«Երկրի հակառակ կողմը» բեմադրելիս Փաշինյանին վերաբերվել են որպես դրամատուրգի, ո՛չ վարչապետի

«Երկրի հակառակ կողմը» բեմադրելիս Փաշինյանին վերաբերվել են որպես դրամատուրգի, ո՛չ վարչապետի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը ոգեշնչել է «Թատրոն տանիքում» թատերախմբին՝ ստեղծելու նոր ներկայացում՝ ըստ Փաշինյանի համանուն վեպի։

Թե ինչով էր պայմանավորված այդ ընտրությունը, արդյոք այն աժիոտաժո՞վ, որ ստեղծվեց գրքի շուրջ, ներկայացման ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Մխիթար Դանիելյանն ասում է, որ եթե աժիոտաժի խնդիր լիներ, հենց անցած տարի կբեմադրեին այդ գործը․ «Աժիոտաժ անելու կամ պոպուլիզմից ելնելով չենք ընտրել այս գործը, մենք փորձել ենք այս հարցին մի փոքր այլ կողմից մոտենալ։ Գիրքը շատ բազմաբովանդակ է, բայց մենք վերցրել ենք այն գաղափարները, որ մեզ պետք են եւ հենց այսօր էլ խնդիր են մեզ համար։ Կոնկրետ մեր ներկայացման թեման այն է, որ անկախության սերունդը՝ երիտասարդությունը, այն մարդիկ, ովքեր արեցին հեղափոխությունը, չունեին այդ վախը, պատերազմի կամ երկրաշարժի մասին հիշողություններ եւ ամենավատ բաների մասին միայն լսել էին։ Խնդիրներ, որ եղել են ու հիմա էլ կան, այնպես չէ, որ հիմա մենք վարչապետի գրքի մասին խոսում ենք եւ չենք ասում, որ այսօր էլ այդ խնդիրները կան»։

Ներկայացման հեղինակն ասում է, որ Նիկոլ Փաշինյանին վերաբերվել են ոչ թե որպես վարչապետի, այլ որպես դրամատուրգի։ Հենց այդ հայացքով է վեպը կարդացել ու ընտրություն արել․ «Ինձ թվում է՝ պետք է բեմադրվեն այնպիսի գործեր, որոնք ակտուալ են, ոչ թե սենտիմենտալ, կոնկրետ հարցեր, որոնք ակտուալ են, իսկ ակտուալ են բոլոր այն հարցերը, որոնք արծարծվում են գրքում, որ եղել են ու հիմա էլ կան»։

«Երկրի հակառակ կողմը» կոլաժային ներկայացում է, որը, ըստ ռեժիսորի, բնորոշ է ավելի շատ դոկումենտալ թատրոնին։ «Ժամանակաշրջաններով՝ անկախության հռչակումից մինչեւ այսօրվա վիճակը, դերասանների հետ զուգահեռ գիծ տանելով, կոլաժային պատկերներով եկել ենք ինչ-որ կետի։ Այսինքն՝ վեպից վերցրել ենք այն գաղափարները, հատվածները, որոնք այսօր էլ արդիական են, մեզ հարազատ, որոնց մեր մեկնաբանությունն ենք տվել՝ ինչ է կատարվում այսօր եւ ինչ է կատարվելու հետո»,- ասում է նա ու նկատում, որ ներկայացման միջոցով հարցադրումներ են բարձրացնում թե՛ քաղաքական, թե՛ մշակութային համատեքստում։

Ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն, հեղինակը Հրաչյա Հովհաննիսյանն է․ «Լինելու է կենդանի երաժշտություն, հեղինակը բեմում ե՛ւ շեփոր է նվագելու, ե՛ւ էլեկտրոկիթառ։ Մենք չենք վերցրել որեւէ ֆիլմից որեւէ կինոերաժշտություն, այլ վերցրել ենք Աշոտի շեփորը, որը շատ ակտուալ էր անկախության շրջանում, եւ դա ներկայացրել ենք ավելի ժամանակակից մշակմամբ։ Օրինակ՝ ներկայացման մեջ անկախության շրջանի մասին դերասաններն ասում են՝ մենք այս ամենը չենք տեսել, մեզ պատմել են։ Մեկ այլ տեսարանում ասվում է, որ մեզ սա չեն պատմել, որովհետեւ մենք ե՛ւ տեսել ենք, ե՛ւ լսել. դա 2000-ականներից հետո կատարվածն է, այն, ինչ արծարծվում է գրքում»։

Ներկայացման մեջ չկա կոնկրետ հերոս, բոլորն են հերոս։ «Չկա կոնկրետ մի կերպար, որ, այ, ինքը հեղափոխական է կամ Նիկոլ Փաշինյանը։ Հերոսն այն երիտասարդներն են, որ այսօր այդ ամեն ինչը հաղթահարում են կամ ունեն այն կամային ուժը, որի արդյունքում ունեցանք այսօրվա Հայաստանը։ Գրքի մեջ մի կարեւոր խոսք կա, որը Ն․ Փաշինյանը միտինգների ժամանակ ասում էր՝ այդ հերոսը դու ես։ Խոսքեր, որ թե՛ գրքի, թե՛ իր գաղափարախոսության մեջ շատ է արծարծվում»,- ասում է ռեժիսորն ու հավելում, որ նախօրոք դիմել են Փաշինյանին՝ վեպը բեմադրելու համար թույլտվություն ստանալու, եւ դրական պատասխան են ստացել։
Ներկայացման մեջ ներգրավված են դերասաններ Ստանիսլավսկու եւ Պարոնյանի անվան թատրոններից։

Բեմադրության ընդհանուր տեւողությունը մեկ ժամ է․ «Բայց խտացված ներկայացում է, այսինքն՝ մենք փորձել ենք մեր երիտասարդական խելառությունը, էներգետիկան ներդնել, ու ստացվել է բովանդակային առումով խիտ, ռիթմիկ ներկայացում, բայց նաեւ գունավոր, մինիմալիստական դեկորացիայով, որովհետեւ ամբողջը կառուցված է դերասանների խաղի վրա»։

Ներկայացման պրեմիերան թեպետ նախատեսված է օգոստոսի 29, 30-ին, բայց թատերախումբը Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես կհրավիրի ներկայացումը դիտելու սեպտեմբերին։