Արդյո՞ք ԱՀԿ-ին հաճոյանալով, Հայաստանը պատրաստ է ոչնչացնել ռեստորանային բիզնեսը

Արդյո՞ք ԱՀԿ-ին հաճոյանալով, Հայաստանը պատրաստ է ոչնչացնել ռեստորանային բիզնեսը

Դեռեւս դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարությունը «շնորհավորեց» ՀՀ քաղաքացիների գալիք տոնը՝ հայտարարելով, որ հունվարի 1-ից ռեստորաններում, հանրային սննդի այլ օբյեկտներում, մշակութային օջախներում ՀՀ քաղաքացիներից QR կոդ է պահանջվելու, իսկ չպահանջելու դեպքում սանկցիաներ կկիրառվեն:  

Հետագայում, հավանաբար, գնահատելով սեփական դաժանության աստիճանը, նախարարը հետաձգեց ժամկետը 22 օրով, ինչը, սակայն, քիչ բան է փոխում սննդի  օբյեկտների ճակատագրում: Նրանք էապես վնասներ են կրելու՝ զրկվելով «երդվյալ չպատվաստվող» հաճախորդներից: 

Եվրոպան ոչնչացնում է ռեստորանային բիզնեսը, մենք էլ մերն ենք ոչնչացնելու

Թե ինչպես է ազդելու այս միջոցը ՀՀ առանց այդ էլ տկար, օր-օրի խեղճացող ՀՀ տնտեսության վրա, հարցը բաց է: Որեւէ հաշվարկ կամ կանխատեսում կառավարությունը հարցի շուրջ չի ներկայացրել: Երեկ խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այն կրկին բարձրացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի առաջ. արդյոք գնահատվե՞լ է, թե ինչպես է սահմանափակումն ազդելու տնտեսության վրա: Նույնիսկ կոնկրետ օրինակ բերեց՝ շուտով «Փարավոն» ռեստորանում կայանալու է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ «Կարո՞ղ եք հետեւել, որ բոլորը ներկայանան պատվաստման սերտիֆիկատով կամ թեստի բացասական արդյունքով։ Խնդրում եմ՝ դա արե՛ք ու հանրությանը ցու՛յց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Ինչպեսեւ սպասվում էր, փոխնախարար Նանուշյանը Ղազինյանի հարցերին չպատասխանեց (հարցին չվերաբերող նրա պատասխանները մեզ իրավունք են վերապահում պատասխանը բաց թողնել՝ Ս. Ս.): Իշխանության ամենատարածված հակադարձումը, որը երեկ հնչեց նաեւ խորհրդարանում, այն է, որ ամբողջ Եվրոպայում սահմանափակվում է առանց QR կոդերի մուտքը հանրային սննդի վայրեր, մենք էլ պետք է սահմանափակենք: 

Կառավարությունը չունի այնքան վստահություն, որ մարդիկ կամավոր պատվաստվեն

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ Եվրոպայի եւ այլ զարգացած երկրների հետ համեմատություններն անհեթեթ են: «Այդ երկրներում, որոնք նման սահմանափակում են կիրառում, պատվաստվածների թիվը գերազանցում է 60-70 տոկոսը: Մեր դեպքում այդ ցուցանիշը 40-50 տոկոս է: Եթե մեզ մոտ էլ այդքան կազմեր պատվաստվածների թիվը, մեր բիզնեսի վրա մեծ ազդեցություն չէր լինի, առանձին դեպքերում չէին էլ ստուգի QR կոդ, քանի որ մեծ մասամբ մարդիկ պատվաստված կլինեին»,- ասում է Պարսյանը: Ակնհայտ է, որ մեր առողջապահական համակարգը, կառավարությունը չեն կարողացել մարդկանց մոտ այնքան վստահություն ստեղծել, որ մարդիկ գնան, կամավոր պատվաստվեն, եւ հիմա, ըստ տնտեսագետի, նրանք փորձում են համավարակի դեմն առնելու խնդիրը լուծել ի հաշիվ բիզնեսի, որ պարտադրանքի գործառույթն իրենց փոխարեն իրականացնեն տնտեսվարողները: «Բա իրենք ի՞նչ են անելու: Սրա արդյունավետությունը շատ ցածր է լինելու, քանի որ առողջապահական տեսչությունն ի վիճակի չի լինելու բոլոր օբյեկտները ստուգել, բոլոր ժամերին ստուգել: Ստուգումները կլինեն թիրախային, ցուցադրական, նույն ռեստորանը մի քանի անգամ կներկայացվի հեռուստատեսությամբ»,- կանխատեսում է Սուրեն Պարսյանը:

Նա հիշեցնում է. «Իրավական ակտերը պետք է անցնեն ազդեցության գնահատական՝ տնտեսական, սոցիալական, կոռուպցիոն եւ այլն, ինչը երկար տարիների ընթացքում, նույնիսկ օրենքների դեպքում, գործող իշխանությունը չի իրականացնում: Այս դեպքում էլ նախարարի այս հրամանի գնահատական ազդեցության մասով չկա: Նրանք նայում են խնդրին զուտ համավարակի տարածման տեսանկյունից՝ անտեսելով մյուս հարցերը: Այս որոշմանը զուգահեռ այլ՝ կանխարգելիչ, բիզնեսին աջակցող քայլեր չկան: Միայն իմպերատիվ պահանջ է դրված բիզնեսի առաջ, բայց որեւէ աջակցություն բիզնեսին չկա: Օրինակ, կարող էին QR կոդերի ստուգման սարքերով ապահովել, որոնք արդեն կան համաշխարհային շուկայում»: 

Եթե մարդիկ սկսեն չգնալ ռեստորաններ, ապա 85 տոկոսով բիզնեսը վնասվելու է

Աջակցության որեւէ տարբերակ ռեստորաններին առաջարկվե՞լ է: Հարցն ուղղեցինք «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանին: Նա ասաց. 

- Ոչ: Ռեստորանները պատրաստ չեն սահմանափակումների եւ սանկցիաների կիրառման: Ես լսում էի ԱԺ ելույթները եւ հիացած եմ, թե ինչպես են առողջապահության պատասխանատուները կարողանում մանիպուլացնել իրենց կուսակցական պատկանելությունը եւ այդ հողի վրա մերժել բոլոր ռացիոնալ մոտեցումները: Հանրային առողջության գաղափար են բերում, որն իրենք էլ չեն կարողանում ձեւակերպել: Իրենք էլ չեն կարողանում բացատրել, թե ինչու տրանսպորտում չեն պահանջում QR կոդեր, իսկ ռեստորանում պահանջում են: 

- Նրանց պատասխանն այն է, որ տրանսպորտով մարդը գնում է կա՛մ աշխատավայր, կա՛մ ռեստորան, որտեղ կան սահմանափակումներ: 

- Ձեզ թվում է՝ ռեստորանի այցելուն գնալու է ստիպված պատվաստվելո՞ւ: Ոչ ոք ստիպված չի պատվաստվելու: Իրենք տապալել են այս աշխատանքը:

- Բիզնեսի կորուստները որքա՞ն կլինեն: 

- Եթե մարդիկ սկսեն չգնալ ռեստորաններ, ապա 85 տոկոսով բիզնեսը վնասվելու է, ինչպես եղավ Մոսկվայում, երբ իրենք 1,5 շաբաթով փակեցին դրանք: Երբ խորհրդարանում «իրենցքայլականներին» հարցնում են՝ սոցիալական պատասխանատվություն հետեւանքների համար պետությունը կրում է, թե ոչ, նրանք անդադար շրջանցում են էս հարցը: Մարդիկ մնացին անգործ, ո՞վ է դրա  պատասխանատուն: Վակցինացված մարդը վարակվում է ու վարակում է, իրենք ասում են՝ մեկ է, համավարակի նվազեցում է գնում: Բայց ասելով՝ ոչինչ, մեկ է, նվազեցում է գնում, չի կարելի ոչնչացնել ռեստորանային բիզնեսը: Հասկանալի է, որ պադավատներն ու պրեմիաները մարսել են, ավելի լավ տուն ու ավելի լավ շորը հասկացել են, բայց պատասխանատվությունը իշխանության հետ եկող էս մարդկանց հասու դարձե՞լ է: Արդյո՞ք ԱՀԿ-ին հաճոյանալու ճանապարհին մենք պատրաստ ենք ոչնչացնել բիզնեսը: