Որպես վերջաբան

Որպես վերջաբան

Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել եմ 1999-ին, երբ նա դիմել էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը՝ «Հայկական ժամանակ» թերթը ժամանակավորապես իրեն տրամադրելու համար։
2006-ի ամռանը Նիկոլը եկավ մեր կուսակցության գրասենյակ՝ առաջարկելով Բաբկեն Արարքցյանի հետ համատեղ քաղաքական գործընթացներ նախաձեռնել։ Ամիսներ անց, 2 տասնյակ քաղաքական գործիչների մասնակցությամբ, ձեւավորվեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը։ 2007թ․ «Այլընտրանք» ՀՔ նախաձեռնությամբ «Ժողովրդավարական հայրենիք» եւ Պահպանողական կուսակցությունները ձեւավորեցին «Իմպիչմենտ» դաշինքը, Նիկոլ Փաշինյանին առաջարկվեց գլխավորել դաշինքի ցուցակը։ 2008թ․ Նիկոլ Փաշինյանի հետ նախագահական ընտրություններում աջակցել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին։

2010-ին Նիկոլ Փաշինյանը, լինելով անազատության մեջ, մասնակցեց Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններին։ ԺՀԿ-ն համակարգում էր Կենտրոնի 7 ընտրատեղամասերը։ Ընտրությունների օրը 3 տասնյակից կազմված քրեածին բանդան տեղամասերում հարձակվեց ԺՀԿ անդամների վրա, հարուցվեց քրեական գործ, որտեղ տուժող ճանաչեցին ինձ, Սուրեն Մարտիրոսյանին, Կարեն Մակեյանին, բայց «իրավապահ» համակարգը «չհայտնաբերեց» բանդայի անդամներին, գործը կարճվեց, այն դեպքում, երբ մեր կողմից բացահայտված էր բանդայի մասնակիցների մի մասը՝ նրանց մեքենաների համարներով։

Հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունները, ինչպես նաեւ ԺՀԿ-ի հետ Նիկոլի` տարիների համագործակցության փաստը, 2011թ․ ես նրան առաջարկեցի համագումարով կուսակցության ղեկավարումն իրեն փոխանցել։ 2012-ի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին Նիկոլը հանդիպում խնդրեց՝ ներկայացնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդրանքն է փոխանցում, որպեսզի մեր՝ կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու-չմասնակցելու հարցը քաղխորհրդի քննարկումներում դրական լուծում ստանա, հակառակ դեպքում տարիներ շարունակ մեր կրած զրկանքները ջուրը կլցվեն։ Միաժամանակ ներկայացրեց իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շատ լարված հարաբերությունները։ Վերջինս, իմանալով մեր մտերիմ հարաբերությունների մասին, այնուամենայնիվ, այդ հարցով ինձ հետ բանակցելու համար դիմել է իրեն։

2015-ին՝ 4 տարի անց, Նիկոլը վերհիշեց 2011թ․ իմ կողմից կուսակցությունն իրեն փոխանցելու առաջարկությունը։ Հարցրեց, թե արդյոք ուժի մե՞ջ է մնում այն, որին ես պատասխանել եմ՝ մնում եմ նույն կարծիքին, իսկ քաղխորհրդի տեսակետը պետք է պարզել, եւ որոշեցինք հանդիպել երկու շաբաթ անց։ Հանդիպման ժամանակ Նիկոլը ներկայացրեց, որ համագործակցության այլ տարբերակ է առաջարկում, ինչը կներկայացնի ավելի ուշ։

2016-ին քննարկումներ էին գնում 2017թ․ ԱԺ ընտրություններին ընդդիմության հնարավոր համախմբման մասով։ Առաջանցիկ, արագացված կերպով 2016թ․ դեկտեմբերին ձեւավորվեց «Ելք» դաշինքը։ Ըստ տարածված լուրերի՝ դաշինքի կնքահայրը Միքայել Մինասյանն էր, իսկ Սերժ Սարգսյանի բանագնացը՝ Գագիկ Հարությունյանը, որը երաշխավորել է դաշինքի 7 տոկոս շեմի հաղթահարումը, եթե դաշինքը սահմանափակվի հայտնի երեք կուսակցություններով։

2018-ի մարտ-հունիս ամիսների իմ ու Նիկոլի համագործակցությունը եւ նրա կողմից մեզ «գցելու» ամբողջ գործընթացն արդեն ներկայացրել եմ։ 2019-ից ես մեղմ հասցեական ներկայացնում էի թերությունները, սխալները՝ պարգեւավճարների անթույլատրելիություն, կոռուպցիոն համակարգի շարունակելիություն, տասնամյակներ թալանված միջոցների վերադարձի անկարողություն, եւ վերջապես՝ պետք է լրջանան, քանի որ պատերազմի վտանգը ռեալ է։

Ի պատասխան՝ նա ներկայացրեց հիասթափվածների մոդելավորումը, 2019թ․ հոկտեմբերին ԿԳԲ-ին ուղղորդեց իմ ընտանիքի դեմ՝ կազմակերպելով սադրանք։ 2019թ․ դեկտեմբերին ես համակարգված վերստին ներկայացրի բոլոր վերոնշյալ թերությունները՝ վերլուծական երկու հոդվածներով, եւ ուղարկեցի՝ իրեն պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակելու։ Ոչ միայն հրաժարվեցին հրապարակել, ավելին՝ 2019թ․ դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում Փաշինյանը հասցեական պատասխանեց, որ իրենց իշխանությունը չի ենթարկվում շանտաժների եւ գործարքների չի գնում, ճիշտ է ասված՝ խոզի գլուխը խալու վրա չի մնում, այսինքն՝ իմ քննադատություններն իր կողմից ընկալվել են որպես շանտաժ կամ գործարքի գնալու նախաձեռնություն։

Եվ ուրեմն՝
Մարդը, որը դիմացինին չափում է իր սրիկայության չափանիշներով
Մարդը, որը «գցող» է
Մարդը, որն ուրացող է
Մարդը, որն այլոց հասույթը յուրացնող է
Մարդը, որի գործունեության հիմնական մեթոդը ստով եւ կեղծիքով ժողովրդին մոլորության մեջ գցելն է, իրավունք չունի երկիրը կառավարել, եւ հասարակության խնդիրն է՝ նրան հեռու պահել պետական համակարգից։

Պետրոս  Մակեյան