Ժողովրդավարության երաշխավոր դաշինքն ընդդեմ ժողովրդավարական Ուկրաինայի

Ժողովրդավարության երաշխավոր դաշինքն ընդդեմ ժողովրդավարական Ուկրաինայի

Ուկրաինական երկրորդ «Մայդան»-ի ժամանակ (2014 թվական) հասարակական կազմակերպություններից մեկի 10 տարվա աշխատակիցն էի՝ միաժամանակ դրա անդամը: Ու չնայած ընդդիմադիր էի, բայց Դոնբասի և հատկապես Ղրիմի հարցում ընդդիմության տեսակետին չէի: Որովհետև Ղրիմը տրվել էր Ուկրաինային ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանին: Ինչևէ, 2014 թվականի դոնբասյան պատերազմի ժամանակ Ուկրաինայի օդային տարածքում խփվեց մալայզիական մարդատար օդանավը՝ տանելով 298 մարդու կյանք: Արևմտյան երկրներն ահագին ջանքեր գործադրեցին՝ ռուսական կողմին մեղադրելու նպատակով:

Բայց դա հակատրամաբանական էր, քանի որ ո՛չ Դոնբասի և ո՛չ էլ ՌԴ ղեկավարությանը պետք չէր խնդիրներ ունենալ ողջ աշխարհի հետ: Բայց ուկրաինական կողմի կողմից դա սադրանք էր, որ կարող էր օգտագործվել ընդդեմ ռուսների: Ի դեպ, դեպքի վերաբերյալ միջազգային քննությունն ավարտվել էր և գործը հանձնվել էր նիդերլանդական դատարան: Որքան հասկանում եմ, ռուս-ուկրաինական երկրորդ պատերազմը խանգարել է դրա ընթացքին. համենայն դեպս դատաքննության վերաբերյալ առկա չէ որևէ տեղեկատվություն: 

Նույն երևույթը, բայց ավելի փոքր մասշտաբով, առկա է երկրորդ ռուս-ուկրաինական պատերազմում: Ուկրաինացիներն անընդհատ կազմակերպում են սադրանքներ՝ գցելով դրանք ռուսների վրա: Դա հասկանալի է. նրանք վարվում են «Պատերազմում ինչպես պատերազմում» (խորհրդա-ռուսական գրական ստեղծագործություն և գեղարվեստական կինոնկար) թևավոր խոսքի տրամաբանությամբ: Նույն տրամաբանությամբ նոյեմբերի 15-ի կեսգիշերին Լեհաստանի Լյուբլինի շրջանի վրա ընկած և երկու լեհի մահվան և 1 տրակտորի ոչնչացման պատճառ դարձած հրթիռները (2 հատ) հայտարարվեցին ռուսական: Անմիջապես հրավիրվել է Լեհաստանի կառավարության՝ ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի նիստ, որը ենթադրաբար պետք է ավարտվեր հակառուսական հիստերիկ հայտարարուիթյամբ: Եվ Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղված կոչով՝ գործողության մեջ դնել դաշինքի կանոնադրության 5-րդ կետը, որի համաձայն դաշինքի ադամները պետք է հարձակվեին Ռուսաստանի վրա:

Նույն ժամերին G20-ի գագաթնաժողովի կազմից G7-ի երկրների ղեկավարները հավաքվել են առանձին նիստի: Բայց քանի որ հրթիռների արձակման ուկրաինական հետքն այնքան ցայտուն է եղել, որ արևմտյան առաջատար երկների ղեկավարները չհամարձակվեցին մեղադրել Ռուսաստանին: Իսկ լեհական կառավարության հանդիպումն ավարտվել էր մամուլի խոսնակի՝ լրագրողներին ուղղված՝ չհաստատված տեղեկատվություն հրապարակելուց զերծ մնալու խնդրանքով: Եվ քանի որ ռուսներին մեղադրել չի ստացվել՝ ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «չկա որևէ հաստատում, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպը դիտավորյալ գործողությունների արդյունք է»։

Պարոն Ստոլտենբերգի հայտարարությունը մեկնաբանեմ այսպես. հրթիռների ռուսական հետքի բացակայության պայմաններում դրանց արձակումը որպես դիտավորյալ գործողություն դիտարկելը կնշանակեր, որ Ուկրաինան հրթիռակոծել է ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի տարածքը: Ինչը նշանակում է, որ արդեն հիշատակված՝ դաշինքի կանոնադրության 5-րդ կետի համաձայն արևմտյան արժեքների և ժողովրդավարության երաշխավոր դաշինքն իր ողջ հզորությամբ պետք է հակահարված տար ժողովրդավարական Ուկրաինային: