Ոչ մի ապաքաղաքականացում բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում տեղի չունեցավ

Ոչ մի ապաքաղաքականացում բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում տեղի չունեցավ

ՀՀ վարչապետի օգոստոսի 7-ի որոշմամբ հաստատվել է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, որը բաղկացած է 32 անդամներից եւ ձեւավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ կառավարության, կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներից:  

2019թ.-ի հունվարի 21-ին «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ բժիշկ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, ով մեզ հետ զրույցում ընդգծեց, որ խորհրդի կազմը պետք է փոխվեր դեռ ապրիլին եւ փաստացի մի քանի ամիս համալսարանը չի ունեցել հոգաբարձուների խորհուրդ․ «Դա ոչ մի կերպ չի բացատրվում, որովհետեւ ժամկետը լրացել էր եւ ապրիլի 16-ին արդեն լուծարված էր հին կազմը։ Այսինքն դեռ ապրիլին պետք է հաստատվեր նոր կազմը, որին կհաջորդեր նոր նախագահի ընտրությունները։ Սա օրենքի կոպտագույն խախտում է եւ փաստորեն ամենախոշոր միջազգային բուհերից մեկը, այն էլ ամենաճգնաժամային շրջանում՝ կրթության եւ առողջապահության համար հայտնվում է մի իրավիճակում, երբ չունի հոգաբարձուների խորհուրդ»,- ասում է նա ու նկատում, որ փաստացի, հին խորհուրդը հին կազմով այս ընթացքում գործելու որեւէ իրավասություն չի ունեցել։  

«Ինձ համար օրենքը օրենք է եւ ես մեղմ ասած զարմացած էի, թե ինչու է գործընթացը ձգձգվում՝ հատկապես արտակարգ իրավիճակի այս շրջանում։ Եվ հիմա մենք փաստորեն գործ ունենք ոչ թե հիմնական կազմի հետ, այլ կարելի է այս նոր խորհուրդն անվանել որպես անցումային, որովհետեւ 2 ամսից նոր օենքն է ուժի մեջ մտնում լրիվ նոր՝ հոգաբարձուների կազմը հաստատող ձեւաչափով։ Եվ եթե հիմա խորհրդում ընդգրկված է 32 անդամ, հետո լինելու է՝ 12-ը։ Իհարկե, եթե նորից օրենքը չշրջանցվի եւ դարձյալ անհասկանալի ձեւով չերկարաձգվի նոր խորհրդի կազմի իրավասությունները»։ 

Վահան Արծրունին ընդգծում է՝ ԿԳՄՍՆ-ի եւ կառավարության տրամաբանությունն իրեն անհայտ է, ավելին՝ այդ գործողությունների մեջ չկա որեւէ տրամաբանություն․ «Թվում է, թե ի՞նչ է եղել, մի քանի ամիս խորհրդի նոր կազմը չի հրավիրվել եւ հիմա դա արվում է, բայց իրականում շատ լավ հասկանում եք, որ սա եւս մեկ առիթ է եւ լավ հնարավորություն կատարել այն փոփոխությունները, որոնք առավել «կարեւորված» են կառավարության կողմից, ի նկատի ունեմ նաեւ Բժշկական համալսարանի նկատմամբ վերաբերմունքը»։ 

Բժշկական համլսարանի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահն ընդգծում է, որ թե խորհուրդը թե համալասրանը մշտական ճնշման տակ են եղել Առողջապահության նախարարության կողմից․ «Դա արվել է մի հաստատության կողմից, որն ընդհանրապես վարչարարական իմաստով կապ չունի համալսարանի հետ, ի նկատի ունեմ Առողջապահության նախարարությանը եւ իհարկե այդ նախարարության էմիսարներին՝ արդեն խորհրդի ներսում, որովհետեւ կային 1-2-ը, ովքեր ողջ ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով, հիմնականում օգտագործելով հանրային հարթակները, սադրում էին որոշակի բացասական գնահատականներ հանրության մեջ։ Բայց յուրաքանչյուր նման էպիզոդ հերքվում էր պաշտոնապես, որոնք դարձվում էր հանրության քննարկման առարկա՝ հետապնդելով մի նպատակ՝ սեւացնել Բժշկական համալսարանի ղեկավարության եւ հատկապես հոգաբարձուների խորհրդի աշխատանքը ու ստեղծել համալսարանի շուրջ անառողջ չակերտյալ քննարկումների նախադեպեր»,-ասում է Արծրունին ու հավելում, որ մեկ տարի առաջ ստանձնեց եւ ընդունեց այդ պատասխանատվությունը որպես մեծ պատիվ, բայց մյուս կողմից էլ իր բախտը բերեց այնքանով, որ ղեկավարեց հոգաբարձուների խորհուրդը Բժշկական համալսարանի ծաղկման գագաթնակետում․ «Այդ առումով իմ բախտը բերեց, որովհետեւ եւ ուսումնական եւ տնտեսական եւ միջազգայնացման չափանիշներով Բժշկական համալսարանը աննախադեպ բարձունքի վրա էր եւ դա բազմիցս ընդգծվել է նաեւ երկրի ղեկավարների կողմից»։

Ինչ վերաբերում է խորհրդի նոր կազմում իր լինել-չլինելուն, Արծրունին նկատում է, որ ինքը նախորդ անգամ կառավարության՝ մասնավորապես Արայիկ Հարությունյանի հրավերով էր առաջադրված․ «Հետագայում արդեն ընտրվեցի խորհրդի կողմից՝ կոլեգիալ որոշումով, մեծամասնության քվերակությամբ դառնալով խորհրդի նախագահ։ Այսինքն օրենքով ինքնաառաջադրվելու հնարավորություն չկա եւ բնականաբար ստացվում է, որ իմ ներկայությունը ապագա խորհրդում պայմանավորված էր միայն կառավարության կողմից առաջարկված ցուցակով, եւ հասկանալի է նաեւ, թե ինչ պատճառներով պայմանավորված ես չընդգրկվեցի նոր ցուցակում»։

Վահան Արծրունու համար, միանգամայն հասկանալի է նաեւ, թե հաջորդիվ սպասվող քայլերը ինչ վեկտորներով են ծավալվելու․ «Բնականաբար, հասկանալի է, որ նախորդ խորհուրդը եւ նախորդ խորհրդի նախագահը խիստ անհարմար անհատականություն էր կառավարության համար, հատկապես որ ես բաց տեքստով իմ վերաբերմունքը եւ կարծիքը արտահայտել եմ, որպես ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Իսկ երբ ՀԽ-ի նախագահը, բաց տեքստով առաջարկում է վարչապետին պաշտոնանկ անել Առողջապահության նախարարին, բնականաբար կառավարության կողմից չի կարող առաջադրվել 2-րդ անգամ։ Եվ այստեղ ես գալիս եմ հիմնական խնդրին, որը եւս մեկ անգամ ընդգծում է այն հանգամանքը, որ թե մշակույթի, թե կրթության ոլորտում կառավարությունը նախընտրում է քաղաքական լուծումների տարբերակը։ Այստեղ ես տեսնում եմ միմիայն քաղաքական որոշում, որը անթույլատրելի է։ Ավելին՝ մենք տեսնում ենք, որ այս 2 ոլորտների վրա ներազդելու ալգորիթմը նույնն է եւ ես ուղղակի վկայում եմ, որ ոչ մի ապաքաղաքականացում տեղի չունեցավ բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում, այլ ճիշտ հակառակը՝ ուղղակի ներազդում այս իրավիճակի վրա կառավարական լծակների միջոցով»։