Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն է ձևավորում

Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն է ձևավորում

Քաղաքական դաշտում նոր վերադասավորումների փուլ է սկսվում։ Իշխանությունները հասկանում են, որ սկսել են կորցնել հանրային աջակցությունը, եւ դժգոհությունները գեներացնող յուրային ուժի՝ սեփական ընդդիմություն կերտելու ճանապարհն են մտածում։ Մամուլում արդեն իսկ լուրեր կան, որ «Իմ քայլից» կանջատվի մի հատված՝ Լենա Նազարյանի, Վարազդատ Կարապետյանի, Միքայել Զոլյանի, էլի մի քանիսի գլխավորությամբ։ Եվ Ամուլսարի շահագործմանը դեմ պատգամավորները, պոկվելով իշխող մեծամասնության խմբակցությունից, կանաչների խումբ կձեւավորեն ու արմատական ընդդիմության գործառույթ կվերցնեն իրենց վրա, որպեսզի հարկ եղած ժամանակ թույլ չտան նաեւ փողոցում այլ ուժեր հայտնվեն եւ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 
Սցենարներից մեկի համաձայն՝ այդ խումբը ձեւավորվելու է «Լուսավոր Հայաստանից» վերջերս հեռացած Արման Բաբաջանյանի հովանու տակ։ Նա այս օրերին անգամ գրասենյակի տարածք է փնտրում, ենթադրվում է՝ քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով։ Առհասարակ, կառավարելի ընդդիմություն ձեւավորելու մտադրություններ ունեցել են մեր բոլոր նախկին իշխանությունները, այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանն այս պարագայում օրիգինալ չէ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փորձում է վստահեցնել, որ  խմբակցությունում նման զարգացումներ չեն սպասվում․ ««Իմ քայլը» խմբակցությունն ուժեղ է ավելի, քան երբեւէ: Մենք դեռ շատ-շատ անելիքներ ունենք բարեփոխումների հետ կապված, այդ թվում՝ դատաիրավական, եւ մեր բոլոր ուժերն ու ջանքերն ուղղելու ենք այդ գործընթացին»։ Փորձեցինք հասկանալ․ այսինքն՝ Դուք կարծում եք, որ առաջիկա 4 տարում  մնալու եք 88 հոգանոց խմբակցությո՞ւն։ «Ես դրա մասին չէի խոսում, խոսում էի այն մասին, որ հիմա մեր բոլոր ուժերն ուղղորդում ենք այն ռազմավարությունն իրականացնելու, որը, օրինակ, դատաիրավական բարեփոխումների համատեքստում ներկայացվել էր արդարադատության նախարարության կողմից, ունենք շատ անելիքներ տնտեսական հարթակում փոփոխությունների ուղղությամբ: Այնպես որ, շատ անելիքներ կան, զինվեք համբերությամբ»,- ուղիղ պատասխանից խուսափեց նա։

Նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ոչ մի խնդիր չի տեսնում, որ կարող են մի քանիսն անկախանալ․ «Քաղաքական թիմը, որը կազմում է խմբակցության կորիզը, շատ կուռ է եւ միասնական, հետեւաբար, եթե փոքրիկ դրսեւորումներ լինեն, որ որոշ մարդիկ դուրս գան խմբակցությունից, էական փոփոխություն չի լինի․ ես տեսականորեն չեմ բացառում դա»։ Կոնկրետ Լենա Նազարյանի մասին Աղազարյանը գրեթե երդվում է․ «Լենան այն մարդը չէ, որ լքի մարտի դաշտը»։ Վստահեցնում է նաեւ, որ իշխանությունը գրպանային ընդդիմության կարիք չունի։ Ի դեմս ԼՀԿ-ի եւ մի քիչ էլ ԲՀԿ-ի՝ իրենք ունեն լավ ընդդիմություն․ «Մենք լավ ընդդիմություն ունենք՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի», որը շատ լավ ընդդիմություն է, «Բարգավաճն» էլ օր օրի զարգանում է այդ ուղղությամբ»։ 

Սակայն խորհրդարանական ընդդիմության վերաբերյալ միանշանակ մոտեցում չկա իշխող խմբակցությունում, ժամանակ առ ժամանակ նորաթուխ իշխանական պատգամավորները խորհրդարանի ամբիոնից նրանց առերեսում են իրենց անցյալի հետ, կսմիթներ ուղղում ընդդիմադիր գործընկերների ուղղությամբ, հեգնում նրանց խիստ կառուցողական եւ ոչ արմատական մոտեցումները։ «Իսկ ի՞նչ կարիք կա, որ ռադիկալ լինեն, եւ, ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում ռադիկալ լինել, դա չպետք է ինքնանպատակ լինի»։ Իշխանությունների դեմ վաղ թե ուշ բողոքի ալիք է բարձրանալու, եւ պետք է յուրային ուժ, որը գրավի փողոցը՝ արմատական ընդդիմությունից առաջ։ «Պետք լինի, իրենք դուրս կգան մեր դեմ։ «Լուսավորը», օրինակ, առաջնորդի հանրային շարժում մեր դեմ․ դա չի բացառվում, բայց ռադիկալիզմը չի նշանակում ամեն ինչ զրկել։ Իրենք շատ լավ ընդդիմություն են»։ Այն, որ ԼՀԿ-ն հետեւողականորեն վերահսկում է իշխանություններին, Հովիկ Աղազարյանն ապացույցներ է ներկայացնում, վերջինը՝ ամենաթարմը․ «Տեսաք ԱԱԾ-ի ու ոստիկանապետի պաշտոններում ցենզի փոփոխության հետ կապված այդ նախագիծը։

Այս հարցով քննադատությունները շատ էին, թյուրըմբռնում կար, բայց մեխն այն էր, որ ասում էին՝ հարգելի կառավարություն, մեկ է՝ այդ կառույցներով դուք եք զբաղվում, դուք եք պատասխանատուն, դուք ընտրության լայն հնարավորություն ունեցեք կադրերի, որ վաղը չէ, մյուս օրը, Աստված չանի, տապալվելու դեպքում չասեք, թե բա ինչ անեինք, ում նշանակեինք, օրենքն է այդպիսին։ Այսինքն՝ իրենք պատասխանատվության չափն են մեծացրել, եւ Արարատ Միրզոյանն էլ ասաց՝ դա այդպես է, եւ մենք պատրաստ ենք ընդունել այդ մարտահրավերը»։