ եւ աննախադեպ գործարանի բացմանը: Մինչեւ 2050 թվականը նախատեսվում է արտադրել այնքան մարդատար ավտոմեքենա, որքան արտադրում են Ford-ը, BMW-ն եւ Mercedes Benz-ը միասին վերցրած…
- Ուռա՛,- բացականչել են ուսանողները, Հայաստանի ամեն հպարտ շնչին 4-5 ավտո կհասնի:
- Այո, բայց մի շտապեք,- անվրդով շարունակել է Նիկոլը,- մենք այդ ավտոմեքենաները կարտահանենք, կվաճառենք զարգացած երկրներում եւ այդ գումարներով էժան դիզվառելիք, նավթ ու գազ կգնենք…
- Ուռա՛,- կրկին բացականչում են ուսանողները, Հայաստանում էժան դիզվառելիք, բենզին, նավթ ու գազ կլինի…
- Այո, բայց մի շտապեք, մենք այդ ամենը կարտահանենք Վրաստան, քանի որ Վրաստանի վարչապետն իմ ընկերն է, եւ այնտեղից կախեթի գինի կբերենք…
- Ուռա՛, տժժալու ենք…
- Այո, բայց մի շտապեք, մենք այդ գինին կարտահանենք Ռուսաստան եւ այնտեղից բադի միս կբերենք…
- Բադի մի՞ս, բայց մենք բադի միս ե՞րբ ենք ուտում որ, պարոն վարչապետ:
- Մենք չենք ուտում՝ չինացիներն են ուտում, մենք այդ բադի միսը կարտահանենք Չինաստան, իսկ այնտեղից չինական ավտոմեքենաներ կբերենք:
- Ուռա՛, ամեն շնչին 4-5 հատ մեքենա կհասնի:
- Այո, բայց մի շտապեք, մենք այդ ավտոմեքենաները կարտահանենք զարգացած երկրներ եւ այնտեղից դիզվառելիք, բենզին, նավթ ու գազ կբերենք…

Ասում են՝ իբր այդ պահին զանգը տվել է, եւ Նիկոլը, ուսանողներին դիմելով, ասել է՝ մնացածի մասին՝ հաջորդ դասին:

2050 թվականին խնդիրներ կունենան դատախազությունը, Սասունի, Ջհանգիրյանի օբյեկտները եւ ոստիկանությունը: Առաջին երեքը կփակվեն, իսկ վերջինը կկրճատվի՝ օպտիմալացման անվան տակ: Ոստիկանապետը կնշանակվի Նիկոլի թիկնազորի պետ եւ ընդամենը 20-30 հազար ոստիկաններով կապահովի նրա անվտանգությունը: ԱԺ-ում կարգ պահպանող «կանաչ մարդուկները» կնշանակվեն տեղից վեր թռչող ՔՊ-ական անօդաչու պատգամավորների օգնականներ: Եվ, իհարկե, չմոռանանք շպիոնների ինստիտուտի մասին, որ 2050-ին կլինի զուտ խորհրդանշական կառույց եւ կփոխարինի ԱԱԾ-ին:

Դե հիմա ինձ ասեք՝ ո՞վ է համաձայն այս բագաժով տեղափոխվել ու ապրել 2050 թվականի Հայաստանում, որն ի լրումն այս ամենի՝ նաեւ Թուրքիայի կանգնելու հետ կանգնելու է, Ադրբեջանի նստելու հետ՝ նստի: