Այդ մի հարցում Փաշինյանը ճիշտ է

Այդ մի հարցում Փաշինյանը ճիշտ է

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սկսել է կռվել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի «ստվերի» հետ, որի հիմնադիրներն ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպաներ են, այդ թվում՝ պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարած Միքայել Համբարձումյանը։ Փաշինյանը մտավ դերի մեջ, լաչառացավ ԱԺ ամբիոնից ու սկսեց վարկաբեկել ԱԱԾ պաշտոնաթող սպաներին։ «Էսօր մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ, որ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են՝ էսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում... Չգիտեմ՝ ԱԱԾ սպաների միություն․ տո, արա, դուք նամուս ունենաք՝ էսօր փողոց դուրս կգա՞ք։ Երկրի կեսը շպիոն ա եղել ձեր պաշտոնավարման ընթացքում, դուք հասարակական կազմակերպությո՞ւն եք հիմնում՝ Ազգային անվտանգության ծառայության․․․ Հայաստանի Հանրապետությունում ձեր օրոք ազգային անվտանգության ծառայություն չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, խոպանչիների բրիգադ՝ ցավոք սրտի, նաեւ մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ ԱԱԾ սպաների միություն․․․․ տո, դուք՝ ո՜վ, Ազգային անվտանգության ծառայության․․․ ձեզնով ԱԱԾ-ն պիտի զբաղվի, որովհետեւ շատ դեպքերում հլը պետք ա հասկանանք՝ դուք՝ ամեն մեկդ, քանի՞ երկրի շպիոն եք ընդհանրապես»։

Բայց պետք է խոստովանենք, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ Փաշինյանի խոսքի մեջ ճշմարտություն կա. այսօր շատերս ենք զարմանում, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանում օտարերկրյա գործակալները, թուրքական փողերից տարբեր խողովակներով սնվողները, կասկածելի միջազգային կառույցների հետ աշխատած մարդիկ այսքան շատ են մեր երկրում ու հիմնականում զբաղեցնում են տարբեր պատասխանատու պաշտոններ: Ի վերջո, այս մարդիկ նոր չծնվեցին ու նոր չբազմացան, նրանք տասնամյակներ արդեն գործունեություն են ծավալում, իրենց գրասենյակներն ունեն, թիմակիցները, կամաց ընդլայնում են այդ շրջանակները: 2018 -ին, երբ Գյումրիից մի քանի հոգանոց խումբը քայլելով գալիս էր Երեւան, որը պետք է գար ՀՀ իշխանության ու հիմնահատակ քանդեր Հայաստանը, ԱԱԾ-ն ինչո՞վ էր զբաղված, չգիտեի՞ն, թե ովքեր են այդ մարդիկ, ինչու են քայլում եւ ինչ ծրագրեր ունեին: Եթե չգիտեին, ապա, ուրեմն իսկապես «խոպանչիներ» էին: Իսկ եթե գիտեին, բայց հանդուրժել ու լռել են, ապա հանցակիցներ են: Երկու դեպքում էլ արդարացում չունեն: 

Եթե Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը 44-օրյա պատերազմից հետո էր բարձրաձայնում Արարատ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու մասին, ապա մինչ այդ ԱԱԾ-ն չգիտե՞ր այդ մասին, ինչու չէին կասեցնում նրա գործունեությունը, կամ՝ ձերբակալում: Իսկ եթե գիտեին ու լռում էին, ապա՝ էլ ավելի վատ: Երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը  հրաժարվեց իր պաշտոնից՝«Կանգ առ»-ի կոչով, բնականաբար, ինքն ու իր գործընկերներն արդեն գիտեին, թե ով է Փաշինյանը, ովքեր են նրա թիմակիցները եւ ինչ են անելու Հայաստանի հետ: Ինչո՞ւ նրանց չմեկուսացրին եւ չկանխեցին Հայաստանի գլխին կախված աղետը: Այս ՀԿ-ի հիմնադիրներից մեկը՝ Միքայել Համբարձումյանը, 44-օրյա պատերազմի օրերին զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի պաշտոնը: Հետեւաբար, պետք է լավ իմանար, թե ով ինչ է անում այդ օրերին, հենց թեկուզ՝ իրենց գործընկեր Արգիշտի Քյարամյանն ինչ կասկածելի գործունեություն էր ծավալում Շուշիում։

Հետեւաբար, պատերազմից անմիջապես հետո պետք է շատ մարդկանց մեկուսացնեին, քանի դեռ իրենց ձեռքին ունեին լծակներ: Բայց, ինչպես տեսանք, ոչ մի նման բան չեղավ: Չհամարձակվեցին: Իսկ պաշտոնից հեռանալուց հետո սկսեցին ընդդիմություն խաղալ, ինչը վստահություն չի ներշնչում: Ուստի, այս մի հարցում, այո, Փաշինյանը ճիշտ է: Ով՝ ով, բայց Փաշինյանը լավ գիտի, թե ովքեր են մեր երկրում օտարերկրյա գործակալները, որտեղ են նրանք նստած եւ երբվանից են սկսել գործել…