Մաշկավեներաբանների բաց նամակը վարչապետին

Մաշկավեներաբանների բաց նամակը վարչապետին

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Մաշկավեներաբանների հայկական ասոցացիայի կողմից

 

Բաց նամակ

Մեծարգո վարչապետ

Դիմում ենք Ձեզ՝ ներկայացնելով ՀՀ-ում գործող գրեթե բոլոր մաշկավեներաբանների տեսակետը։ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկության կենտրոնը ավելի քան կես դար հանդիսացել է մեր Հանրապետությունում մաշկավեներաբանական կադրերի կրթման բնօրրանը, այստեղ աշխատել և դասավանդել են անվանի հայ մտավորականներ, ազնվագույն բժիշկներ, խոշոր գիտնականներ։

Քրոնիկական մաշկային հիվանդությունների երկարատև ընթացքի պատճառով շատ հիվանդների համար այս կենտրոնը հանդիսանում է երկրորդ տունը, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց հիվանդության բուժում, բժշկական անձնակազմի ջերմ վերաբերմունք։

Կենտրոնը նաև համախմբում է ողջ մաշկավեներաբանական հասարակությունը՝ այստեղ են տեղակայված Երևան պետական համալսարանի ամբիոնները, Մաշկավեներաբանների հայկական ասոցացիան, Պրոֆ․ Հ․ Ա․ Քալանքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցացիան։ Այս կենտրոնում պարբերաբար կատարվում են բարդ կլինիկական դեպքերի վերլուծություններ, կոնսիլիումներ, տարաբնույթ գիտական և գործնական սեմինարներ և քննարկումներ։ Կենտրոնի կլինիկական բազայի հիման վրա անցնում են վերապատրաստումներ ՀՀ բոլոր մաշկավեներաբաններ, ընտանեկան բժիշկներ և հարակից մասնագետներ։

Մասնագիտության առանձնահատկություններից ելնելով՝ չափազանց կարևոր է մաշկավեներաբանի փորձը, վարած հիվանդների քանակը։ Իսկ ծառայության երկարակյացները՝ ամենափորձառու և հմուտ մասնագետները հավաքաված են Մաշկաբանության և ՍՎ բժշկագիտական կենտրոնում։ Նրանց աշխատանքը ոչ միայն բժշկելն է, այլ նաև երիտասարդ մաշկավեներաբաններին իրենց կլինիկական փորձի փոխանցումը։

Այժմ խիստ դրված է կենտրոնի սեփականաշնորհմանն հարցը և առկա է մտավախություն, որ նոր սեփականատերը, ելնելով բիզնեսի օրենքներից և եկամտաբերություն բերելու տեսանկյունից, կխոչընդոտի նման աշխատանքներին, ինչով մեծ վնաս կհասցվի ոչ միայն Կենտրոնի գործունեության, այլ նաև ամբողջ մաշկավեներաբանական ծառայության զարգացմանը։

Խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սեփականաշնորհման գործընթացում Կենտրոնի անձնակազմին առաջնահերթույթուն տալու համար։ Կանխավ շնորհակալ են Մաշկավեներաբանների հայկական ասոցացիայի նախագահ Ա․ Մկրտիչյան և փոխնախագահ Հ․ Հովհաննիսյան։