13-րդ աշխատավարձի համար սկսված բոյկոտը ավարտվեց

13-րդ աշխատավարձի համար սկսված բոյկոտը ավարտվեց

 Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի ուսուցչական կազմը ուրբաթ օրվանից բոյկոտ էր սկսել: Նրանք նամակ էին պատրաստել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին: Նամակում նշել էին, որ Ամանորի նախաշեմին իրենք զրկված են 13-րդ աշխատավարձից, այն դեպքում, երբ ՇՊՀ դասախոսական կազմը 100 տոկոսով ստանում է այն:

Ուսուցիչները, հարցը չլուծելու դեպքում, երկուշաբթի օրվանից գործադուլ էին հայտարարել: Բանն այն է, որ անցյալ տարի Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը օպտիմալացման արդյունքում ՇՊՀ կազմում ընդգրկվեց, ինչը արդեն իսկ ուսուցիչների սրտով չէր: Քանի որ գործադուլը հենց այսօր էր նախատեսված, զրուցեցինք ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ՝ պարզելու, թե նա ինչ քայլեր է ձեռնարկել կամ պատրաստվում է ձեռնարկելու խնդիրը լուծելու համար:

«Ընդամենը կես ժամ առաջ բոլոր հարցերը բուհի հոգբարձուների խորհրդի նախագահի ներկայությամբ լուծվել են: Ոչ մի գործադուլ չկա, դասապրոցեսը նորմալ շարունակվում է»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

Ի դեպ, հիշեցնենք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է: Երբ փորձեցինք ճշտել, թե ուսուցիչները ստանալո՞ւ են իրենց կողմից պահանջվող 13-րդ աշխատավարձը, Երվանդ Սերոբյանը պատասխանեց. «Հարգելի թղթակից, 13-րդ աշխատավարձ հասկացողություն գոյություն չունի: Գոյություն ունի պարգևավճար, որը տրվում է բուհում կատարված աշխատանքներից ելնելով, իսկ չափն ու ձևը որոշում է բուհի ղեկավարությունը»:

Տեղեկացանք, որ ուսուցիչներն իսկապես բոյկոտը դադարեցրել են՝ առաջիկայում պարգևավճար ստանալու ակնկալիքով: