Ինչպե՞ս կարող է ինքնաթիռն Իսրայելից Ադրբեջան հասնել, եթե ոչ Վրաստանի տարածքով

Ինչպե՞ս կարող է ինքնաթիռն Իսրայելից Ադրբեջան հասնել, եթե ոչ Վրաստանի տարածքով

Հարցազրույց «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանի հետ


- Պարոն Աղաջանյան, մեկ շաբաթից ավելի է՝ պատերազմի մեջ ենք, «Ապավենը»՝ որպես ՀՀ ամենախոշոր բեռնափոխադրող ընկերություն, ներգրավվա՞ծ է այս ամենի մեջ։

- Նախ սկսեմ նրանից, որ ցանկացած պատերազմի պայմաններում բանակի մատակարարումը վճռորոշ դեր է խաղում։ Լոգիստիկան եւ մատակարարումը ցանկացած պատերազմի անբաժան մասն են կազմում։ Մենք դա շատ լավ գիտակցում ենք եւ չենք սպասել, որ զինկոմիսարիատում հաշվառված մեր բեռնատարների կարիքը զգացվի, ես անմիջապես կապ եմ հաստատել Ղարաբաղի հետ, խոսել եմ ե՛ւ պարոն Աղաբեկյանի հետ, ե՛ւ էկոնոմիկայի նախարարի, ե՛ւ արտակարգ իրավիճակների նախարարի հետ եւ առաջարկել եմ մեր տրանսպորտային միջոցները ներգրավել ծառայության մեջ։ Մեր կազմակերպությունը՝ որպես պատրաստի ենթակառուցվածք, ի վիճակի է կոնկրետ խնդիր լուծել, որովհետեւ, բացի տրանսպորտային միջոցներից, մենք ունենք փորձ, ունենք գիտելիք, մասնագետներ։ Մենք առաջարկությունն արել ենք, դրան ստացել ենք արձագանք, անմիջապես եղել են հրահանգներ, եւ անցել ենք գործի․ սկսած հումանիտար օգնության փոխադրումից, վերջացրած նրանով, որ մեր մեքենաներն առաջնագիծ են տեղափոխում տարբեր նշանակության ապրանքներ։

- Բացի դրանից, պատերազմն այսօր ի՞նչ խնդիրներ է առաջացրել մեզ համար՝ լոգիստիկ առումով, միջազգային բեռնափոխադրումների հետ կապված խաթարումներ առաջացե՞լ են։

- Պետք է ասեմ, որ միջազգային բեռնափոխադրումների շուկան, իհարկե, բավականին զգայուն է, եւ ցանկացած տարածաշրջան, որտեղ ռազմական իրավիճակ է, դեպի այդ տարածաշրջան տրանսպորտային միջոցների առաքում ուղարկելուց ձեռնպահ են մնում։ Պատահական չէ, որ որոշ երկրների ավտոփոխադրող կազմակերպություններ արդեն իսկ դեպի Հայաստան պարզապես պատվերներ չեն ընդունում։ Օրինակ՝ այսօր մենք ուկրաինական փոխադրող ընկերություններից, որոնց հետ ուենցել ենք մշտական աշխատանքային կապ, մեզ տեղեկացրել են, որ այս էտապում մենք պարզապես ձեռնպահ կմնանք Հայաստան բեռներ ուղարկելուց։ Նույնը վերաբերում է նաեւ կոնտեյներային փոխադրումներին։

- Այս օրերին պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ մեր հարեւան Վրաստանը խոչընդոտներ է հարուցում մեզ համար կարեւոր նշանակության բեռների փոխադրման հարցում։ Օրինակ՝ իմացանք, որ մի քանի օր է՝ Հայաստան վառելիք ներկրող տասնյակ ցիստեռններ մնացել են Փոթիի նավահանգստում, եւ վրացական կողմը մեծ դժվարությամբ ու քիչ քանակով է թույլ տալիս, որ դրանք փոխադրվեն Հայաստան։ Դուք ծնունդով Վրաստանից եք, ինչպե՞ս եք բացատրում այս վերաբերմունքը։

- Ես էլ եմ լսել այդ ինֆորմացիան, որ ցիստեռնների խնդիր է առաջացել, որքանով է դա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, ես դժվարանում եմ ասել։ Բայց մի մոռացեք, որ վառելիքը ստրատեգիական նշանակության ապրանք է, այսինքն՝ այն միայն կոմբայնի ու տրակտորի մեջ չի լցվում, դա լցվում է նաեւ տանկերի մեջ, եւ չի բացառվում, որ այստեղ գործում է նաեւ այդ քաղաքականությունը։ Ուստի, վառելիքի դեպքում, ինձ թվում է, որ Վրաստանի հայտարարությունն առ այն, որ ռազմական բեռների փոխադրում օդային, թե ցամաքային ճանապարհով, բացառելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ուղղությամբ։ Բայց, ճիշտն ասած, ես մի փոքր կասկածներ ունեմ այդ հայտարարության անկեղծության եւ ճշմարտացիության հարցում։ Ինչո՞ւ․ որովհետեւ էլեմենտար հարց կա, որի պատասխանը ես չեմ կարողանում գտնել՝ որպես տրանսպորտային ընկերության ղեկավար, թե ինչպես կարող է ինքնաթիռն Իսրայելից Ադրբեջան հասնել, եթե ոչ Վրաստանի տարածքով։ Ցույց տվեք ինձ այն ճանապարհը, որով ինքնաթիռը կարող է իրականում գալ Ադրբեջան։ Չկա, ըստ էության՝ չկա։ Ես ենթադրում եմ, որ այդ մատակարարումները չեն դադարել, եւ եթե այդպես է իրականում, ուրեմն մեր վրացի հարեւանների ասածը, որ ռազմական բեռների ոչ մի փոխադրում իրենց տարածքով տեղի չի ունենում, իրականությանը չի համապատասխանում։

- Այս դեպքում ի՞նչ խաղ է խաղում մեզ բարեկամ համարվող Վրաստանը, ինչո՞ւ ուղիղ բարեկամական աջակցություն չի ցուցաբերում։ Դուք կապեր ունեք այդ երկրում, փորձե՞լ եք հասկանալ, թե ինչ քաղաքականություն է որդեգրել մեր հարեւան պետությունն այս հարցում։

- Նախ սկսենք նրանից, որ Վրաստանն արդեն երկրորդ տասնամյակն է՝ հստակ ուղղորդում է իրեն դեպի Հյուսիսատլանտյան դաշինք՝ ՆԱՏՕ եւ Եվրամիություն։ Եվ ցանկացած գործողություն, որը, իրենց պատկերացմամբ, շահեկան դիրքով է ներկայացնում Վրաստանին այդ կառույցներում, նրանք այդ քայլերին գնում են։ Մասնավորապես, եթե Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, դրական է վերաբերվում Վրաստանին եւ ողջունում է նրա մուտքը ՆԱՏՕ, ուրեմն պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանել, որովհետեւ Թուրքիան հանդիսանում է այն լոկոմոտիվը, որը նրանց տանում է դեպի ՆԱՏՕ։ Այսինքն՝ Թուրքիայի հետ փոխհարաբերությունները Վրաստանի համար առանձնահատուկ են։ Ես ուզում եմ հիշել Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարարի հայտարարությունը, թե Վրաստանի տնտեսությունը Թուրքիայի տնտեսության բաղկացուցիչ մասն է։ Այսինքն՝ հիմա մենք էլ ի՞նչ ենք ուզում դրանից ավել լսել։ Այո, կան տրադիցիոն հարաբերություններ Հայաստանի հետ, կա պատմություն, կա անցյալ, կա հայկական համայնք, եւ ամեն ինչ բացահայտ անել մեր դեմ՝ իրենք դա չեն անի եւ չեն էլ ուզում անել։ Բայց իրենք ելնում են իրենց շահերից։ Իհարկե, դա ցավալի է, բայց փաստ է։

- Դուք ասացիք՝ Հայաստան ներկրվող վառելիքը նաեւ ռազմավարական նշանակություն ունի։ Ուզում եք ասել՝ վրացական կողմը հենց դրանից ելնելո՞վ է խոչընդոտներ հարուցում, եւ ինչո՞ւ մենք չենք կարողանում բացատրել, որ այդ վառելիքը տանկերից բացի նաեւ կոմբայնի մեջ է լցվում։

- Դուք լավ ասացիք՝ տանկերից բացի։ Այսինքն՝ տանկեր լցվում են, ուստի դա բավարար հիմք է, որ Վրաստանը դա, ըստ էության, դիտարկի որպես ստրատեգիական նշանակության բեռ։ Եվ մի մոռացեք, որ, վերջին հաշվով, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների համատեղ հանդիպումը Վրաստանում ընդամենը պատերազմից մեկ շաբաթ առաջ էր։ Ասել, որ դա պատահականություն էր, որ ոչ մեկը ոչ մի բան չի տեսել եւ ոչ մի հետեւություն չի արել, դա քաղաքականության մեջ մի քիչ միամտություն կլինի։ Եվ ես չեմ բացառում, որ այդ հանդիպման ժամանակ նաեւ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։