Նախ արժեզրկեցին, հիմա էլ կրճատում են

Նախ արժեզրկեցին, հիմա էլ կրճատում են

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ նոր կառավարությունը կրճատում է այն նախարարությունները, որոնց գործունեությունը չի կարևորում, ուստի նրան հարցրինք՝ եթե սփյուռքի նախարարությունը դառնա ԱԳՆ կոմիտե, դրանից սփյուռքի հետ կապերը տուժելո՞ւ են․

« Հետաքրքիր մոտեցում կա։ Նախարարությունը կրճատելու համար նախ փորձեցին այդ նախարարությունը հեղինակազրկել, չկարևորել այդ նախարարության դերը այս վերջին 6 ամիսների ընթացքում։ Եվ հիմա լրիվ տրամաբանական է դարձել սփյուռքի նախարարության գործունեության դադարը և արտաքին գործերի նախարարությունում որպես կոմիտե դրա գործունեությունը։ Մենք տեսանք շարունակական գործընթաց սփյուռքի նախարարության մասով։ Այդ նախարարության առանձին գործիչներ սփյուռքում պոպուլիստական, չհիմնավորված առաջարկություններով էին հանդես գալիս, մասնավորապես սփյուռքի բոնդեր թողարկելով և այլն, որը ընդհանրապես սփյուռքի նախարարության գործը չէ, ֆինանսների նախարարությունը ընդհանարպես տեղյակ չէ այդ ծրագրից, բայց իրենք նման առաջարկներով են հանդես գալիս, ինչը, բնականաբար, անլրջություն է նախարարության և նրա գործունեության մասով։ Սփյուռքի նախարարությունը նախ և առաջ հեղինակազրկվեց, և հիմա հանրության կողմից շատ հանգիստ կդիտվի այդ նախարարության վերացումը»։

 

Բայց չէ՞ որ ներկայիս իշխանությունը իր ընդդիմադիր եղած ժամանակ էլ էր ասում, որ սփյուռքի նախարարությունը հորինված նախարարություն է, և հորինվել է հենց Հրանուշ Հակոբյանի համար․

«Այդ նախարարությունը հորինված չէ, այն հստակ նպատակներ ու գործառույթներ ունի։ Ուրիշ բան, որ այդ նպատակներն ու գործառույթները ճիշտ չէին իրականացվում կամ ամբողջական չէին իրականացվում։ Բայց որ ամեն ինչ ջնջել ու ամեն ինչ սևացնել, դա էլ ճիշտ չէ»։

Ծրագիր կա՝ նաև փոխվարչապետների թիվ կրճատելու, դա նույնպե՞ս հեղինակզրկման հետևանք է․

«Փոխվարչապետների թիվը կարելի է կրճատել, դա խնդիր չէ, և այս մասով մեկ փոխվարչապետ, կարծում եմ, բավարար է՝ համակարգը պահելու համար, համակարգի կառավարումը հստակեցնելու համար։ Վերջին տարվա փորձն էլ ցույց է տալիս, որ փոխվարչապետները ինքնուրույն որոշում կայացնողներ չեն՝ չնայած, որ ունեն ոլորտային ենթակայության նախարարություններ ու գերատեսչություններ, առաջին դեմքը՝ վարչապետն է որոշում կոնկրետ ոլորտի քաղաքական, ստրատեգիական կարևոր հարցերը։

Կարծում եմ՝ փոխվարչապետների թվի կրճատումը, փոխնախարարների թվի կրճատումը կարող են նպաստել պետական համակարգի արդյունավետության աճին։ Ես չտեսա, որ որևէ նախարարությունում ազատ փոխնախարարի հաստիք մնա, բոլոր տեղերը լրացվեցին, քանի որ բարձր աշխատավարձ ու համապատասխան ծառայողական մեքենա կա։ Այսինքն՝ բոլորն էլ ծախս էին, կարող էին այդ ծախսերը չարվել, և կառավարությունում խնայողություն առաջանար»։