69 տարեկան մարդուն նշանակել են դեսպան

69 տարեկան մարդուն նշանակել են դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան է նշանակվել Արշակ Փոլադյանը։ Նա բազմափորձ դիվանագետ է, Պատմական գիտությունների դոկտոր, ԱՄԷ-ում եղել է ՀՀ գործերի հավատարմատար, իսկ 2002-2006թթ. ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Ապա դեսպան է եղել Քուվեյթում, Բահրեյնում, մինչեւ 2018 թվականը դեսպան է աշխատել Սիրիայում եւ Հորդանանում։ Թվում է՝ 1950 թվականին ծնված դիվանագետը 68 տարեկանում՝ 2018 թվականին գնացել էր վաստակած հանգստի, սակայն երիտասարդ իշխանությունները նրան կրկին հիշել եւ նշանակել են Թունիսում դեսպան։ 
Դժվար է ասել, թե ինչ է անելու Թունիսում Հայաստանի դեսպանը եւ ինչու պետք է Հայաստանը Թունիսում դեսպանություն ունենա։ 

Բայց այստեղ ավելի կարեւոր խնդիր կա․ պարզ չէ, թե ինչ կադրային քաղաքականություն է իրականացնում գործող իշխանությունը։ Ի վերջո, երիտասարդների՞ն են առաջ քաշում, թե՞ տարեցներին։ Երիտասարդական ավյո՞ւնն ու էնտուզիազմն են գնահատում- կարեւորում, թե՞ փորձառությունն ու գիտելիքները։ Ինչպե՞ս է պատահում, որ 50 տարեկանից բարձր աշխատակիցներին Երեւանի պետական համալսարանից հեռացնում են՝ պատճառաբանելով, թե երիտասարդներին պետք է ճանապարհ տան, իրենց թոշակի գնալու ժամանակն է, իսկ 69 տարեկան դիվանագետին դեսպան են նշանակում՝ երբ երիկտասարդ միջազգայնագետների մեծ բանակ կա, իսկ արտաքին գործերի նախարարությունում մարդիկ տասնամյակներ սպասում են, որ մի որեւէ երկրում դիվանագիտական աշխատանքի նշանակվեն։