Մարդկության խիղճն ամեն օր է մեռնում Արցախում

Մարդկության խիղճն ամեն օր է մեռնում Արցախում

Եթե հենց հիմա՝ առաջիկա ժամերին, ռուս խաղաղապահները չկանգնեն արցախա-ադրբեջանական շփման գծում, միջուկային այդ գերտերությունը կարող է խաչ քաշել ապագայի հետ կապված իր բոլոր ծրագրերի վրա: Չմոռանանք, որ Ռուսաստանը Ռուսաստան է մնացել եւ դարձել հզոր պետություն հիմնականում ռուս-թուրքական պատերազմներում տարած հաղթանակների շնորհիվ, որոնք նրան պատուհան են ապահովել դեպի Միջերկրական ծով եւ դեպի Իրանի հարավային ափերը ողողող տաք ջրեր: Ռուս-թուրքական պատերազմները հիմնականում ընթացել են երկու ճակատով՝ բալկանյան եւ կովկասյան: Խորհրդային Միության փլուզումից հետո, կորցնելով իր դաշնակիցներին Բալկաններում, Ռուսաստանը, կարելի է ասել, հետ շպրտվեց ոչ միայն Միջերկրականից եւ Միջին Արեւելքից, այլեւ Եվրոպայից: Նկատենք նաեւ, որ վերջին բալկանյան պատերազմում Թուրքիան եղել է Ռուսաստանի ամենաակտիվ հակառակորդը՝ տարածաշրջանում իր ամենահզոր բանակով եւ ՆԱՏՕ-ում ունեցած ազդեցիկ դիրքով:

Այս իմաստով կարելի է ասել, որ ռուս-թուրքական վերջին պատերազմը ժամանակագրական առումով ընթացավ մի փոքր այլ կերպ՝ նախ Բալկաններում, իսկ տարիներ անց՝ այսօր, Կովկասում: Բայց նույնիսկ այդ ընթացքում ռուս-թուրքական բախումների պակաս չի եղել: Սիրիական պատերազմում ոչ այնքան ԱՄՆ ձեւավորած կոալիցիան էր Ռուսաստանի հակառակորդը, որքան Թուրքիան, որն ի վերջո հասավ Սիրիայում անկայուն վիճակի հաստատման եւ այդ երկրում Ռուսաստանի ազդեցության զգալի նվազման: Հաջորդը Լիբիան է, որտեղ հարմար պահին կհայտնվեն թուրքական բանակի կանոնավոր ստորաբաժանումներն ու կփորձեն ծնկի բերել Ռուսաստանի այդ դաշնակցին եւս:

Թուրքիան, պետք է ասել, դիմել է մեծ խորամանկության: Արցախա-ադրբեջանական հակամարտության թեժացման նախօրյակին Թուրքիան կեղծ նահանջ բեմադրեց Միջերկրականի արեւելյան հատվածում՝ իբր նավթ որոնող իր նավերը հեռացնելով վիճելի ջրերից: Դա հստակ մեսիջ էր Արեւմուտքին առ այն, որ ինքը չի պատրաստվում ծավալվել դեպի արեւմուտք: Փոխարենը Անկարան սրեց իրավիճակը «Կովկասյան ռազմաճակատում»՝ խաղարկելով արցախյան հիմնախնդիրը: Կրեմլում կռահում էին կամ պարտավոր էին կռահել, թե ինչ է տեղի ունենալու Միջերկրական ծովում Թուրքիայի կրած «պարտությունից» հետո: Եվ, առհասարակ, հազիվ թե ՄԽ համանախագահների համար կարող էին գաղտնիք պարունակել Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցությունների կտրուկ վիժեցումը: Աշխարհի բոլոր վերլուծաբաններն ու քաղաքագետները, այդ թվում եւ ռուսաստանցի, խոսում էին ահա-ահա սպասվող պատերազմի մասին, որն ի վերջո պայթեց սեպտեմբերի 27-ին: Եվ այս պատերազմը, ինչպես իրավացիորեն նշում են ռուս փորձագետները, ոչ միայն ոչնչով չի զիջում վերջին բալկանյան պատերազմին, այլեւ գերազանցում է նրան՝ մարտադաշտում եղած նորագույն տեխնիկայով եւ զանգվածային ոչնչացման զենքերի գործադրման ծավալներով:

Հայկական զույգ պետություններն ընդունեցին պատերազմն ու արդեն 10 օր է՝ դիմադրում են ոչ միայն թուրք-ադրբեջանական ռազմական մեքենային, այլեւ թուրքական ալյանսի մյուս պետություններին, որոնք ամեն տեսակի ռազմատեխնիկական օգնություն են հասցնում Ադրբեջան՝ օգտվելով այս օրերին ողջ աշխարհում տիրող քարոզչական շփոթից եւ գերտերությունների ներքին զբաղվածությունից: Այնպիսի մի հարց, ինչպիսին Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների ներգրավումն է այս պատերազմին, տակավին չի զգաստացնում նախագահական ընտրությունների պատրաստվող ԱՄՆ-ին, որ իրեն հռչակել է համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր: Եվրոպան բավարարվում է խաղաղության կոչերով: Իր տնտեսական շրջափակմամբ եւ իր դեմ պատերազմի սպառնալիքներից կաշկանդված է Իրանը: Լռում է Պեկինը՝ իմանալով հանդերձ, որ թուրքական սեւ հորդաների ծավալումը Ապշերոնյան թերակղզում չի ավարտվելու: Եվ, այսուհանդերձ, ամենատարօրինակն այն է, որ հապաղում է Ռուսաստանը եւ կարող է աններելիորեն ուշանալ, ինչպես դա տեղի ունեցավ Բալկաններում: Բորիս Ելցինի խոսքերն են սրանք՝ Բալկաններում մենք ուշացանք: Բորիս Ելցինից առաջ էլ Գորբաչովն էր խոստովանել, որ երկու ժամ են ընդամենը ուշացել եւ չեն կարողացել կանգնեցնել հայերի կոտորածներն Ադրբեջանում: Պատահաբար շատ չե՞ն ուշացումները, որոնք, ինչպես պատմությունն է հետո ցույց տալիս, վերածվում են խոշոր տերությունների աններելի պարտությունների:

Թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկացած հաջողություն նվազեցնելու է Կովկասում որպես ազդեցիկ պետություն մնալու Ռուսաստանի հետագա հնարավորությունները: Արցախի ներկա ստատուս-քվոյի ցանկացած սեղմում՝ լինի տարածքային թե քաղաքական, սպառնալիք է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը, այլեւ այս տարածաշրջանում հատկապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական գոյությանը եւ կարող է նշանակել Ռուսաստանի կատարյալ պարտություն վերջին՝ թվով արդեն 14-րդ ռուս-թուրքական պատերազմում, որ տարիներ առաջ սկսվեց Բալկաններում եւ այսօր շարունակվում է Արցախում: Ռուսաստանը, այո, դանդաղ է մտածում: Կրեմլի այդ քաղաքականությունը միանշանակ չի ընդունվում նաեւ ռուսական փորձագիտական շրջանակներում: Նրանց մի մասը պնդում է, որ Թուրքիային վճռականորեն չկանգնեցնելու դեպքում թուրքական վիլայեթ է դառնալու ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Ղրիմը: Մեկ այլ խումբ վերլուծաբաններ էլ կարծում են, որ հայերն ամեն կերպ փորձում են Ռուսաստանին ներքաշել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ՝ չմոռանալով Կրեմլի դիրքորոշումը բացատրել Հայաստանում հաստատված «սորոսական իշխանությամբ» եւ ՀՀ վարչապետի անվստահելի պահվածքով: Մեր ռուս գործընկերները, սակայն, որեւէ կերպ չեն խոստովանում, որ այս պատերազմը հետեւանք է նաեւ «Թուրքական հոսքի» խայտառակ կրախի, որ հետո «մեղմացվեց» Տավուշի սահմանամերձ հատվածում հայկական ուժերի գերազանց գործողությամբ եւ Բաքու-Ջեհյան խողովակաշարերի վրա վերահսկողության հաստատմամբ: Այնպես որ, Ռուսաստանին կոնֆլիկտի մեջ ներքաշելու մասին խոսելն այսօր այնքան էլ ակտուալ չէ, որովհետեւ Թուրքիայի հետ իր հարաբերություններով Ռուսաստանն արդեն իսկ ներքաշված է այս պատերազմում:

Այլ հարց է, թե երբ Ռուսաստանը, ի վերջո, կանցնի վեճռական գործողությունների: Դրա համար նա ունի թե՛ իր եւ թե՛ Հայաստանի բարեկամ երկրների բարոյական եւ քարոզչական աջակցությունը, իսկ եթե հավատանք Մինսկի խմբի մյուս համանախագահների հայտարարություններին, նաեւ նրանց կամքը՝ կանգնեցնելու թուրքական ահաբեկչությունը: Որպես այդպիսի քայլ կարող է դիտվել, օրինակ, ռուս խաղաղապահների մուտքը հայ-ադրբեջանական շփման գիծ:

Ի վերջո բոլորին էլ հասկանալի է, որ բախումները չեն դադարելու առանց այնպիսի ուժի միջամտության, որն ուղղակի կարող է կանգնեցնել Անկարային եւ Բաքվին: Հայ ժողովուրդը պատրաստ է կռվել մինչեւ վերջ: Սա նրա Հայրենական մեծ պատերազմն է, սա նրա 1915 թվականի հիշողության պատերազմն է, այստեղ հայ ժողովրդի գոյության հարցն է լուծվում: Բայց ուժերի այսպիսի անհավասարության պայմաններում, այս պատերազմը կարող է ավարտվել մի ողջ ժողովրդի մարտիրոսությամբ եւ դառնալ հերթական խարանը առաջադեմ մարդկության դեմքին: Եվ միջազգային հանրությունը, եթե, իհարկե, կա այդպիսի բան, պարտավոր է աջակցել Ռուսաստանին իր խաղաղապահական առաքելության մեջ, քանզի, որքան էլ ասենք, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ռմբակոծությամբ ադրբեջանա-արցախյան հարցեր են լուծվում, միեւնույն է, ողջ առաջադեմ մարդկությունն է հասկանում, որ սա նաեւ իր կռիվն է արյունարբու թուրքի եւ նրա ահաբեկչական բանակների դեմ: