Կոնսերվատորիայի օպերային ստուդիան կգործի

Կոնսերվատորիայի օպերային ստուդիան կգործի

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան այս տարի նշում է իր հիմնադրման 40-ամյակը։ 8 տարվա դադարից հետո այս տարի ստուդիան կվերսկսի գործունեությունը։ 

26 տարի շարունակ ղեկավարելով Կոնսերվատորիան՝ հենց Ղ. Սարյանի նախաձեռնությամբ էլ բացվել է օպերային ստուդիան, որը ժամանակին ունեցել է առանձին մուտք, հանդերձարան եւ երաժշտական թատրոնի համար անհրաժեշտ այլ գոտիներ։ Տարածքը երկար տարիներ տրվել է վարձակալության եւ միայն վերջերս է վերադարձվել Կոնսերվատորիային։ Այժմ նախատեսվում է վերականգնել նաեւ այդ տարածքը, որպեսզի ստուդիան ունենա սեփական մուտքը եւ միջավայրը։ Ստուդիայի աշխատանքներին ներգրավված են ԵՊԿ ուսանողները եւ նվագախումբը։ 
Տարին նշանավորվելու է օպերային ստուդիայի բեմադրած Գ․ Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» օպերայի հայաստանյան պրեմիերայով, ինչպես նաեւ 8 համերգից բաղկացած համերգաշարով։ Ղ․ Սարյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 30-ին, կկատարվի Տ․ Չուխաջյանի «Կարինե» օպերետը՝ Ղ․ Սարյանի գործիքավորմամբ եւ խմբագրմամբ, որը կներկայացվի նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում։ Համերգաշարի բացումը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը 15։00-ին։ 
Օպերային ստուդիայի առաջին համերգային ծրագիրն ընդգրկում է հայկական 10 օպերաներից արիաներ եւ զուգերգեր (Գեւորգ Արմենյանի «Խաչատուր Աբովյան», Լեւոն Խոջա-Էյնաթյանի «Նամուս», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Վարդան Տիգրանյանի «Սոս եւ Վարդիթեր» եւ այլն)։ 

«Դոն Պասկուալե» օպերան կներկայացվի մայիսին եւ հունիսին։ Բեմադրությունները կիրականացվեն երկու տարբեր կազմերով, որպեսզի ստուդիայի բոլոր արտիստները բեմ բարձրանալու հնարավորություն ունենան։ Բացի դրանից, ստուդիայում ելույթ կունենան նաեւ հրավիրյալ արտիստներ: 

Ի դեպ, օպերային ստուդիայի բոլոր ներկայացումների մուտքը լինելու է ազատ ինչպես ԵՊԿ ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ բոլոր երաժշտասերների համար։