Չարենցավանի քաղաքապետարանի հերքումը կեղծ է

Չարենցավանի քաղաքապետարանի հերքումը կեղծ է

Մենք գրել էինք, որ Չարենցավանի ավագանու անդամների մեծ մասը` 15 անդամից 10-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու տեքստին: Այսօր Չարենցավանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել` իբր հերքելով մեր գրածը: Նրանք խրոխտ տեքստով որոշել են , որ Hraparak.am-ում հրապարակված մեր հոդվածը  որտեղ բառացիորեն նշված է` «Չարենցավան համայնքի ավագանու 15 անդամներից 10-ը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, չի համապատասխանում իրականությանը»: Այսինքն`Չարենցավանի քաղաքապետարանը մեր փոխարեն որոշել է, որ մեր գրածը իբր չի համապատասխանում իրականությանը, և սա այն դեպքում, երբ ինքներս ենք տեսել հայտարարության տեքստը` ավագանու 10 անդամի ստորագրությամբ, որն էլ ներկայացնում ենք ստորև:

Որպես հիմնավորում` Չարենցավանի քաղաքապետարանը համարել է այն, որ համայնքի ավագանու օրինական կայացված նիստերից և ոչ մեկում երբեք չի քննարկվել վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկող որևէ նախաձեռնությանը միանալու հարց, և որ մեր հրապարակումը իրենից ներկայացնում է ընդամենը Չարենցավան համայնքի ավագանու որոշ անդամների անձնական դիրքորոշումը:

Փաստորեն Չարենցավանի քաղաքապետարանի պատկերացմամբ` Չարենցավանի ավագանու անունից կազմված տեքստը` ավագանու անդամների ստորագրությամբ, իրենց համար սոսկ անձնական դիրքորոշում է: Հատուկ այս հռչակավոր «հերքման» տեքստը հեղինակած Չարենցավանի քաղաքապետարանի համար ընդգծենք, որ, այո, ավագանու անդամներն իրենց անձնական դիրքորոշումն են հայտնել, որը միասնական դիրքորոշում է դարձել հայտարարության տվյալ տեքստի ներքո, և դրա համար պարտադիր չէ ավագուն նիստ անցկացնել: Հորդորում ենք Չարենցավանի քաղաքապետարանին կեղծ հերքումներ չտարածել: