«Հրապարակ».Արցախյան ազատամարտում որեւէ մեկի, այդ թվում Սերժ Սարգսյանի արածը չեմ թերագնահատում

«Հրապարակ».Արցախյան ազատամարտում որեւէ մեկի, այդ թվում Սերժ Սարգսյանի արածը չեմ թերագնահատում
Հակոբ Սիմիդյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանից փորձեցինք ճշտել` իրենց խմբակցությունից-ԱԺ-ից որեւէ մեկը գնալո՞ւ է Արցախ` եռատոնին։  «Որքան ես եմ տեղեկացված` մայիսի 9-ին Արարատ Միրզոյանը եւս Նիկոլ Փաշինյանի հետ կմեկնի Արցախ, պատգամավորներ եւս լինելու են»:

Նոր Հայաստանում իշխանությունները հակված են մերժել այն ամենը, ինչը կապված է նախորդ՝ «թալանչի» ռեժիմի հետ, բայց Շուշին ազատագրել են նախկինները, դուք դա՝ որպես իրենց ձեռքբերում, գնահատո՞ւմ եք։ «Չի կարող ինձ համար իմ ծնողների ձեռքբերումը ձեռքբերում չլինել։ Ինձ համար Արցախյան գոյամարտն իրադարձություն է, որի մեջ ես տարիներ եփվել եմ»: Այո, Ձեր հայրը եւս ազատամարտիկ է եղել. Դուք է՞լ եք մեկնելու Արցախ։ «Անպայման»: Շուշիի ազատագրումը` «Հարսանիք լեռներում» օպերացիան, փաստացի, ղեկավարել է Սերժ Սարգսյանը։ «Ես որքան գիտեմ եւ պատմությունն էլ ընթերցելիս` օպերացիան իրականացրել է Արկադի Տեր-Թադեւոսյանը, սակայն Արցախյան ազատամարտում որեւէ մեկի արածը ես երբեք չեմ թերագնահատել` երբեք եւ ոչ մի պարագայում»: Այդ թվում եւ Սերժ Սարգսյանի՞։ «Յուրաքանչյուրի»: