Վազգեն Մանուկյանի գնացքը

Վազգեն Մանուկյանի գնացքը

Այսօր Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտում առկա են երկու տեսակ գործիչներ. գործիչներ, որոնց գնացքը գնացել է, գործիչներ, որոնց գնացքը դեռ չի եկել: Չենք տեսնում մի գործչի, որ ընթացող գնացքի մեջ լինի: Իսկ իշխանության գնացքի մեքենավարական խցում նստածը ուշակորույս է, չի գիտակցում, որ գնացքից դուրս թռչելու ժամանակն է: Փոխարենը գնացքն է դուրս թռել գծերից: 

Վազգեն Մանուկյանը հայտնի դարձավ 88-ի փետրվարին Թատերական հրապարակում հնչեցրած մեկ աֆորիզմով` չկան մշտական բարեկամներ եւ չկան մշտական թշնամիներ: Ղարաբաղյան շարժման հանրահավաքներում Մանուկյանը վայելեց համակրանք` ընդունվելով որպես հույժ խելացի անհատականություն, եւ դարձավ շարժման լիդերը: Նրա հեղինակած «Գնացքից թռչելու ժամանակը» տեսլականը ընդունվեց որպես ՀՀՇ ծրագիր: Վազգեն Մանուկյանն ընկալվում էր որպես ՀՀՇ-ի ուղեղ: Հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը թափանցեց «Ղարաբաղ» կոմիտե: Տեր-Պետրոսյանը, շնորհիվ իր խարիզմայի, բանասերի լիրիկ խառնվածքը հակադրելով մաթեմատիկոս Մանուկյանի չոր ու հատու ոճին, կարողացավ ելույթից ելույթ ավելի մեծ համակրանք վայելել ինչպես ազգային զարթոնք ապրող հասարակության մեջ, այնպես էլ «Ղարաբաղ» կոմիտեում: 

Իսկ 90 թվականի տարեսկզբին, երբ արդեն պարզ էր Խորհրդային Հայաստանի քաղաքական ընթացքը, «Ղարաբաղ» կոմիտեի ներսում սկսեցին ապագա պաշտոնները տեղաբաշխել, անձնավորել: Այդ ժամանակ լիդերության տիտղոսը վիճարկելի էր, երկլիդերություն էր` Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան: Տեր-Պետրոսյանին բաժին ընկավ ապագա Գերագույն խորհրդի նախագահի աթոռը, իսկ Մանուկյանը զբաղեցնելու էր վարչապետի պաշտոնը: Լիրիկան, բանի արվեստն իր գործն արեց, հաջողված հռետորը հռչակվեց միանձնյա լիդեր:

Վազգեն Մանուկյանը ՀՀ առաջին վարչապետ աշխատեց մեկ տարի եւ երեք ամիս: Չհաշտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, չհամակերպվեց երկրորդ համարով ներկայացող գործչի կարգավիճակի հետ: Հրաժարական տվեց եւ դարձավ ընդդիմություն: Պատերազմի ամենածանր հատվածում Տեր-Պերոսյանի առաջարկով Մանուկյանը ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Ազատության հրապարակի ընդդիմության հավաքին հայտարարեց, թե՝ ժողովուրդ, ինձ պատասխանատու պաշտոն են առաջարկել, եւ ես պարտավոր եմ գնալ, ու գնաց: Նշում են, որ 11 ամիսների ընթացքում Մանուկյանը վճռեց պատերազմի հաղթական ընթացքը, բայց դա մնաց ստվերում, քանի որ Տեր-Պետրոսյանը նրան փոխարինեց Վազգեն Սարգսյանով: 

1996 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմությունը Վազգեն Մանուկյանին հռչակեց միասնական թեկնածու: Այնքան էլ ժողովրդի սրտով չէր բանի փափուկ արվեստն իրենը չհամարող Մանուկյանը, բայց վստահեց միավորված ընդդիմությանը, քանի որ ամեն կերպ ուզում էր, որ Տեր-Պետրոսյանը հեռանա: Գուցե բոլորովին ա՞յլ Հայաստան լիներ Մանուկյանի նախագահության տարիներին, գուցե Վազգեն Սարգսյանն այսօր ո՞ղջ լիներ եւ չլիներ ազգային հերոս: Գուցե Արցախի խնդի՞րն էլ վաղուց եւ այլ կերպ լուծված լիներ:  

Բայց Վազգեն Մանուկյանի այդ գնացքն արդեն մեկ անգամ գնացել է, արդյոք կհաջողվի՞ նրան երկրորդ անգամ գնացքը բերել կայարան, նույն գետը մտնել եւ չլինել ժամանակավրեպ: Հավատանք, որ չենք ունենալու նոր վրեժ լուծող, իր անձը առաջինն ու միակը տեսնող, այլակարծության հետ հաշվի չնստող, միասնությունը փոշիացնող, արտաքին աշխարհի հետ հարաբերություններ փչացնող մեկը, նորը: Վստահենք նրա փորձառությանը, կայուն ինտելեկտին, պատկառելի տարիքին, որ շրջահայաց կլինի եւ երկրի մեջքը ճկուն կերպով կշտկի: 
Սփոփանք` երկրիս անսփոփ վիճակի: Մեզ այսօր հույսի շող է պետք, մի քիչ լույս: 

Հուսիկ Արա