Իրավական ծանր փորձություն

Իրավական ծանր փորձություն

ԱԺ-ն կանխատեսելիորեն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Դատելով ակնառու փաստերից` այլեւս ոչինչ չի կարող կասեցնել «ունեզրկողներին ունեզրկելու» հեղափոխական կառավարության փափագի իրականացումը: Խորհրդարանական մեծամասնությունն առաջիկայում օպերատիվ գործողության արագությամբ օրինագիծը կընդունի 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, իսկ ՀՀ նախագահն էլ այն կվավերացնի իր ստորագրությամբ ու կհրապարակի: Ապշեցնող շտապողականություն: ԱԺ օրակարգում կան օրինագծեր, որ շրջանառության մեջ են արդեն կես տարի, սակայն ս.թ. ընդամենը հունվարի 9-ին ստացված բռնագանձման կամ բռնագրավման, առգրավման (թող իրավաբանները բանավիճեն` որ եզրույթն է ճշգրիտ արտահայտում բուն էությունը) մասին օրինագիծը, վազանցելով օրակարգում ընդգրկված ավելի քան 100 օրինագծեր, մարտի 5-ին դրվեց  քվեարկության, ընդ որում` ուղեկցող 14 իրավական այլ ակտերում փոփոխությունների ու լրացումների փաթեթով հանդերձ: 

Ճակատագրորեն կարեւոր այս փաստաթուղթը պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մեկ շաբաթ առաջ քննեց «թեթեւի մեջ» եւ հավանության արժանացրեց մեկ նիստի ընթացքում` սեղանին ունենալով ոչ պակաս կարեւոր այլ հարցեր նույնպես: Միայն ԲՀԿ-ն իր հատուկենտ ելույթներով ու առաջարկներով փորձ արեց փոխել օրինագծի գործողության ժամանակաշրջանը, թույլ չտալ հետադարձ ուժով ներգործություն  եւ գույքի ապօրինի ծագման վեճում հավասարեցնել կողմերի` դատախազության ու պատասխանողի հանձնառությունը: Սակայն միայնակ մնաց մեծամասնության ճնշման դեմ հանդիման: ԼՀԿ-ն խոստացավ հետագայում գրավոր առաջարկներ ներկայացնել եւ, փաստորեն, ընդունեց, որ խնդիրը քաղաքական է` խոստովանելով, որ քննարկվող հարցի վերաբերյալ կա քաղաքական կոնսենսուս խորհրդարանական ավագ գործընկերոջ հետ:           
Հայաստանի արեւմտյան կողմնորոշման առհավատչյա այս իրավական ակտը ծանր փորձության է ենթարկելու մեր վտիտ պետական մեքենան եւ վաղուց պառակտված հասարակության նոր ցնցումներին կհաղորդի դասակարգային հակամարտության բովանդակություն: Չէ որ ունեզրկման թիրախում հայտնվելու են ոչ թե հասարակության մեծամասնությունը կազմող աղքատները կամ միջին եկամուտ ունեցողները, այլ մեծահարուստ պաշտոնյաները, ովքեր հարստացել են Հայաստանի անկախացումից հետո: 

Ճիշտ է, այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ (2001թ.), ստորագրեց Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիան (2010թ.), որոշակի աշխատանք կատարվում էր մեզանում կոռուպցիա ծնող պատճառների վերհանման, կանխարգելման, վերացման ուղղությամբ: 2016-17 թվականներին ընդունվել են ուղենիշային որոշումներ. քրեականացվել է ապօրինի հարստացումը, քրեական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվել եկամուտների հայտարարագրման ժամանակ տվյալներ կեղծելու, թաքցնելու համար: Ընդունվել են օրենքներ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու, ազդարարման մասին, բարեփոխվել են հանրային ծառայության, քաղաքացիական ծառայության մասին օրենքները: 

GRECO անվամբ հայտնի՝ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խորհուրդը 2017-ի դեկտեմբերին արձանագրել է, որ Հայաստանն իր ստանձնած 18 պարտավորությունից 5-ը կատարել է ամբողջովին, 12-ը` մասնակի եւ միայն 1-ը չի կատարել: Եվ խնդիրն այն է, որ նշված մասնակի արդյունքները ձեռք են բերվել ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած «Բռնագանձումը» 103.1 հոդվածի շնորհիվ: Այն սահմանում է, որ հանցագործության կատարման արդյունքում առաջացած գույքը եւ դրա օգտագործումից ստացված եկամուտը, մաքսանենգ առարկաները դատարանի որոշմամբ ենթակա են բռնագանձման` հօգուտ պետության: Այսինքն, նախկին կառավարությունն ընտրել էր կոռուպցիայի աստիճանական, էվոլյուցիոն հաղթահարման ճանապարհը:
Այժմ ուրիշ ժամանակներ են. ՀՀ դատախազության կազմում ստեղծվելու է հատուկ ստորաբաժանում, որը ուսումնասիրությունների եւ այլ գործողությունների ճանապարհով հեշտացված կարգով իրականացնում է բռնագանձումը` ապացուցման պարտականությունը թողնելով պատասխանողի վրա:

Հանրահայտ է, որ օրենսդրական նման կարգավորումները այլ երկրներում օգտագործում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից եւ հանցավոր այլ ճանապարհներով (օրինակ, մաֆիական կառույցների գործունեությունից) գոյացած միջոցների լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով: Մեզ մոտ այդ երեւույթները չկան: Մնում է հավատալ գործադիրի հիմնավորման հենց սկզբում գրվածին․ օրինագիծը նպատակ է հետապնդում՝ կանխելու ապօրինի հարստացումը եւ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների քաղաքական ազդեցության համար օգտագործումը:


Արա ՍԱՀԱԿՅԱՆ