Սրճարանը քանդել է թեքահարթակը բարեկարգման անվան տակ

Սրճարանը քանդել է թեքահարթակը բարեկարգման անվան տակ

Կինոյի տան հարեւանությամբ գործող սրճարանը որոշել է «բարեկարգել» Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակը եւ ամբողջովին ավերել այն, ու դա արել ոչ աշխատանքային օրով՝ հավանաբար հույս ունենալով «բարեկարգումն» արագի մեջ գլուխ բերել։ Երբ ահազանգի հետքերով գնացինք դեպքի վայր՝ բանվորներն արդեն դադարեցրել էին աշխատանքը։ 

Թե ի՞նչ հիմքով են քանդում թեքահարթակը, արդյոք ունե՞ն շինթույլտվության իրավունք, թե ոչ, համաձայնեցվա՞ծ է քաղաքապետարանի եւ Կինոյի տան հետ, մեր հարցերին պատասխանեց սրճարանի օֆիսային տարածքում գտնվող մի տղամարդ, ով շտապեց հանգստացնել մեզ՝ նշելով որ իրենք միտք չունեն թեքահարթակը քանդելու, ընդամենը ուզում էին վերականգնել այն, ընդ որում իրենց հաշվին։ Թե ինչո՞ւ են թեքահարթակի դիմացը փակել՝ աստիճաններ կառուցելով, այն դեպքում, որ Արամի փողոցի հատվածից սրճարանի գլխավոր մուտքն արդեն ունի աստիճաններ՝ տղամարդը նշեց, որ դա իրենք չեն արել, այլ սրճարանի նախկին սեփականատերը, իսկ իրենց մտադրությունները բարի են։ Տղամարդը վստահեցրեց, որ շինաշխատանքները դադարեցված են մինչեւ երկուշաբթի՝ մինչեւ բոլոր կողմերը կհասկանան հարցի էությունը։ 

Նկատենք, որ Կինոյի տան գլխավոր դահլիճը Հայաստանի ամենամեծ կինոդահլիճն է, եւ միջոցառումների ժամանակ Խանջյանի գլխավոր մուտքով շուրջ 500 մարդ է ներս մտնում կինոդահլիճ, այդ թվում հաշմանդամություն ունեցող մարդիկ, ու եթե «բարեկարգման» անվան տակ շինարարությունը չկասեցվի, քաղաքում եւս մի կառույց իր դռները կփակի առանձնահատուկ կարիք ունեցող մեր քաղաքացիների առաջ։