Էդմոն, գնա Հ1 վերջապես

Էդմոն, գնա Հ1 վերջապես

Էդմոն, լոռեցու մասին մի հին ու բարի անեկդոտ կա, պատմեմ՝ լսիր: Ուրեմն էս լոռեցին պոյեզից եդանալիս ա ըլըմ: Հեւիհեւ պլատֆորմ ա հասնըմ, տենըմ ա պոյեզը չկա: Էդ վախտ մի ֆորմով մարդ ա կողքիցն անց կենըմ.

- Ա կներեք, թիֆլիսկին ապազդանի ա տալիիիի…

- Վայ, ապո ջան, թիֆլիսկին 5 րոպե առաջ գնաց…

- 5 րոպե՞… դե լավ ա շատ չեմ եդացել:

Ինչո՞ւ պատմեցի: Պարոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստանի» գնացքը գնացել է: Դու «եդացել» ես: Ապո, դու այլեւս Նիկոլի գնացքի ուղեւորն ես, հետեւաբար, հանգիստ նստիր տեղդ ու սպասիր, որ այդ գնացքը շարժվի ու քեզ ինչ-որ տեղ հասցնի: Հա, պաշտոնից-բանից էլ կտա, յոլա կգնաս: Թե չէ սրա-նրա դեմքին թռչելով ի՞նչ տես անիլ: Էդ ներվային ջղաձգումներդ ինձ լրիվ հասկանալի են: Հեշտ չէ լինել Նիկոլի ուղեւորը: Բոլորը նրան ուշունց են տալի, անպատվում, թքում, մրում: Էդ ամեն ինչից մի որոշակի չափաբաժին էլ ուղեւորներին է հասնում: Բա ի՞նչ, բա համ ուզում եք Նիկոլի պոյեզը նստել, համ էլ չվճարե՞լ: Փողով չե՞ս վճարի՝ Նիկոլը քեզ կփչացնի, կգցի փողոց: Եվ հիմա արդեն, երբ Նիկոլի հետ նույն պոյեզով ես գնում, պիտի կիսես Նիկոլի բոլոր պարտություններն ու ձախողումները, պիտի անմռունչ տանես ու քեզ վրա վերցնես նաեւ Նիկոլին ուղղված բոլոր տեսակի ողջույնները՝ որ կայարանում էլ դրանք հնչեն:

Սովորական մարդու կյանքում, պարոն Մարուքյան, հիմնականում երեք նշանակալի հանգրվան կա՝ ծնունդը, ամուսնությունը եւ մահը: Քո պարագայում, ապո ջան, այդ երեք հանգրվանների միջեւ լիքը ուրիշ հանգրվաններ կան, որ արհեստական ձեւով, այսինքն՝ դրսից են ներմուծվել քո կյանք: Օրինակ՝ ինչո՞ւ հանկարծ Վիկտոր Դալլաքյանը խոսեց խաղատներում Սերժի դրած կոների մասին, ու հենց դու դարձար Վիկտորի փոխարեն ԱԺ անկախ պատգամավոր: Ա մենակ ասես ոչ՝ վանաձորցիներն ընտրեցին: Չեմ հավատա: Չեմ հավատա, որովհետեւ ինքս էլ վանաձորցի եմ ու քո անունը լսել եմ ԱԺ-ում հայտնվելուց հետո միայն: Խոստովանիր, որ Սերժի պոյեզով հասար Ըրեւան: Երանի Թիֆլիսում էլ Միքայել Մինասյանի նման մի բարի մարդ լիներ ու մեր Գիքորին «բան-ման» սովորեցներ: Այդ ինչպե՞ս պատահեց, Էդմոն ջան, որ Երեւանում քո առաջ լայնորեն բացվեցին հայտնի մեդիամագնատի լրատվամիջոցների ու հեռուստաալիքների դռները… Ամեն օր նույն կաստում-շլվարով տարբեր եթերներում էինք քեզ տեսնում: Էն, որ ասում են՝ ֆանտաստիկ հաջողություն, հենց դա է, բայց դա դեռ ամբողջը չէ:

Վանաձորցի իրավաբան Էդմոն Մարուքյանը կուսակցություն ստեղծեց Երեւանում: Ո՞վ քեզ օգնեց այդ հարցում, պարոն Մարուքյան: Իսկ գուցե այն օրերին, երբ հիմնադրվում էին ՔՊ-ն ու ԼՀ-ն, Հայաստանն իսկապե՞ս ժողովրդավար երկիր էր, ազատ, ով ինչ ուզենար հիմնել՝ թույլ էին տալիս: Բա ֆանտաստիկ չէ՞, երբ երկու նորելուկ կուսակցություն «Ելք» դաշինքով նախ մտնում են Երեւանի ավագանի, իսկ հաջորդ իսկ ԱԺ ընտրություններով՝ նաեւ խորհրդարան: Էդմոն, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ էր քեզ բրթում այդ ժամանակ: Նկատի ունեմ՝ առաջ բրթում:

Անխուսափելիորեն վրա հասավ նաեւ «Ելք» դաշինքի վախճանը: 2018թ. դեկտեմբերի ընտրություններում Նիկոլն այլեւս իմքայլական վարչապետ էր, իսկ Էդմոն Մարուքյանը Նիկոլի բաց թողած ծխից զզվող «ինքնուրույն եւ հպարտ» լուսավորչական: Ո՞վ էր Էդմոնին ֆինանսավորում այդ ընտրարշավում: Նա շատ թանկ, եթե ոչ ամենաթանկ ընտրարշավն էր կազմակերպել: Էդմոնի մեծադիր լուսանկարներով ֆուրգոնները մինչեւ այսօր աչքիս առաջ են: Ինչքա՞ն ծախսեցիր, Էդմոն… Պատմությունը լռում է այդ մասին, Էդմոնը՝ եւս: Կարեւորը, ինչպես ասում են, արդյունքն է: ԼՀ-ն այդ տարի, եթե չեմ սխալվում, 17 մանդատ ստացավ խորհրդարանում: Նիկոլը դա բացատրեց իր կազմակերպած մաքուր ընտրություններով: Էդմոնը չվիճեց, եւ հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ով էր շարունակում բրթել Էդմոնին՝ թավշյա հեղափոխությո՞ւնն էր դա, թե՞ մեկ այլ աներեւույթ ձեռք: Եվ մի հարց մոռացա տալ․ պարոն Մարուքյան, կասե՞ս ով էր Արման Բաբաջանյանը եւ ինչպես հայտնվեց քո ցուցակում: Դու, իհարկե, հաճախ էիր հյուրընկալվում Արմանի 1-ին լրատվականում, բայց մի՞թե դա պատճառ էր, որ օտարերկրյա գործակալ Արմանին գրեին քեզ վրա ու բերեին խորհրդարան: Ո՞վ էր քեզ ու Արմանին միասին բրթում: Առաջ:

Հարցերը շատ են, պարոն Մարուքյան: Մանե Թանդիլյանի պորտֆելն ի՞նչ գնով հայտնվեց Փաշինյանի ձեռքում: Բա սա հարց չի՞: Քո թույլտվությամբ ես պատասխանեմ՝ որ դու, Էդմոն, դառնաս Նիկոլի գրպանի ընդդիմություն եւ կապիկություն անես ԲՀԿ-ի դեմ: Վայ, ես քո ֆանտաստիկ ցավը տանեմ: Հետո ՍԴ-ն քանդեցիք Նիկոլի հետ… թե բա իրավաբան: Բա մեկ հատիկ ստորագրություն տայիք ձեր ընդդիմադիր գործընկեր ԲՀԿ-ին, որ գործը հասներ ՍԴ-ին, ու Նիկոլը չկարողանար կոտրել ԲՀԿ-ին: Չարեցիք: Հետո՝ պատերազմ, թելից կախված Նիկոլ, խառնակ իրավիճակներ: Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլի հրաժարականն էր պահանջում, ամեն ինչ գնում էր դրան: Նույնն էին պահանջում կաթողիկոսը, նախագահը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը: Էդմոնն էլ պահանջեց Նիկոլի հրաժարականը, բայց մի նախապայմանով, որ խորհրդարանն իրեն ընտրի վարչապետ: Ու սկսվեց: Էդմոնը վազվզում էր նախագահի նստավայրի եւ Նիկոլի բունկերի միջեւ: Լոռեցիք դրան «մուծիկուլի» են ասում:

Սրանից խոսք էր տանում նրան, նրանից խոսք բերում սրան, արանքում սուրճ-մուրճ խմում, մինչեւ որ հաջողացրին արտահերթ ընտրությունների գաղափար մեջտեղ բերել: Եվ ինչպե՞ս իրեն պահեց Էդմոն Մարուքյանն այդ ընտրություններում… Օ՛, ավելի լավ է մի հարցրեք: Նա այլեւս անթաքույց որդեգրվեց Նիկոլին՝ չհամարձակվելով նույնիսկ խորհրդարանական ընդդիմությանը վայել քարոզարշավ անցկացնել: Ո՞ւր մնացին ֆուրգոններդ, Էդմոն: Մեգաֆոնն առած՝ կանգնում էիք դատարկ բակերում ու վերին հարկերի լուսամուտներից կախված հետաքրքրասեր մարդկանց հետ գյալաջի անում: Չկա՞ր, արդյոք, պայմանավորվածություն Նիկոլի հետ, որ չխանգարեք նրան 21թ. հունիսի արտահերթ ընտրություններում: Ինձ թվում է՝ կար: Ինձ ավելի վատ բան էլ է թվում: Ինչքանո՞վ քեզ գնեց Նիկոլը, Էդմոն, արդյոք քեզ առանձի՞ն գնեց, քո կուսակիցներից թաքուն, թե՞ «Լուսավոր Հայաստանին» բիրիքով լցրեց իր գնացքը:

Հետեւանքներն իրենց սպասեցնել չտվին: ԼՀ-ն դուրս մնաց խորհրդարանից, իսկ մի քանի ամիս անց՝ նաեւ Վանաձորի ավագանուց: Ճահճաջրի երեսին այսօր Նիկոլի կողքին մի երեւացող ճակատ կա, եւ այդ ճակատն Էդմոնն է: Ինչքան ողջույն-մողջույն կա, հիմա նրանց են ուղղում մարդիկ, ինչը բնական է: Եվ իզուր է Էդմոնը ջղաձգվում, սպառնում դատի-մատի տալ մարդկանց: Դե, Ռուբեն Հայրապետյանին ո՞նց դատի կտա: Դատարանում միամիտ դիմացը ելնի՝ ինսուլտ կստանա: Ու մեկ էլ ֆեյսբուքներում է պտտվում, արձագանքում իր անունը շոշափող գրություններին, երբեմն էլ «սպառնըմ» դուբինկեքով տղերք ուղարկել իր ֆանտաստիկ կենսագրությունը փորփրողների վրա:
Ավարտեմ մի նեղ մասնագիտական եւ միեւնույն ժամանակ խիստ անբռնազբոսիկ հարցով:

Էդմոն, դու պետք է Հ1-ով առանձին հաղորդում վարես՝ քեզ մոտ կստացվի: Հավատա ինձ, խնդրում եմ, ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա, եւ Հ1-ն է ցամաքի այն վերջին պատառիկը, ուր հանգրվանում են Պետրոսն ու պետրոսները: