Գիտնականի հիշատակին

Գիտնականի հիշատակին

Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի ստեղծման ակունք­նե­րում կանգնած, քառորդ դար բարձր որակավորմամբ ֆինանսիստներ պատրաստած, ՀՊՏՀ ֆի­նանս­ների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Բորիսի Սալնազարյանը:

Նրա ողջ մարդկային էությունը պարփակվում է մեկ բառի մեջ՝ «շիրակցի». ուղղմիտ, մարդասեր, դրական էներգիայով լեցուն, հողը սիրող անձնավորություն:

Չգիտեմ ի՞նչ խոսքեր ասել: Հիշել, թե ինչպե՞ս ենք Հեռավոր Արևելքում մաս­նակցել ուսանողական շինարարական ջոկատի աշխատանքներին, և թե ես ինչպես եմ իրեն հաճախակի «սադրել» բանավեճի մեջ մտնել Հայաստանում կորպորատիվ արժեթղթերի շուկայի զարգացման հիմնախնդիրների շու՞րջ: Նա երկրի տնտե­սության զարգացման համար անհրաժեշտ ներդրումների գլխավոր աղբյուր էր դիտում կորպորատիվ արժեթղթերի շուկայի զարգացումը, նկատի ունենալով, թե որքան անկայուն են օտարերկրյա ներդրումների հոսքերը: Նա ապավինում էր մեր ներքին ֆինանսական ներուժին, ինչպես որ արցախցին հայ ժողովրդի այս ճակա­տագրա­կան ժամանակահատվածում ապավինում է իր բազկի զորությանը:

Պրոֆեսոր Սալնազարյանը զուտ ակադեմիական անձնավորություն չէր, նա այդ բնագավառ մուտք էր գործել՝ ունենալով պատկառելի փորձառություն ինչպես պետա­կան կառավարման համակարգում, այնպես էլ մասնավոր հատվածում: 

Անուրանալի է նրա ավանդը երկրի ֆինանսական գիտության, մասնա­վորա­պես՝ արժեթղթերի շուկայի զարգացման բնագավառում նրա գիտական ձեռքբե­րում­ները, որոնք ունեցել են նաև գործնական նշանակություն, արտացոլվել են յոթ տասնյակից ավելի գիտական հրապարակումներում, օրենսդրա­կան և նորմատի­վա­յին փաստաթղթերում:

Նա մշտապես աշխատել է կրթական ծրագրերի կատարել­ագործման ուղղությամբ՝ նպատակ հետապնդե­լով բարձրացնել ոչ միայն իր սաների մրցունակությունն աշխատաշուկայում, այլև պատրաստել պետական ֆինանսների կառավարման բնագավառին արժանի մասնագետներ: 

Մենք հրաժեշտ ենք տալիս շիրակցու հարուստ կոլորիտով մի կենսախինդ անհա­տա­կանության, որի մարդկային բարձր հատկանիշները միշտ հարգանքով կհիշեն իր գործընկեր­ներն ու սաները:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր