Նախարարը որոշել է երկու դատավորի պատժել

Նախարարը որոշել է երկու դատավորի պատժել

Ովքե՞ր են այն տասնյակից ավելի դատավորները, որոնց դեմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ է սկսել: Նախարարությունից որեւէ տվյալ չեն հայտնում՝ պատասխանելով․ «Ընթացքում գտնվող կարգապահական վարույթների վերաբերյալ տեղեկություն տրամադրել չենք կարող, քանի որ Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով պարտավոր ենք պահպանել գաղտնիությունը»: Այս հոդվածը վարույթ հարուցող մարմնին պարտադրում է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը, սակայն առաջ գնալով՝ նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն անգամ վարույթների թիվը չի հրապարակում, ինչի մասին օրենքում ոչինչ գրված չէ։ 

Դատական համակարգի դեմ ռեպրեսիաների կոնտեքստում խոսնակի այս ջանքն ի վնաս իր նախարարի եւ Փաշինյանի է։ Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը թուրն առել է, ի դեմս իր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, ու ընկել դատավորների հետեւից։ 

Իրականում վարույթները երկուսն են։ Այս մասին մեզ հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ «Այս պահին մենք տեղյակ ենք ընդամենը երկու վարույթի մասին»։ Գրիգոր Բեքմեզյանը տեղյակ չէր, թե կոնկրետ որ դատավորների վերաբերյալ են վարույթները եւ ինչ խախտումների համար են հարուցվել։ «Ուսումնասիրում ենք,- ասաց նա,- իսկ ընդհանրապես՝ օրենքով պրոցեսը հետեւյալն է․ երբ որ բողոք է լինում կոնկրետ դատավորի նկատմամբ, արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է հիմքերը, որոշում է՝ վարույթը հարուցե՞լ, թե՞ ոչ, եւ հետո ուղարկե՞լ գործերը ԲԴԽ, թե՞ ոչ։ Այդ ընթացքում նրանք դատավորից պարզաբանումներ են պահանջում, գործի նյութերն են ուսումնասիրում, պարզում են՝ հիմնավո՞ր է բողոքը, թե՞ չէ, իրենց իրականացրած այս գործընթացին ԲԴԽ-ն տեղյակ չի լինում»։ 

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ԱՆ հարուցած վարույթների մասին տեղեկացել է մամուլից։ «Թե՛ Դատական դեպարտամենտը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացվել ենք Ձեր ասած վարույթների մասին մամուլից։ ԲԴԽ-ում այս պահին ստացվել է արդարադատության նախարարի կողմից հարուցված երկու վարույթ ընդամենը, որոնց մասին որոշումները հրապարակված են ԲԴԽ պաշտոնական կայքում՝ դատական նիստի օրը նշանակելու վերաբերյալ։ Դրանք դատական նիստ հրավիրելու օրվա ժամի ու տեղի մասին են։ Դատական օրենսգրքի ուժով վարույթն իրականացվելու է դռնբաց, եթե մինչեւ դատական նիստի նշանակման օրն ու պահը դատավորը չմիջնորդի նիստը դռնփակ անցկացնելու մասին»,- ասաց Փոլադյանը։ 

ԲԴԽ կայքից տեղեկանում ենք, որ արդարադատության նախարարը միջնորդել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին եւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին։ 

Խաչիկյանին պատասխանատվության ենթարկելու դիմում է ներկայացրել փաստաբան Սեդա Սողոմոնյանը, իսկ Ելենա Քոչարյանի դեմ բողոքել է քաղաքացի Գեորգի Բալասանյանը։ Բողոքը կապված է ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունների հետ։ 

Առաջին վարույթով նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, ժամը 12։00-ին, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 15։00-ին։