Թոշակը բարձրացնում են 3 հազարով, զրկում 18 հազար դրամ նպաստից

Թոշակը բարձրացնում են 3 հազարով, զրկում 18 հազար դրամ նպաստից

«Հրապարակ» թերթի հարգելի՛ խմբագրություն, Ձեր թերթի միջոցով ուզում եմ բարձրացնել սոցիալական ապահովությանը վերաբերող մի հարց: Վերջերս, ՀՀ կառավարության հրամանով, ՀՀ քաղաքացիների` արդեն հաստատված թոշակներին ավելացավ 3 հազար 500 դրամ: Այս ավելացումը հերթական ձեւական գործողությունն էր, քանի որ կենսաթոշակին ավելացած այդ 3 հազար 500 դրամը բնավ սոցիալական ապահովության խնդիր չի լուծում։

Կառավարությունը դեռ մի բան էլ հարվածում է այն թոշակառուների բյուջեին, ովքեր, հաշմանդամության 2-րդ կարգ ունենալու եւ միայնակ ապրելու փաստով պայմանավորված, ստանում էին նաեւ 18 հազար դրամ սոցիալական նպաստ: Իհարկե, այդ նպաստը չէր ապահովում թոշակառու-նպաստառուի բարեկեցությունը, բայց, ինչպես ասում են, նրանք ամսվա վերջում ծայրը ծայրին էին հասցնում, իսկ եթե այդ ծեր մարդը, որ նաեւ մի քանի հիվանդություն ունի եւ դեղորայք պիտի գնի, պարբերաբար հայտնվում է դեղատան ապառիկ գնումների ցանցում․․․ Շնորհակալությո՛ւն այդ դեղատներին, որ ապառիկ՝ «նիսյա» դեղորայք են տրամադրել այդ թոշակառու նպաստառուներին:

Բոլորին է հայտնի, որ նպաստ ստանալու համար պետք է նպաստառուի միավորները համապատասխան լինեն որոշակի սանդղակի, այդ որոշակի սանդղակը՝ արտահայտված երկնիշ թվերով, ապահովում է նաեւ նպաստառուի անվճար բուժումը կամ բժշկական հետազոտությունը, իսկ եթե երկու նիշ իջնում է, ուրեմն, նպաստառուն զրկվում է նպաստից կամ անվճար՝ պետպատվերով բուժվելու ու հետազոտվելու հնարավորությունից: Այս ծավալուն առաջաբանը գրեցի, որպեսզի մեր կառավարության համապատասխան աշխատակիցները խորհեն, թե որն է եղել թոշակների ավելացման նպատակը՝ բարելավե՞լ թոշակառուների սոցիալական վիճակը, թե՞ մի բան էլ նվազեցնել այդ չնչին ապահովությունը, որը պետությունը «հոգում» է իր ծեր եւ հիվանդ քաղաքացիների հանդեպ:

Ես ուզում եմ բերել մի բացահայտ օրինակ. թոշակառու-նպաստառու քաղաքացին, որ, դիցուք, ստանում էր 46 հազար 600 դրամ կենսաթոշակ, այս վերջին բարձրացումով նրա կենսաթոշակն ավելացավ 3 հազար 500 դրամով եւ դարձավ 50 հազար 100 դրամ, իսկ նպաստ ստանալու համապատասխան սանդղակն իջավ երկու միավորով, եւ նպաստառուն զրկվեց նպաստից: Որո՞նք են թոշակը բարձրացնելու իմաստն ու նպատակը, եթե պետությունը թոշակը բարձրացնում է 3 հազար 500 դրամով եւ զրկում նպաստից, մինչդեռ 46 հազար 600+18 հազար դրամ նպաստ = 64 հազար: Թոշակառու-նպաստառուն 3 հազար 500 դրամի դիմաց կորցնում է 15 հազար դրամ, որը հիմնականում ծախսում է դեղի եւ կոմունալ ծախսերի համար։

Մի առիթով վարչապետը կենսաթոշակները բարձրացնելու մասին խոսելիս, հավանաբար պաշտոնապես, հայտարարեց, որ թոշակների բարձրացումը չի ազդելու նպաստ ստանալու վրա, այսինքն՝ տվյալ դեպքում այս թոշակառու-նպաստառուները չպետք է զրկվեն նպաստից, մինչդեռ, ինչպես վերը նշվեց, մարդիկ զրկվում են այդ 18 հազար դրամ նպաստից, եւ ստացվում է այնպես, որ թոշակառուների բարձրացված թոշակը փոխանակ գոնե մի քիչ բարելավի նրանց սոցիալական վիճակը, մի բան էլ պակասեցնում է ամենամսյա եկամուտը…

Հարգելի՛ խմբագրություն, խնդրում եմ՝ բարձրացրե՛ք այս հարցը կառավարության եւ սոցապնախարարության առաջ, որպեսզի նրանք պարզաբանում տան այս իրավիճակի վերաբերյալ եւ, վարչապետի խոստման համաձայն, թոշակառու-նպաստառուներին չզրկեն սոցիալական նպաստից:

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս