Դու հարմարվում ես մեկի թևի տակ, որտեղ գոլ ա, դու հմուտ ձիու պես ախոռը շուտ ես զգում

Դու հարմարվում ես մեկի թևի տակ, որտեղ գոլ ա, դու հմուտ ձիու պես ախոռը շուտ ես զգում

«Թրիքը սկըցնելու ժամանակն է, հրում ես, մտցնում ես ջրի տակ, նորից դուրս է գալիս։ Գրելու համար չեմ ասում»։ Ո՞ւմ նկատի ունի հրապարակախոս, լրագրող, խմբագրի աշխատանքի տարիների փորձ ունեցող Արթուր Ազարյանը, որը միշտ պահանջված է եղել, բայց այսօր հանկարծ անգործ է մնացել։ «Թրիքն» ովքե՞ր են՝ նախկիննե՞րը, ներկանե՞րը։ Չի կոնկրետացնում։ Քաղաքական կոնկրետացումը նրա համար սեւի ու սպիտակի «գողական» քառակուսու մեջ մտնել է, իսկ ինքը՝ ո՛չ սեւ, ո՛չ սպիտակ, մնացել է լուսանցքում։

«Բոլշեւիզմ է դա կոչվում՝ ամեն մի խոհարար կարող է երկիր կառավարել։ Իսկ նրանք, որոնք նորմալ պետության տեսլական ունեն, բայց հնարավորություն չունեն` ավելորդ մտավորական լինելու պատճառով, նրանք այսօր մարգինալներ են, լուսանցքի մարդիկ։ Մի օր Շանթ Հարությունյանը լավ բան ասեց՝ «հասկացող, մտավորական տեսակը միտք ունի, բայց դուխ չունի։ Ուր էր թե դա մեկտեղվեր»։ Եթե ջութակահարին բարձրավոլտի կառավարումը ցույց տաս, նա լարերի վրա էլի ջութակ կնվագի»։ Խոսում է։ Համարյա չեմ միջամտում։ Միայն մեկ-մեկ, երբ սկսում է հոգնել, կրակի մեջ փոքրիկ փայտիկներ եմ նետում։  

- Ատելության խոսքի մասին հարցնեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, որ մարդիկ դրսեւորում են իրենց ատելությունը։   

- Ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Ատելությունը պահանջված է։ Ատելության շուկա է ձեւավորվել։ Երբ որ չկար Ֆեյսբուք, վտանգը մեծ էր, որ կոնկրետ մարդիկ քեզ կհակադարձեն։ Հիմա ազատ գոտի է ստեղծվել՝ անպատասխան արձագանքի համար։

- Առաջ չկա՞ր ատելություն, ատելության խոսքը կոնկրետ Ձեզ խանգարո՞ւմ է։

- Բացարձակ։ Վահագն Աթաբեկյանի հրաշալի թարգմանությամբ մանկական բանաստեղծություն կա․ «Մի մրջյուն կար խելացի, նա խոսում էր ֆրանսերեն, ձեւանում էր չինացի, բայց խոսում էր հայերեն։ -Սուտ ես ասում, խաբեբա, էդպիսի մրջյուն չկա։- Բայց ո՞վ ասաց, թե չկա։ Առաջ չկար, հիմա կա»։ Ֆեյսբուքն է սա՝ առաջ չկար, հիմա՝ կա։ Տրանսֆորմացիան այնքան արագ է լինում, գնահատականի ժամանակ չեն թողել։ Գաղտնիքն այստեղ է։ Տվյալ պահին գնահատականի ժամանակ չկա։ «Պոստ սկրիպտում» է լինելու, բայց դա արդեն էական չէ։

- Բայց «պոստ սկրիպտումն» էականը, դա է արդյունքը։

- Էական է ընդհանուր պրոցեսը հասկանալու առումով։ Իսկ հիմա այդ ամենն անհատական դրսեւորումներով է։ Ֆեյքերի պարսեր են հայտնվել, երամներ, երամակներ։ Դա շատ նման է շենքերի մոտ՝ բեսեդկաներում հավաքված իսկյամբիլ ու բլոտ խաղացողներին, որոնք իրենց գնահատականը տալիս են։ Նորմալ մարդը դա երբեք չի կարեւորի, որովհետեւ իրենք ավարա են, ուրիշ անելիք չունեն, դա՞ էլ չանեն։ Նորմալ մարդիկ մտածում են՝ նրանց հացը չկտրեն, թող գրեն, էլի։ Հիմա հարց տամ՝ խեւն ի՞նքն ա, թե՞ դու, որ նրա վրա ուշադրություն ես դարձնում։ Գլաքարից ինտելեկտ ես սպասում, բայց գլաքարը քեզ ինտելեկտուալ ի՞նչ պետք է ասի։

- Լավ, հիմա ի՞նչ է կատարվում, մեր լուսանցքից ի՞նչ է երեւում։

- Թուղթ ու գրիչ տուր, ասեմ (մարդուկ է նկարում)։ Սա մարդուկ է։ Անտես մի ձեռք խախտել է մարդու անատոմիան, նրա մարմնի մասերը տեղերով փոխել է։ Արդյունքում հետույքը հայտնվել է ուղեղում։ Մենք հետույքին ասում ենք՝ լավ, ինչո՞ւ չես մտածում։ Ինքն ասում է՝ ախր, մտածում եմ։ Բայց ինչ մտածում է, ուրիշ բան է դուրս գալիս, որովհետեւ բուն նշանակությամբ ինքն ուրիշ ֆունկցիա ուներ։ Չի կարող սրունքը ակնաբիբի դեր կատարել։

- էդ Ձեր ասած օրգանները քանի՞ տարի է, որ տեղերով փոխված են։

- Ցավոք, այդպես է 5 հազար տարի։ «Պահպանելով հինը, կառուցենք նորը»։ Ես էդ կարգախոսի հեղինակին պետք է ձեռքից բռնեմ, տանեմ Սարի թաղ։ Հայկական շինարարական հանճարն այնտեղ է։ Մի ուղիղ տուն չկա, բոլորը ծուռ մռտիկ են։ Հարցնելու եմ՝ էդ ղշի բնի վրա ի՞նչ ես կառուցելու։ Նույնը քաղաքական ոլորտում է։ Սահմանադրական դատարանի վերջին սամուրայները, որոնք «չդավաճանեցին իրենց Նվարդին», ինձ մարդկայնորեն հիացրեցին, ի տարբերություն ոմանց՝ ասենք, Ֆելիքս Ցոլակյանի, որը թիմում էր, մեկ էլ առաջին իսկ պատահած նավով հայտնվեց հակառակ ափին։

- Բայց բարոյակա՞ն է արդյոք մնալ, երբ որ առաջնորդը գնացել է։

- Բարոյական էր արդյոք հանգուցյա՞լը։ Այսինքն, ուղեղի առողջ բջիջներ, որոնք մնացել են, մինչեւ նորը գա՞։ Չեմ հավատում։ Դու հարմարվում ես մեկի թեւի տակ, որտեղ գոլ ա, եւ հմուտ ձիու պես ախոռը շուտ ես զգում։

- Արթուր, տեսեք, շատերն են ընդունում, որ եթե ապրիլի 23-ին անմիջապես պահանջեին ԱԺ-ի, ՍԴ-ի հրաժարականները, եթե այդ օրը քշեին բոլոր սամուրայներին, ոչ ոք չէր մեղադրի հեղափոխական իշխանությանը։ Ուրեմն ի՞նչն է փոխվել, ընդամենը ժամանակ է անցել։

- Համամիտ եմ, դա կլիներ հեղափոխության տրամաբանության հոլովույթում։ Երբ դու երկարաձգում ես գործընթացը, դա նույն տարբերակն է՝ պահպանելով հինը, կառուցում ես նորը։ Դու ունես մի մարմին՝ ՍԴ, որը կեղծիքներ է դակել, կեղծիքների մեղվի բույնն է, վերջին ատյանն է, դրանից այն կողմ բան չկա։ Բայց երբ որ նայում ես վտանգները, լսում ես հորդորները, որ չի կարելի միանգամից այսպես ամեն ինչ փոխել, հասկանում ես, որ հայկական մենթալիտետը երբեք ազնիվ չի լինում, այլ հարմարվում է տվյալ իշխանության կոնյունկտուրային։ Հին տակառում՝ հինը, նորում՝ նորը։ Միքսը չի լինում, էլի… Էս հասարակությունում մենթալիտետի խնդիր կա, չգիտեմ՝ գաղթի, թե դժնի մանկության պատճառով, բայց մենք անընդհատ մտածում ենք վերցնել-թռնելու մասին։ Երկրի նախագահից մինչեւ վերջին մարդն ապրում է էս սկզբունքով։ Քոչվորն է առնող-թռնողը։ Մնացողը, կառուցողը տերն է։ Դիցուք, ճապոնական հասարակությունը։ Ճապոնական «Նիպոն» պողպատաձուլական ընկերության ղեկավարը կառավարիչների հավաքին ասում է․ ձեր պարտավորությունն է՝ ոչ միայն վաստակով ապահովել ձեր աշխատողներին, այլեւ ապագայի երաշխիքով։ Ցույց տվեք մի բան, որ ապագայի երաշխիք է տալիս։ Չասեք, 40 մլն ենք դառնալու։ Երբ դու ապագայի հանդեպ հավատ ես ներշնչում, կյանքը կանոնավոր է դառնում, իսկ մենք հիմա խուճապային ավարտվող հասարակության պահվածք ենք դրսեւորում, հոգեվարքի մեջ ենք մենք։ Մեքենաների արագ ներկրումն էլ է այդ շարքից։ Նորմալ երկրում ծրագրում են, թե քանի մեքենայից ավելի չեն կարող ներկրել։

- Դուք լավ բան նկատե՞լ եք, ու ի՞նչն է վատը։

- Վատը եթե թվարկեմ, ես մի քանի թուղթ կուզեմ քեզանից։ Լավն էլ այն է, որ մոնստր-համակարգը վերացել է: Վերջապես հնարավորություն է ներկայացել։ Քաղաքակիրթ են դարձել մեթոդները: Կարող է նոր մոնստր է ձեւավորվում, բայց դա տեսանելի չէ, ներվայնացնող չէ։ Դիսկուրս կա, քննարկումներ, վեճերի Ագորա կա։ Բայց վատ է, որ խելամիտ խոսք լսելու ժամանակ չկա։ Լենա Նազարյանի ցուցամատի ու քթի ինտիմ հանդիպման հարցն ավելի կարեւոր է ժողովրդի համար, քան մարտահրավերները, որոնք ներկայանում են, թեկուզ, ասենք, երկրագնդին սպառնացող հրդեհներից։

- Ասացիք՝ քառակուսիներ են գծված՝ սեւ ու սպիտակ։ Բա լուսանցքի մարդիկ ի՞նչ անեն՝ Դուք, ես։

- Եթե դու սեւ ու սպիտակի խնդիր ես դնում, ուրեմն ինձ տեղավորում ես քառակուսու մեջ, իսկ ես քեզ ասում եմ՝ քուանշ, որովհետեւ լիքը բան այդ քառակուսուց դուրս է մնում։ Եթե դու սեւ ու սպիտակի խնդիր ես դնում, ուրեմն ինձ համար տեղ գտի։ Եթե չէ, ապա ես մշտապես լինելու եմ քո առաջ հայելի պահողը։ Մտավորականը գլխացավն է, չէ՞։ Նիկոլ Փաշինյան, ես քո գլխացավն եմ։ Ես իմ տեսակը համարում եմ առողջ եւ քո շահերից ելնելով, բարձրաձայնելու եմ քո սխալների մասին։ Մենք կարոտ ենք մի իրավիճակի, երբ գումարելիների տեղափոխությունից գումարը կօդափոխվի։

- Դուք «այո՞» եք ասելու, թե՞ ոչ։

- Շատ բարդ հարց է, ինձ համար՝ դիլեմատիկ։ Ես տեսնում եմ, որ կան երեւույթներ, որոնք կարող են բերել պինոչետիզմի։ Ընդունում եմ, որ գործընթացը խախտումներով ու սխալներով է գնում, բայց «այո» եմ ասելու, որքան էլ տխուր լինի, որովհետեւ հեղափոխությունը պետք է ավարտվի։ Բռնակալն արժանանալու է ավելի ծանր ճակատագրի, քան նախորդը։ Ես կարոտել եմ՝ մաքուր թղթին չասեմ, բանականության դաշտ գալուն։