Այսօր Հրայր Թովմասյանն ու Միհրան Պողոսյանն են պատասխան տալիս, վաղը՝ դուք եք տալու

Այսօր Հրայր Թովմասյանն ու Միհրան Պողոսյանն են պատասխան տալիս, վաղը՝ դուք եք տալու

Մի քանի օր առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ի լուր աշխարհի հայտարարեց, որ «Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակելու համար։ Ինչ է տեղի ունեցել՝ ինչ հափշտակության մասին է խոսքը եւ ինչ կապ ունեն դրա հետ մոտ երկու տարի այս իշխանությունների թիրախում հայտնված Հրայր Թովմասյանն ու Միհրան Պողոսյանը։ Եթե բաց թողնենք այնպիսի ահուսարսափ տարածող արտահայտություններ, ինչպիսիք են՝ «հանրորեն վտանգավոր արարք», «առանձնապես խոշոր չափերով`  5.712.550 ՀՀ դրամի հափշտակություն», «պաշտոնեական  դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն» եւ այլն, ապա կատարվել է հետեւյալը․ 
Հրայր Թովմասյանի վարորդին ԴԱՀԿ պետն ընդունել է իր ծառայությունում աշխատանքի եւ հրամանագրել է նրան: Թերեւս նրա համար, որ մարդը մի քիչ հավելավճար ստանա՝ 4 տարվա ընթացքում 5 միլիոն դրամի չափով, այսինքն՝ ամսական 100 հազար դրամի չափով։

Իհարկե, խախտում է եւ պետական բյուջեից չնախատեսված ծախս, բայց արդյոք ավելի օրինակա՞ն են այն բոլոր միլիոնավոր դրամի հավելավճարները, որ այսօր ստանում են պետական համակարգում աշխատողներն ու պատգամավորները, քաղաքապետարանի աշխատակիցներն ու համայնքային ծառայողները, որոնք արդեն 100 միլիոն դոլարը գերազանցող գումար են ստացել պետական բյուջեից, ընդամենը 2 տարվա ընթացքում։ Հիմա ի՞նչ՝ վաղն եկող իշխանությունն էլ է գործեր հարուցելու եւ պետական միջոցների վատնում, հափշտակություն եւ այլ որակումներով մեղադրանքներ առաջադրելու այսօրվա իշխանավորներին։ Ընդ որում, մեղադրանքներ առաջադրվել են եւ Հրայր Թովմասյանին, եւ Միհրան Պողոսյանին, եւ վարորդին։ Այսինքն՝ միջնորդողը, որոշողը, եւ այդ որոշումից օգտվողը պատժվելու են, անգամ եթե չպատժվեն՝ ստիպված են լինելու ամբողջ գումարը հետ վերադարձնել։

Երիտասարդ իշխանավորները չհասկացան, որ ամենագործող կանոնը բումերանգի օրենքն է՝ սկզբում դու ես քարեր նետում, հետո գալիս է քարերը հավաքելու ժամանակը։