Ատեստավորման գործընթացը կշարունակվի նաեւ հաջորդ տարի

Ատեստավորման գործընթացը կշարունակվի նաեւ հաջորդ տարի

Այս տարի փորձարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996-ը, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,8 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, ստանում է 30-50 տոկոս հավելավճար՝ հոկտեմբեր ամսից սկսած:

Հաջորդ տարվա կամավոր ատեստավորմանը կմասնակցեն արդեն 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Հայտերի ընդունումը կսկսվի 2022 թվականի մայիսից, սեպտեմբերին կլինի գիտելիքի ստուգումը, որի արդյունքներով՝ հոկտեմբերից կտրվեն հավելավճարները:
Տարվա ընթացքում վերսկսվել է նաեւ ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստման գործընթացը` էապես փոխելով մոտեցումը: Մասնավորապես, երաշխավորվել են 48 կազմակերպություն եւ շուրջ 30 դասընթաց։ Ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու կազմակերպություններից որեւէ մեկը կամ դասընթացների միջոցով ինքնուրույն հավաքելու կրեդիտներ, դիմելու եւ ատեստավորվելու։

Ատեստավորման գործընթացում կրճատվել է թղթաբանությունը, ներդրվել են թվայնացման բաղադրիչներ։ Ավելի քան 7 հազար ուսուցիչ վերապատրաստվել է, ներկայում ընթանում են պարտադիր ատեստավորման գործընթացները տարածքային եւ հանրապետական հանձնաժողովների կողմից։ Գալիք տարի կատեստավորվի շուրջ 14000 ուսուցիչ։