Թիթեռնիկի կյանքով

Թիթեռնիկի կյանքով

Խելացի ու հեռատես ազգերն ապրում եւ աշխատում են հեռանկարի վրա, մակերեսային ու անհեռատես ազգերն ապրում են օրով: Ահա` Կասկադում ծառեր կտրեցին, աղմկեցինք, զայրացանք, անցանք առաջ: Ողջ երկրով հետեւեցինք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին: Խաղ, որի ընթացքն ու արդյունքը վերածվել էին հայ-թուրքական հակամարտության մինիմոդելի, եւ ողջ ազգը, շունչը պահած, հետեւում էր դրան: Իսկ ժամեր անց այն այլեւս ոչ մեկին չէր հետաքրքրում, որովհետեւ նոր թեմա էր հայտնվել օրակարգում՝ ՏԻՄ ընտրությունները: Մի ամբողջ օր հասարակության ակտիվ հատվածը հետեւում էր այդ ընտրություններին, հատ-հատ հաշվում էր քվեատուփերից հանվող քվեաթերթիկները: Եվ հաջորդ օրն էլ չէր թաքցնում իր հիասթափությունը` 2 համայնքներում` Սիսիանում եւ Անիում գրանցված արդյունքների կապակցությամբ:

Հասարակության ակտիվ հատվածը քննադատում, հայհոյում էր ՔՊ-ին ձայն տվողներին: Բայց կանցնի մեկ օր, դա էլ կանցնի պատմության գիրկը, եւ մենք կմոռանանք, թե ինչն էր երեկ մեզ հուզում, անհանգստացնում, ոգեւորում կամ հուսահատեցնում: Իհարկե, մարդկային բնույթն է այդպիսին` օրվա հոգսով ապրել, տհաճություններն ու վշտերն արագ մոռանալ, որ առաջիկայում սպասվելիք ողբերգություններին ու կորուստներին հնարավոր լինի դիմանալ: Բայց քանի դեռ մենք այս բոլոր տհաճ ու ողբերգական դեպքերից դաս չենք քաղում եւ ապրում ենք մեկ օրվա կյանք ունեցող թիթեռնիկի նման, այդ ողբերգությունների, կորուստների շարանը վերջ չի ունենալու: Քանի դեռ մենք չենք բռնել ծառ հատող ձեռքը, ընտրություններում ուժեղ թեկնածու չենք առաջադրել, տհաս ու տգետ համայնքապետին տուն չենք ճանապարհել, նորից ունենալու ենք ծառ կտրողներ, պարտված ընտրություններ, պնակալեզ համայնքապետեր: